
Հայացքը թիրախին․ աղջիկները սպորտային հրաձգությունում
Կրակագծում ես։ Աշխարհը շուրջբոլորդ լռում է։ Միայն դու ես ու տասը մետր այն կողմ՝ թիրախը։ Կարգավորում ես շնչառությունդ, կանգնում վստահ։ Ձգանը սեղմում ես զգուշորեն։ Կրակոց։ Չեմպիոնական կրակոց։
Այս արարողակարգը Գոհարին ու Նարեին ծանոթ է դեռ 11-12 տարեկանից։ Սպորտային հրաձգությամբ զբաղվել նրանք սկսել են տարբեր հանգամանքներում, կրակում են տարբեր զենքերով ու տարբեր տեխնիկայով, տարբեր են նաև բնավորությամբ, բայց երկուսն էլ հստակ գիտեն՝ ամեն անգամ թիրախը խոցում են հանուն չեմպիոնության։
Գոհար Հարությունյանը 10 տարի է՝ զբաղվում է սպորտային հրաձգությամբ։ 10մ վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի հնգակի չեմպիոն է, միջազգային սպորտի վարպետ, Հայաստանի բազմակի մեդալակիր։ 11 տարեկանում թիրախի առաջ հայտնվել ու զենքը ձեռքն է վերցրել պապիկի խորհրդով։ Դե, երևի այլ ելք չունես, երբ պապիկդ հրաձգության անվանի մարզիչ Գագիկ Մելոյանն է։
«Երբ մարզիկը գալիս է, իր քաշին համապատասխան զենք են առաջարկում, ինձ փայտից զենք տվեցին։ Հետո զենքս գնալով ծանրացավ»,- հիշում է Գոհարը։
Վազող թիրախ մրցաձևի զենքերը մինչև 5.5 կգ են։ Ասում է՝ ժամանակի ընթացքում ֆիզիկապես ամրանում ես, չես էլ զգում ծանրությունը, ավելի բարդ է հոգեբանորեն պատրաստվելը։
«Մրցումներին քո հոգեբանական վիճակը ավելի կարևոր է, քան ֆիզիկականը։ Կարող է ֆիզիկականը մի քիչ թերի լինի, բայց դու հոգեբանորեն պատրաստ լինես, ավելի լավ կրակես»,- բացատրում է հրաձիգը։
Գոհարն ասում է՝ հրաձգությունը կենտրոնացում ու հանգստություն է պահանջում։ Մարզիչը՝ Գագիկ Մելոյանն է սովորեցրել, որ կրակագծում հայտնվելուն պես պետք է մոռանաս ամեն ինչ։ Ընկերները գիտեն, որ երբ Գոհարը նայում է թիրախին, նրան շեղել հնարավոր չէ։ Ընդգծում է՝ դա նաև կյանքում է օգնում, երբ կարողանում ես կարևոր պահերին սառը գլխով որոշումներ կայացնել։
«Եթե ես չսիրեի հրաձգությունը, էլ չէի գա։ Հենց սկսեցիր մտածել, որ սպորտը քո աշխատանքն է, ինձ թվում է՝ արդեն ոչ մի բան չի ստացվի. պիտի նվիրվես»,- ասում է Գոհարը։
«Հրաձգարանը (Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը) ուղղակի մեր տան մոտ էր։ Էնպես ստացվեց, որ մի օր եկա հրաձգարան, զենքը տեսա, ու արդեն վերջ, իմն էր»,- հիշում է Նարե Գաբրիելյանը։
8 տարի է՝ նույն հրաձգարանում Նարեն կրակում է ատրճանակով, վերջին երկու տարիներին միջազգային մեդալներ է նվաճում։ Միջազգային կարգի սպորտի վարպետ է, ԱՊՀ խաղերի փոխչեմպիոն, հրաձգության համաշխարհային Գրան պրիի հաղթող ու բրոնզե մեդալակիր։
Փոքր ժամանակ ատրճանակն է ընտրել, որովհետև թեթև էր, բայց եթե նորից ընտրելու լիներ, էլի ատրճանակը կընտրեր։
Ասում է՝ շատ զգացմունքային ու բռնկուն է, ինչը հրաձիգին բնորոշ չէ, բայց կրակագծում փորձում է հանգստություն պահպանել, որովհետև գիտի՝ հրաձգությունը հանգստության մասին է։
«Հաջողության է հասնում այն հրաձիգը, որը կարողանում է հավասարակշություն պահել ու հանգստությամբ 60 անգամ կատարել 60 կրակոց»,- ասում է հրաձիգը։
Նարեն շեշտում է՝ հրաձգությունը նաև աղջկա սպորտաձև է, իրենք էլ ապացուցում են, որ լավ հրաձիգ կարող է լինել նաև կինը։
Առջևում միջազգային տարբեր մրցաշարեր են, Նարեն Եվրոպայի ու աշխարհի չեմպիոնության է ձգտում, մտածում է Օլիմպիական խաղերին մասնակցելու մասին ու հստակ ասում է՝ գնում է դեպի ոսկին ու առաջին հորիզոնականը։
Մեկնաբանել