HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

1.4 մլրդ դոլար՝ ինն ամսում. որտեղից է Կառավարությունը «հայթայթում» պետական պարտքի տոկոսավճարների ու մարումների գումարները

Պետական պարտքի աճին զուգահեռ Հայաստանի կառավարությունը պետական բյուջեից և նոր ներգրավվող պարտքերի հաշվին մեծ ծավալի տոկոսավճարներ և մայր գումարի մարումներ է իրականացնում։ Դրանք հաճախ ավելի մեծ բեռ են դառնում բյուջեի համար  և ավելի շատ գումարներ խլում, քան կրթությանը, առողջապահությանը և այլ ոլորտներին ուղղվող գումարներն են։ Միայն տոկոսավճարները խլում են տարեկան պետական բյուջեի մոտ 10%-ը։

Այս տարվա ինն ամիսներին (2024 հունվար-սեպտեմբեր) Կառավարությունը շուրջ 560 մլրդ դրամ է արդեն ծախսել պետական պարտքի տոկոսավճարների ու մայր գումարների մարումների համար։ Այսօրվա փոխարժեքով այն կազմում է 1.4 մլրդ ԱՄՆ դոլար։ 192 մլրդ դրամ է ծախսվել ներքին (121 մլրդ դրամ) ու արտաքին (71 մլրդ դրամ) պարտքի տոկոսավճարների գծով, 368 մլրդ դրամ՝ մայր գումարների (ներքին պարտք՝ 248 մլրդ դրամ, արտաքին՝ 120 մլրդ դրամ)։ Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարությունից։

Բայց սա դեռ ամենը չէ։ Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Սամվել Խանվելյանը «Հետք»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարվա չորրորդ եռամսյակում՝ հոկտեմբեր-դեկտեմբերին,  Կառավարությունը մոտ 121 մլրդ դրամ դեռևս պետք է ուղղի տոկոսավճարներին և 70 մլրդ դրամ՝ մայր գումարներին։ 

Այս գումարները պետական բյուջեից են տրամադրվում՝ հարկատուների գրպանից։ Սակայն, որպես կանոն, այդ բյուջեն՝ հավաքագրված հարկերը, տուրքերը և այլն, չեն բավականացնում երկրի համար անհրաժեշտ ծախսերին, այդ թվում՝ պետական պարտքի տոկոսներն ու մայր գումարները մարելուն։ Պետությունը կրկին պարտք է վերցնում արտաքին ու ներքին աղբյուրներից պլանավորված ծախսերը անելու համար։ Ոչ ուղղակիորեն ստացվում է, որ պետական պարտք է վերցվում նաև ավելի վաղ վերցված պարտքերը մարելու համար։ Ինչպես ցույց են տալիս տվյալները, այս տարի բյուջեի դեֆիցիտը փակելու համար Կառավարությունը հիմնական հույսը ներքին պարտքի վրա է դրել։ 

Մասնավորապես, այս տարվա առաջին ինն ամիսներին Կառավարությունը ներքին աղբյուրներից մոտ 485 մլրդ դրամի պարտք է ներգրավել։ Խոսքը գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացվող գումարների մասին է, որոնք ձեռք են բերում հիմնականում ռեզիդենտները։ Արտաքին աղբյուրներից 46 մլրդ դրամի վարկեր ու փոխառություններ են ներգրավվել միջազգային կառույցներից ու օտարերկրյա պետություններից։  

Սպասվում է, որ մինչև տարեվերջ պետական պարտքը կաճի, այդ թվում՝ արտաքին աղբյուրներից ներգրավող նոր վարկերի հաշվին։ 

Պարտքը հասել է 12.5 մլրդ ԱՄՆ դոլարի

2024 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 12.5 մլրդ ԱՄՆ դոլար։ Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության տվյալները, նախորդ տարվա վերջի համեմատ պետական պարտքն աճել է 565 մլն դոլարով կամ 5.5%-ով։ Ընդ որում, այն աճում է բացառապես ներքին պարտքի հաշվին։ 

Ներքին պարտքն աճել է 862 մլն դոլարով կամ 16.1%-ով՝ հասնելով 6.2 մլրդ դոլարի։ Նույն ընթացքում 206 մլն դոլարով կամ 3.2%-ով կրճատվել է արտաքին պարտքը՝ դառնալով 6.3 մլրդ դոլար։ Արտաքին պարտքի նվազումը նշանակում է, որ այս ընթացքում ավելի շատ մարումներ են իրականացվել, քան նոր ստացված պարտքերն են։

Ներքին ու արտաքին պարտքը աստիճանաբար հավասարվում են իրար։ Չի բացառվում, որ արդեն եկող տարի ներքին պարտքը կգերազանցի։ 2025 թվականի պետական բյուջեի նախագծի ուղերձում նշված է, որ Կառավարության պարտքի կառուցվածքում ներքին արժույթով պարտքը կշարունակի պահպանվել պատմականորեն բարձր մակարդակներում։

Արտաքին պարտքի փոքր մասը՝ 4%-ը, ՀՀ կենտրոնական բանկի պարտքն է, մնացածն ամբողջությամբ, ինչպես նաև՝ ներքին պարտքը, Կառավարության պարտքն է։

Բյուջե 2025-ով, կանախտեսվում է, այս տարվա ամբողջական տվյալներով Կառավարության պարտքը կկազմի ՀՆԱ-ի 49.8%-ը, 2025-ի տվյալներով՝ 53.5%, ինչը նշանակում է, որ այն ցածր կլինի օրենքով սահմանված 60% շեմից և բյուջեի ծախսերը կրճատելու ու նոր ծրագրեր ներկայացնելու կարիք չի լինի։

Ովքեր են պարտատերերը

Առնվազն վերջին հինգ տարիներին Հայաստանի կառավարությունը շեշտադրում է ներքին պարտքը, որն ավելացնում է շատ ավելի արագ տեմպով, քան արտաքինը։ Սա բացատրվում է առաջին հերթին փոխարժեքի տատանումների ռիսկերի չեզոքացմամբ, քանի որ ստացվում և մարվում է ՀՀ դրամով, այնպես էլ՝ սպասարկման գումարները՝ տոկոսավճարները, ներքին տնտեսությունում թողնելով։ Մյուս կողմից՝ պետական պարտքի տոկոսավճարները, որպես կանոն, ավելի բարձր են։ Այլ կերպ ասած՝ ներքին պարտքն ավելի թանկ է։ 

Ներքին պարտքը ձևավորվում է պետական գանձապետական պարտատոմսերի թողարկման արդյունքում, որոնք ձեռք են բերում հիմնական ռեզիդենտները՝ Հայաստանի քաղաքացիները։ Պետությունը այդպիսով պարտք է մնում ռեզիդենտներին։ 

Արտաքին պարտքի դեպքում իրավիճակն այլ է։ 2024 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի կառավարության արտաքին վարկերի ծավալը կազմել է մոտ 4.4  մլրդ դոլար։ Ամենախոշոր վարկատուն Համաշխարհային բանկն է՝ ի դեմս Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ, IBRD) և Զարգացման միջազգային ընկերակցություն (ԶՄԸ, IDA), որոնց բաժին է ընկնում Հայաստանի արտաքին վարկերի 37.8%-ը։ 

Հայաստանի  մյուս խոշոր վարկատուն Ասիական զարգացման բանկն է։ Հաջորդում է Եվրասիական զարգացման բանկը:

Կառավարության արտաքին պարտքի 1 մլրդ դոլարը այս պահի դրությամբ եվրոբոնդերին է բաժին ընկնում (ոչ ռեզիդենտների կողմից ձեռքբերված արտարժութային պետական պարտատոմսեր)։ Այս տարի Ֆինանանսերի նախարարությունը չի պլանավորում եվրոբոնդերի նոր թողարկում։

Փոխարենը, մեծ է հավանակությունը, որ եկող տարի այն կթողարկվի, քանի որ 2025-ին, ըստ պարտքի մարման ժամանակացույցի, Հայաստանը բավականին մեծ գումարներ պետք է վճարի թե մայր գումարի, թե տոկոսավճարների գծով։ Ու քանի որ կրկին պետական բյուջեն ներքին եկամուտներով չի կարող այդ գումարները բավարարել, նոր պարտք ներգրավելու կարիք կլինի։ 

2025-ը՝ ծանր տարի

2025 թվականը պարտքի մարման ու սպասարկման տեսանկյունից ավելի ծանր տարի կլինի, քան այս տարին։ Ըստ այս տարվա սեպտեմբերի վերջի դրությամբ եղած պարտքի վճարումների ժամանակացույցի, որը մեզ է տրամադրել Ֆինանսների նախարարությունը, 2025 թվականին Կառավարությունը պետք է ընդհանուր առմամբ 2.3 մլրդ դոլարի տոկոսավճար և մայր գումար վճարի։ 

Դրանից 1.5 մլրդ դոլարը մայր գումարն է։ Նշված գումարի մեջ ներառվում է եվրոբոնդերի հետգնումը՝ 313 մլն դոլար, արտաքին վարկերի մարումները՝ 319 մլն դոլար և 818 մլն դոլար կպահանջվի դրամային պետական արժեթղթերի հետգնման համար։ 

Առաջիկայում ծանր տարիներիներ կլինեն նաև 2029-ն ու 2031-ը, քանի որ դրանք ևս եվրոբոնդերի հետգնման տարիներ են։ 

Այս ինֆոգրաֆիկայում պետական պարտքի վճարումների առաջիկա տասը տարվա ժամանակացույցն է։ 

Գլխավոր նկարը մշակվել է արհեստական բանականության միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter