
Թուրքիան ևս մտադիր է օտարերկրյա գործակալների մասին օրենք ընդունել
Թուրքական իշխանությունները օտարերկրյա ազդեցությանը հակազդման մասին օրինագիծ են պատրաստել, որը նախատեսվում է ընդունել մոտ ժամանակներս: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված օրենքի նախագծին։
Վերջինիս տվյալներով՝ օրենքը նպատակ ունի հակազդել բոլոր նրանց, ովքեր աշխատում են «պետության անվտանգության կամ նրա ներքին և արտաքին քաղաքական շահերի դեմ»՝ այլ երկրի կամ օտարերկրյա կազմակերպության ազդեցության տակ կամ հրամանով:
Օրենքի խախտման համար պատիժը կկազմի մինչև 7 տարի ազատազրկում: Bloomberg գործակալությունը կարծում է, որ նման քայլը կարող է օգտագործվել այլախոհության ճնշման համար, ինչը մտահոգություններ է առաջացնում որոշակի սոցիալական խմբերի և կազմակերպությունների շրջանում:
Համանման օրինագիծ մայիսի 14-ին ընդունել էր Վրաստանի խորհրդարանը։ Այս իրադարձությունը խստորեն քննադատվել էր Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից։ Հասարակական կազմակերպությունները բազմիցս հայտարարել էին, որ օրենքի ընդունման դեպքում չեն գրանցվի օտարերկրյա գործակալների ռեեստրում, քանի որ արդարացի չեն համարում իշխանությունների այն պնդումը, թե քաղհասարակության ներկայացուցիչները համարվում են օտարերկրյա ուժի շահեր սպասարկողներ։
Վրաստանի իշխանությունները պնդում են, որ օրենքը հարկավոր է միայն ֆինանսական թափանցիկության համար, իսկ արտասահմանից ֆինանսավորումը «նշանակում է արտաքին շահերի իրականացում»:
Լուսանկարը՝ Nicole Tung/Bloomberg
Մեկնաբանել