HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բյուջե-2025. որոնք են ամենախոշոր ծախսերի ուղղությունները

2025 թվականին բյուջեի ծախսերի գերակայությունը կմնա նույնը՝ սոցիալական պաշտպանությունը։ Թոշակներն և նպաստները, պետական պարտքի սպասարկումն ու ռազմական պաշտպանությունը ծախսերի հիմնական ուղղություններն են։

Հայաստանի կառավարությունը նախատեսում է, որ 2025 թվականին պետական բյուջե կհոսեն 2 տրլն 873 մլրդ դրամի հարկեր, տուրքեր և այլ եկամուտներ։ Նույն ընթացքում ծրագրվում է ծախսել 3 տրլն 482 մլրդ դրամ։ Քանի դեռ պետական բյուջեի ծախսերը գերազանցում են եկամուտները, բյուջեում դեֆիցիտ է առաջանում. 2025-ին այն կկազմի 609 մլրդ դրամ։

Կառավարությունը սեպտեմբերի վերջին հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Այն ուղարկվել է Ազգային ժողով։ Դեռևս պետք է քննարկվի ԱԺ հանձնաժողովներում, որից հետո կհայտնվի նաև լիագումար նստաշրջանի օրակարգում։

5.6% տնտեսական աճ, հարկային եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի աճ

Եկող տարվա համար կանխատեսվող բյուջեի եկամուտները՝ 2 տրլն 873 մլրդ դրամը, 11%-ով գերազանցում է 2024-ի սպասվող ցուցանիշը: Բյուջով ամրագրված ցուցանիշները տարվա ընթացքում Կառավարության որոշումներով պարբերաբար փոփոխվում են՝ պայմանավորված տվյալ ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական վիճակով։ Սպասվող ցուցանիշը հենց փոփոխվածն է, իսկ ի սկզբանե ընդունված պլանի համեմատ բյուջեի եկամուտների աճը 5.5% կկազմի։

Բյուջեի եկամուտների առյուծի բաժինը գոյանում է հարկերից և պետական տուրքերից։ 

Հատկանշական է, որ այս տարվա համար սպասվող հարկերի ցուցանիշին Կառավարությունը չի հասել, քանի որ հարկերը թերակատարվել են։

2025-ին Կառավարությունը, մասնավորապես՝ Ֆինանսների նախարարությունը, որը բյուջեի նախագծի հեղինակն է, հույս ունի երկրում ապահովել 5.6% տնտեսական աճ և դրա հաշվին ունենալ բյուջեի եկամուտների աճ։

«2025 թվականի պետական բյուջեի եկամուտները ծրագրելիս օգտագործվել են այն մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումները, որոնք էական ազդեցություն ունեն առանձին եկամտատեսակների բազայի ձևավորման կամ հաշվարկման վրա», - նշված է բյուջեի ուղերձում։

2024 թվականի համար Կառավարությունն արդեն 5.8% տնտեսական աճ է ակնկալում՝ թեև ավելի վաղ հայտարարվում էր առնվազն 7%-ի մասին։

Հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում Կառավարությունը նաև ակնկալում է ապահովել հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավում՝ 25% թիրախին։

Հարկային եկամուտների աճին զուգահեռ Կառավարությունը պլանավորում է ավելացնել նաև ծախսերը։ 2025 թվականին ծախսերը կկազմեն 3 տրլն 482 մլրդ դրամ, որը 2024 թվականին բյուջեով ընդունված ծախսերը գերազանցում է 8.6%-ով։ 2 տրլն 749 մլրդ դրամը ընթացիկ ծախսերն են, մնացած 733 մլրդ դրամը՝ կապիտալ ծախսերն են։ 

Բյուջեի ծախսերի գերակայությունները մնում են նույնը։

2025 թվականի պետական բյուջեի ծախսերի ամենախոշոր ուղղությունը կլինի սոցիալական պաշտպանությունը։ Սա ներառում է ծերության կենսաթոշակները, պետության կողմից կուտակային կենսաթոշակային համակարգին ուղղվող գումարները, անաշխատունակության, վատառողջության և այլ տեսակի նպաստները։ Պլանավորված է 2025 թվականին սոցիալական պաշտպանությանն ուղղել 906 մլրդ դրամ, որը բյուջեի ամբողջ ծախսերի 26%-ն է։ 2024 թվականին հաստատված բյուջեի համեմատ 2025-ին սոցիալական պաշտպանությանն ուղղվող ծախսերը կավելանան մոտ 14%-ով։ Ավելացող ծախսերը հիմնականում ծերության կենսաթոշակների և կենսաթոշակ կուտակող քաղաքացիների կենսաթոշակային հաշվին կուտակային հատկացումների գծով է։ 

Ծախսերի երկրորդ խոշոր ուղղությունն ընդհանուր բնույթի հանրային ծառայություններն են։ Այս տողով պլանավորված է ծախսել 771 մլրդ դրամ, աճը՝ 13.6%։ Սա ներառում է օրենսդիր և գործադիր մարմիններին ու պետական կառավարման մարմիններին, այդ թվում՝ մարզպետարաններին հատկացվող գումարները, որոնք ուղղվում են տվյալ կառույցների ընթացիկ ծախսերին՝ տեխնիկական հագեցվածության բարելավում, կառավարման ապահովում և այլն։ Այս տողի ներքո են նաև ֆինանսական և հարկաբյուջետային ոլորտին, արտաքին հարաբերություններին ուղղվող գումարները։ Սակայն, ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ամենամեծ մասը ուղղվում է պետական պարտքի տոկոսավճարներին։ Մասնավորապես, Կառավարության պարտքի տոկոսներին 2025 թվականին պետք է ուղղվի 394 մլրդ դրամ։ Համեմատության համար՝ 2024-ին այս ուղղությամբ ծրագրված գումարը 323 մլրդ դրամ է։

Ծախսերի երրորդ խոշոր ուղղությունը պաշտպանության ոլորտն է։ 2025 թվականի բյուջեով ծրագրված է պաշտպանության ոլորտին ուղղել 668 մլրդ դրամ, որը 2024-ի պլանավորված ցուցանիշը գերազանցում է 19.9%-ով։ Մասնավորապես, ռազմական պաշտպանությանը կուղղվի մոտ 661 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 550 մլրդ դրամի դիմաց։

Ռազմարդյունաբերական համակարգի զարգացման գծով նախատեսվում է հատկացնել 5.7 մլրդ դրամ։ «Ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ պաշտպանության և անվտանգության համակարգերի զարգացմանը, մասնավորապես իրականացնել գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացում պաշտպանության համակարգի ապահովման համար»,- նշված է բյուջեի ուղերձում:

Ծախսային ուղղությունների մեջ ամենափոքրը շրջակա միջավայրի պաշտպանությունն է։ 

Ինչպես կլրացվի դեֆիցիտը

ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 5.5%-ի չափով և 609 մլրդ դրամ է: Բյուջեի պլանավորված ծախսերը կատարելու համար Կառավարությունը պարտք կվերցնի՝ ներքին ու արտաքին։ Կթողարկվեն պետական պարտատոմսեր, ինչպես նաև՝ վարկեր կվերցնեն միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից։ Մասնավորապես, մոտ 255.8 մլրդ դրամը կներգրավվի ներքին աղբյուրներից՝ պետական արժեթղթերի թողարկումից։ 

Դեֆիցիտի մյուս մասը՝ 353.6 մլրդ դրամը, արտաքին աղբյուրներից կներգրավվի։

Մեկնաբանություններ (1)

HARUN
Пенсия по инвалидности 36000 драм для инвалида сироты который питается плохо и в долгу перед хостелом лучше бы было бы здорово чтобы платили 500 тысяч драм и + квартира или частный дом

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter