HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Առաջին կիսամյակում պլանավորվածից 117 մլրդ դրամով պակաս հարկ է հավաքագրվել

2024 թվականի առաջին կիսամյակում (հունվար-հունիս) Հայաստանի պետական բյուջե են մուտքագրվել մոտ 1 տրլն 188 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Կառավարությունը և մասնավորապես՝ Ֆինասների նախարարությունն ու Պետական եկամուտների կոմիտեն պլանավորել էին այս ժամանակահատվածում հավաքագրել 1 տրլն 305 մլրդ դրամ։

Այդպիսով, բյուջեի հարկային եկամուտները թերակատարվել են 9%-ով կամ ավելի պարզ ասած՝ պլանավորվածից 117 մլրդ դրամ քիչ է հավաքագրվել։ Այս մասին են վկայում Ֆինանսների նախարարության հաշվետվությունները բյուջեի կատարողականի մասին։

Հարկերի թերհավաքագրումը սկսվել է տարեսկզբից։ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը կարծում է, որ դա պայմանավորված է կանխատեսումների համեմատ տնտեսական ավելի թույլ ցուցանիշներով։

«Հարցն այն է՝ արդյոք տարվա սկզբում ճի՞շտ ենք պլանավորել, հաշվի առե՞լ էինք, որ ինչ-որ բաներ այլ կերպ է լինելու, թե՞ իրական տնտեսության հետ կապված խնդիրներ կային։ Ես կարծում եմ, որ պլանավորման հետ կապված խնդիրներն են»,- հուլիսի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց Մարտին Գալստյանը։

Հարկերի թերակատարումը Կառավարությունը փաստի առաջ է կանգնեցնում։ Երբ սպասվածից քիչ փող է հոսում բյուջե, գործադիրը ստիպված է լինում ճշգրտել նաև ծախսերը։ ԿԲ նախագահի դիտարկմամբ՝ ծախսերի ճշգրտում առաջիկայում կլինի, բայց՝ ոչ մեծ չափով։ Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ ծախսերը ևս թերակատարվում են։

«Մենք ունենք տարածք պետական պարտքը ավելացնելու համար և տարածք բյուջեի մի քիչ ավելի մեծ դեֆիցիտով աշխատելու տեսանկյունից։ Կարծում եմ՝ Կառավարությունը խելամիտ հարաբերակցությունը կգտնի։ Թույլ կտա հարված չհասցնել տնտեսական ակտիվությանը, ավելի մեղմ լինել»,- ասաց Մարտին Գալստյանը։

2023 թվականի առաջին կիսամյակի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտներն ու պետական տուրքերը, ըստ Ֆինանսների նախարարության հաշվետվությունների, աճել են 4.7%-ով կամ 52 մլրդ դրամով։ Այս հաշվարկներում հիփոթեքի գծով վարկառուների վերադարձվող եկամտային հարկը հաշվարկվում է ոչ թե որպես բյուջեի եկամուտ, այլ ծախս, քանի որ այդ գումարը, փաստացի, չի մնում բյուջեում։ Առաջին կիսամյակում վարկառուներին է վերադարձվել 32 մլրդ դրամի եկամտային հարկ։ 

Առաջին կիսամյակում աճել են բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի, եկամտային հարկի ու շահութահարկի գծով մուտքերը: Հակառակ դրան՝ հարկերի շուրջ 5% անկում է գրանցվել ավելացված արժեքի հարկի գծով: Այն պայմանավորված է հիմնականում Հայաստան ներմուծվող ապրանքներից ստացված (ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից) մուտքերի նվազմամբ։ Այդ անկումը էական բացասական ազդեցություն է թողնում հարկերի ընդհանուր ծավալի վրա, քանի որ դրանց կազմում ԱԱՀ-ի տեսակարար կշիռը բավականին մեծ է՝ մոտ 28%: Կարելի է ասել, որ հարկերի թերակատարումն առաջին հերթին ԱԱՀ-ի գծով բյուջե մտնող հարկերի նվազմամբ է պայմանավորված։

Դեռևս առաջին եռամսյակի (2024 հունվար-մարտ) տվյալներն ամփոփելիս արդեն պարզ էր, որ 2023 թվականին հարկերի հավաքագրման բավականին բարձր նշաձող է սահմանվել, այսօր նույնքան արագ չեն աճում հարկերը։ Հաշվի է առնվել, որ նախորդ տարի հարկերի հավաքագրումների մասով բարձր ցուցանիշներ են գրանցվել, և այս տարվա համար ևս բարձր նշաձողեր են սահմանվել։

Նախորդ տարվա բարձր բազային մեծապես նպաստել են Հայաստանից վերաարտահանումները, առավել շատ՝ ավտոմեքենաների։

«Մեծ թվով ավտոմեքենաներ են ներմուծվել Հայաստան ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ճապոնիայից, այլ երկրներից և արտահանվել Ռուսաստան։ Այդ ներմուծման ավելացված արժեքի հարկը մտնում էր պետական բյուջե։ Հիմա, երբ ավտոմեքենաների առևտուրը բավականին նվազել է, բյուջե մուտքագրվող հարկերի կտրուկ աճը դանդաղել է»,- ասում է ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։

2023 թվականի վերջերից Հայաստանի տնտեսությունում մեկ այլ ֆենոմեն է ի հայտ եկել՝ ոսկու շարժը։ Կտրուկ աճել են ոսկու և ոսկերչական իրերի ներմուծումն ու արտահանումը։ Այս ոլորտում ամենախոշոր ծավալներով աշխատող «Երևանի ոսկերչական ֆաբրիկան», որը փոխկապակցված է Սուքիասյանների ընտանիքին, արտահանվող ոսկերչական իրերը ներկայացնում էր որպես տեղական արտադրանք։

Տնտեսագետներն առաջարկում են ավելի խիստ հարկեր ոսկերչության այս ոլորտը, քանի որ այն ներկայիս տնտեսական աճի հիմքերից է։ Սակայն, այստեղ էլ Հայաստանի տնտեսությունը խնդիրների է բախվել, որը առաջիկա ամիսներին կարող է բացասաբար ազդել նաև հարկահավաքության վրա։ Վերջին վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ոսկու այս շարժը կանգնել է, և արդյունաբերությունը, որը նախ աճում էր ոսկերչության, հետո՝ հիմնային մետաղների արտադության հաշվին, այսօր խիստ թուլացրել է աճի տեմպը։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն արձանագրում է, որ տնտեսության այն կառուցվածքը, որը Հայաստանն ուներ 2023 թվականի վերջում և որի հիման վրա էլ պլանավորվել են այս տարվա հարկերը, այսօր նույնը չէ։

«Պատճառն այն է, որ աճ են արձանագրում որոշ չափով ոչ հարկունակ ոլորտները։ Երբ մենք ուսումնասիրում ենք տնտեսության աճը և հարկերի հավաքագրումը, տեսնում ենք, որ հարկերի հավաքագրումը գնում է տնտեսության աճին զուգընթաց»,- «Սիվիլնեթ»-ի հետ հարցազրույցում ասել է նախարարը։

Ըստ նրա՝ ոսկու ներմուծումն ու արտահանումը Հայաստանի տարածքով հիմա բավականին դանդաղել է, և առաջիկայում մենք տեսնելու ենք ավելի փոքր ցուցանիշներ։

«Ռուսաստանում կար արտահանման տուրք, որը նպաստել է, որ ոսկու հոսքը գնում էր Հայաստանով։ Ռուսաստանը արտահանման տուրքը հանել է, և այսուհետ այս հոսքը գնում է ոչ թե Հայաստանով, այլ ուղիղ»,- ասում է Վահե Հովհաննիսյանը։

Նրա ղեկավարած նախարարության հաշվարկներով՝ 2024-ի տարեկան տվյալներով հարկերի թերակատարումը 100 միլիարդ դրամի սահմաններում կլինի։

Բացի հարկային մուտքերից, պետական բյուջեի ընդհանուր եկամուտները ձևավորվում են պաշտոնական դրամաշնորհներից և այլ եկամուտներից, որոնք, սակայն փոքր կշիռ ունեն։ Առաջին կիսամյակում նշված աղբյուրներից բյուջե է հոսել ընդամենը 56 մլրդ դրամ։ Այդպիսով, բյուջեի ընդհանուր եկամուտներն առաջին կիսամյակում կազմել են մոտ 1 տրլն 244 մլրդ դրամ՝ պլանավորվածի համեմատ թերակատարվելով ուղիղ 8%-ով։

Ծախսերը ևս թերակատարվել են՝ 12.5%-ով (կատարողականը՝ 87.5%):

Բացի ԱԱՀ-ից, հարկերի ընդհանուր կազմում հաջորդ երկու խոշոր հարկատեսակներն են՝ շահութահարկն ու եկամտային հարկը։ Առաջին կիսամյակում, ըստ Ֆինանսների նախարարության, մոտ 321 մլրդ դրամի եկամտային հարկ է հավաքագրվել, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 18.6%-ով։ Շահութահարկը կազմել է մոտ 246 մլրդ դրամ՝ աճելով 4.4%-ով։

Հիշեցնենք, որ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով խոշոր հարկատուների հարկերի աճը ևս դանդաղել է։ 2024թ. հունվար-հունիսին Հայաստանի 1000 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել 900.4 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Ինչպես վկայում են Պետական եկամուտների կոմիտեի տվյալները, նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ խոշոր հարկատուների հարկերն աճել են 25.9 մլրդ դրամով կամ 3%-ով։ Մինչդեռ 2023-ին խոշորների հարկերն աճում էին երկնիշ տեմպով, մասնավորապես՝ առաջին կիսամյակում 21%-ով։ 

«Հայաստանի հարկային համակարգի և հարկահավաքության վերլուծությունը ցույց է տալիս, որ երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև»

Տնտեսագետ Աղասի Թավադյանը վերլուծել է Հայաստանի հարկային քաղաքականությունն ու վերջին տասը տարիների վիճակագրությունը։ Ըստ նրա՝ 2018 թվականից Կառավարության որդեգրած հարկային քաղաքականությունն այսօր անցանկալի արդյունքներ է տալիս։

«Կառավարության՝ հարկահավաքությունը որպես հիմնական արդյունավետության ցուցանիշ (KPI) դիտարկելու մոտեցումը սկզբնապես դրական արդյունքներ է տվել: Այս մեթոդը աշխատում էր 2018, 2019 և 2020 թվականին, երբ բավականին մեծ քանակությամբ կազմակերպություններ դուրս եկան ստվերից և սկսեցին վճարել եկամտահարկ: Սակայն, այժմ այս մոտեցումը սկսել է հանգեցնել անցանկալի հետևանքների: Կառավարությունը, ձգտելով ապահովել հարկային մուտքերի շարունակական աճ, դիմում է նոր հարկատեսակների ներդրման կամ գոյություն ունեցող հարկերի դրույքաչափերի բարձրացման»,- նկատում է տնտեսագետը:

Նա որպես ամենաթարմ օրինակ է ներկայացնում «Հետք»-ի տեղեկությունը, ըստ որի՝ Ֆինանսների նախարարությունը հիփոթեքային վարկերից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը կրկին հարկելու թեման է քննարկում։ 

«Տնտեսագիտության մեջ հայտնի Լաֆֆերի կորի գաղափարը ցույց է տալիս, որ հարկային բեռի շարունակական ավելացումը որոշակի կետից հետո կարող է հանգեցնել հարկային մուտքերի նվազման: Սա կարող է տեղի ունենալ, քանի որ բարձր հարկերը կարող են խթանել ստվերային տնտեսությունը կամ նվազեցնել տնտեսական ակտիվությունը»,- նշում է Աղասի Թավադյանն իր հրապարակած վերլուծության մեջ։

Հարկային մուտքերի աճի տեմպերի դանդաղումը, անուղղակի հարկերի հավաքագրման անկումը և կապիտալի արտահոսքը, ըստ նրա, վկայում են, որ անհրաժեշտ է վերանայել ներկայիս հարկային քաղաքականությունը: Նոր հարկատեսակների ներդրումը կամ գոյություն ունեցող հարկերի դրույքաչափերի բարձրացումը կարճաժամկետում կարող են ապահովել լրացուցիչ մուտքեր, սակայն երկարաժամկետում կարող են խոչընդոտել տնտեսական աճը և ներդրումների ներգրավումը:

Ինչպես նշեցինք, այս տարի թերակատարվում են ոչ միայն բյուջեի եկամուտները, այլև ծախսերը, որին կանդրադառնանք հաջորդ հոդվածում։ 

Գլխավոր լուսանկարը՝ primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter