HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Սուքիասյաններին փոխկապակցված ֆաբրիկան մտափոխվել է. ոչ թե ոսկերչությամբ է զբաղվում, այլ հիմնային մետաղների արտադրությամբ

Հայաստանում ոսկերչության ոլորտը վերջին կես տարում, ըստ պաշտոնական վիճակագրության, «ծաղկում էր»։ Մինչդեռ իրականում մեկ ընկերություն պարզապես մեծ ծավալների վերաարտահանմամբ է զբաղված։ Խոսքն օֆշորային ծագմամբ «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ի մասին է, որը փոխկապակցված է ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հարազատներին։

Ըստ վիճակագրության՝ ոսկերչական արտադրանքի, այդ թվում՝ զարդերի ծավալն անգամներով աճել էր Հայաստանում, ինչն անտրամաբանական էր՝ հաշվի առնելով Հայաստանում այս ոլորտի փոքր ռեսուրսները՝ մասնագետների պակասից մինչև հումքի ձեռքբերման խնդիրներ։ 

Արդեն այս տարվա ապրիլից նույն վիճակագրության մեջ երևում է, որ ոսկերչական զարդերի արտադրանքի ծավալները խիստ նվազել են։ Ավելին՝ Վիճակագրական կոմիտեն (ՀՀ ՎԿ) վերանայել է նաև նախորդ ամիսների տվյալները։ Օրինակ՝ եթե ըստ առաջին հրապարակման ոսկերչական արտադրանքի ծավալը հունվարին կազմել էր 47 մլրդ դրամ և նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել 11.3 անգամ, ապա ըստ վերանայված տեղեկագրի՝ այն կազմել է ընդամենը 2.3 մլրդ դրամ և նվազել 49.5%-ով։

Բայց քանի որ նշված արտադրանքը չէր կարող հօդս ցնդել, Վիճակագրական կոմիտեն և, ըստ երևույթին, «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ն մտափոխվել են և որոշել, որ ֆաբրիկայի արտադրանքը ոչ թե ոսկերչական զարդ է կամ ոսկերչական այլ արտադրանք, այլ հիմնային մետաղների արտադրության ոլորտին դասվող արտադրանք։

«Այստեղ և հետայսու, սույն ցուցանիշների տվյալների ճշգրտումները պայմանավորված են ռեսպոնդենտի կողմից 2024թ. ապրիլ ամսվա հաշվետվության ներկայացման ժամանակ հունվար ամսվա տվյալների ճշգրտմամբ՝ կապված տնտեսական գործունեության տեսակների 24 և 32 ծածկագրերով հատվածների միջև վերադասակարգման հետ»,- նշված է Վիճակագրական կոմիտեի ապրիլ ամսվա տեղեկագրում:

Ըստ դասակարգիչների՝ նշված 24 ծածկագրով հիմնային մետաղների արտադրության մեջ ներառվում է նաև ոսկին՝ «Ոսկի չմշակված, կիսամշակված կամ փոշու տեսքով» տողով։ Սակայն, այստեղ որևէ խոսք չկա ոսկերչական իրերի կամ զարդերի մասին։ 

Այլ կերպ ասած՝ մեկ ընկերություն իր ներկայացրած խոշոր տվյալներով խառնել է ամբողջ վիճակագրությունը։ Արդյունքում ընկերությունն ու Վիճկոմիտեն մտափոխվել են ու վերանայել արդյունաբերության տվյալները։

Հաշվի առնելով Հայաստանում ոսկերչության ոլորտի փոքր ռեսուրսները՝ ենթադրվում է, որ «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ն պարզապես վերաարտահանում է դրսից ներմուծված արտադրանքը, և այն տեղական արտադրանք համարելը խիստ վիճելի է։ Այստեղից էլ, հավանաբար, առաջացել է այս վիճակագրական շփոթը։ Այս ամենի արդյունքում աղճատվում է նաև տնտեսական աճի վիճակագրությունը։

Արդյունաբերությունը հիմա էլ պաշտոնական թվերով շարունակում է աճել, բայց արդեն ոչ թե ոսկերչության հաշվին, այլ՝ փաստորեն հիմնային մետաղների արտադրության։ 

Մասնավորապես, Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով, որտեղ կարելի է տեսնել արդյունաբերության բացվածքը, 2024 թվականի հունվար-ապրիլին հիմնային մետաղների արտադրությունը կազմել է 246 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 4.6 անգամ։ 

Հունվար-մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11.2%-ով. ՎԿ

2024 թվականի հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11.2%-ով։ Միայն մայիսին այն կազմել է 5.2%` կտրուկ դանդաղելով նախորդ ամիսների համեմատ (տե՛ս ինֆոգրաֆիկան):

Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի տվյալները (ՀՀ ՎԿ), տնտեսության խոշորացված ոլորտներից ամենաարագն աճում է առևտրաշրջանառությունը։ Հաջորդում է արդյունաբերությունը։

Շինարարությունը ևս երկնիշ աճ է գրանցում։ Իսկ ծառայությունների ոլորտի աճը խիստ դանդաղել է։ 

Այսպես, այս տարվա առաջին 5 ամիսներին առևտրի շրջանառությունը կազմել է 2.2 տրլն դրամ, որը նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ աճել է 24.6%-ով։ Ընդ որում՝ նախորդ ամիսների տվյալները ցույց են տալիս, որ մեծածախ առևտուրն ավելի արագ է աճում, քան մանրածախը։ 

Արդյունաբերությունն աճել է 22%-ով՝ կազմելով 1.2 տրլն դրամ։ Նախորդ տարվա նոյեմբերից գրանցվող բարձր աճը շարունակվել է մինչև այս տարվա մարտ։ Ապրիլից աճի տեմպն ընկել է։ Մեր տեղեկություններով՝ ապրիլ և մայիս ամիսներին Երևանի ոսկերչական ֆաբրիկան ավելի «համեստ» ցուցանիշներ է գրանցում։

Շինարարության աճը կազմել է 14.9%։ Հինգ ամսում Հայաստանում մոտ 151 մլրդ դրամի շինարարություն է կատարվել։ Տարվա ընթացքում՝ ամսական կտրվածքով, ոլորտի աճն արագացել է։

Հունվար-մայիսին ծառայությունների ոլորտի աճը կազմել է 3.7%, իսկ ծավալը՝ մոտ 1.3 տրլն դրամ։ Այստեղ ևս տեմպերի անկում է նկատվում դեռևս 2023 թվականից։ 2022 թվականին ծառայությունների ոլորտի «բումը», որը մեծապես պայմանավորված էր ռուսաստանցիների ներհոսքով, չի պահպանվել։

Գյուղատնտեսության տվյալները հրապարակվում են միայն եռամսյակային կտրվածքով։ 2024-ի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 3.7%-ով` կազմելով 87 մլրդ դրամ։  

Վերջին մեկ տարվա կտրվածքով տնտեսության ոլորտներում ծավալների փոփոխության ամսական դինամիկան ամփոփված է ինֆոգրաֆիկայում։

 

Արտահանումն աճել է 2.5 անգամ

Վերաարտահանումների հաշվին դեռևս երկու տարի առաջ սկսված արտահանման բարձր աճը շարունակվում է նաև այսօր։ Ըստ ՎԿ-ի՝ 2024 թվականի հունվար-մայիսին արտահանումը Հայաստանից կազմել է մոտ 7.1 մլրդ դոլար։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ այն 2.5 անգամ աճել է։ 

Նույն ընթացքում ներմուծումն աճել է 99.6%-ով՝ կազմելով 9.3 մլրդ դոլար։ 

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter