HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վաչե Գաբրիելյան. «Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների էական խաթարումները ծանր գին կունենան մեր էկոնոմիկայի համար»

«Հետք»-ի զրուցակիցն է Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

2023 թվականի նոյեմբերից սկսած Հայաստանի արդյունաբերության ոլորտում «տպավորիչ» աճեր են գրանցվում։ «Հետք»-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դա մեծ մասամբ ոսկերչության ոլորտում գործող մեկ ընկերության ներկայացրած ռեկորդային արտադրանքով է պայմանավորված։ Ոսկերչության ոլորտի այդ աճն էլ իր հերթին տնտեսական աճի վրա է էական ազդեցություն թողնում։ Հիմնավոր համարու՞մ եք վարկածը, որ սա ընդամենը դրսից եկած և վերաարտահանված արտադրանք է։ Եվ այդ դեպքում ինչու՞ է այն որպես տեղական արտադրանք հրամցվում։

Ես տեղյակ չեմ, որ Հայաստանի ոսկերչության ոլորտում որևէ գործարան ունի այնպիսի հզորություններ կամ տեխնոլոգիաներ, որոնք այդքան արտադրանքի աճի թողարկման կարողություն ունենան։ Որպեսզի դու կարողանաս 10-14 անգամ ավելի շատ արտադրանք տալ, պետք է քո հզորություններն առնվազն այդքանով մեծացած լինեին, աշխատակիցների թիվը կտրուկ ավելացած լիներ։ Քանի որ այս ամենը չի երևում այլ ցուցանիշներում, նշանակում է՝ վերաարտահանում է։

Եթե իսկապես աշխատանք է արվում այդ ոսկերչական արտադրանքի վրա, ռեսուրս է ծախսվում, և ավելացված արժեք է ստեղծվում, ապա դա կարող է ներառվել տեղական արտադրանքի մեջ։ Բայց դրան զուգահեռ պետք է այդ ոլորտի աշխատակիցների և հզորությունների ծավալը ավելացած լիներ նույնքան կտրուկ։

Այս առումով, վերջին տարիներին դիպուկ օրինակ է ավտոմեքենաների վերաարտահանումը։ Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանը ներմուծում է ավելի էժան ավտոմեքենաներ, այստեղի վարպետները դրանց վրա աշխատում են, ծառայություններ են մատուցում՝ այդ ընթացքում նաև նոր հմտություններ ձեռք բերելով և ավելի թանկ գնով արտահանում են։ Սա կարող է հաշվարկվել մեր ծառայությունների ծավալում, քանի որ հավելյալ արժեք է ստեղծվում։ 

Ոսկու, ոսկերչական իրերի, ավտոմեքենաների, ադամանդի և տեխնիկայի մեծ քանակով վերաարտահանումները դեպի Ռուսաստան որքանո՞վ են ռիսկային Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ այդ ապրանքները բերվում են Եվրոպայից և Արևմուտքից, որոնք տնտեսական պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ։ Հաճախ ընթերցողները մեր հոդվածների մեկնաբանություններում հարցնում են՝ ի՞նչ վատ բան կա, երբ հայ գործարարը կարողանում է օգտվել իրավիճակից։

Իմ կարծիքով՝ Հայաստանի գործարարների մեծամասնությունը վարում է հնարավորինս զգուշավոր քաղաքականություն, որ չխախտի պատժամիջոցները։

Մենք մինչև հիմա ունենք երկու դեպք, որ հայկական ընկերությունները անձամբ են հայտնվել պատժամիջոցների տակ։ Բայց դա զանգվածային չէ և էական չէ այս հոսքերի մեջ։ Առայժմ, հիմքեր չեմ տեսնում, որ Հայաստանը ևս կհայտնվի արևմտյան երկրների պատժամիջոցների տակ, բայց ոչ թե այն պատճառով, որ դրանք անհնար են, այլ դա միանգամից տեղի չի ունենա, եթե անգամ այդպիսի զարգացումներ լինեն։

Ի վերջո, ինչպես այլ երկրների մոտ, մեր սպասարկած հոսքերի ավելի մեծ հատված է հայտնվելու ուշադրության կենտրոնում։  Արևմուտքը հետևողականորեն խստացնելու է բոլոր սահմանափակումները։ Պարզապես, այդ ամբողջ գործընթացում մենք առաջնային դերակատարում չունենք։ Եվ այստեղ խնդիրը չի վերաբերում միայն նրան, որ հայերը ավելի խելոք են կամ ավելի զգուշավոր, այլ տնտեսության մասշտաբների հարցն է։

Փոքր երկրների դեպքում այդ վերաարտահանումները ծավալով մեծ չեն։ Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ղազախստանը ևս դա անում են և ավելի մեծ չափերով։ Նրանք ևս ունեն իրենց սահմանափակումները, բայց, ի տարբերություն Հայաստանի, աշխատում են մեծ ծավալներով։

Օրինակ՝ խոշոր երկիրը տարեկան 100 միավորի ներմուծում է անում, եթե վերաարտահանման արդյունքում իր 100-ը դառնում է 120, որից 20-ն ուղարկում է Ռուսաստան, իր ընդհանուր ծավալում դա էական կշիռ չի ունենում։ Բայց եթե երկիրը 1 միավորի ներմուծում է անում և այդ 1-ը դառնում է 4-ը, որից 3-ը արտահանում է, դա իր ընդհանուր ծավալում մեծ տեղ է զբաղեցնում և հարաբերականորեն «աչք է ծակում», ինչպես Հայաստանի դեպքում է։ Սակայն, դրսից դիտարկվող ընդհանուր հոսքերի մեջ դա բնավ էական չէ։

Որպես կանոն, Հայաստանին արգելված չէ արտահանել այդ ապրանքները Ռուսաստան։ Դա, իհարկե, չի նշանակում, որ սահմանափակումներ չկան, որ մեր մասին մոռացել են, որ պատժամիջոցների վտանգ չկա։

Վտանգ միշտ կա, որը պետք է և՛ Կառավարության, և՛ ֆինանսական համակարգի, և՛ մաքսային ծառայության ուշադրության կենտրոնում լինի։

Խոսքը, մասնավորապես, երկակի նշանակության ապրանքների մասին է, որ հետագայում Ռուսաստանը կարող է օգտագործել ռազմարդյունաբերության մեջ։

Ի՞նչ պետք է անեն Ձեր նշած կառույցները, որ այդ վտանգները մի օր Հայաստանին էլ պատժամիջոցներին չմոտեցնեն, որից հետո կզրկվենք այն ապրանքներից, որոնք օգտագործում ենք, օրինակ, մեր պաշտպանության ոլորտում։ Մեր բանկային համակարգը ևս լայն թափով սպասարկում է ռուսաստանցիներին, որն ի դեպ վերջին երկու տարիներին բանկերի ռեկորդային շահույթի հիմքն է։ Այստեղ ռիսկեր կա՞ն։

Սկսենք ֆինանսական համակարգից։ Հայաստանյան բանկերն այսօր անարգել սպասարկում են ռուսաստանցիներին, քանի որ որևէ արգելք չկա նրանց մատուցվող ծառայությունների մասով։ Անգամ, եթե հայկական բանկը փորձի արգելված ծառայություններ մատուցել ռուսաստանցիներին, թղթակից բանկերը՝ եվրոպական, ամերիկյան և այլն, չեն ընդունի այդ գործարքները։ Վառ օրինակը «Միր» քարտերի սպասարկումների դադարեցումն է։ Հայկական բանկերը ստիպված էին դադարեցնել այդ քարտերի սպասարկումը, քանի որ թղթակից բանկերը այդ համակարգը սպասարկող բանկերի հետ այլ հարաբերություններ կունենան։

Ինչ վերաբերում է առևտրային հոսքերին, այդտեղ հիմնական գործիքը մաքսային հսկողությունը պետք է լինի։ Կրկին կարևորագույն խնդիր է երկակի նշանակության ապրանքերի վերահսկումը։ Օրինակ, Հայաստանը մեծ քանակությամբ չիպեր չէր ստանում ու էապես ավելացված ծավալներ չի արտահանում, այդքան մեծ ռիսկեր չկան, բայց այդ հարցը պետք է ուշադրության կենտրոնում լինի։

Ինչ-որ մի տնտեսվարող կարող է դա անել, բայց քանի որ ցանկացած գործարք ուղեկցվում է ֆինանսական բաղադրիչով, ապա այդ գործարքին սպասարկող փոխանցումներ բանկերը կարող են չանել։ Սակայն, տնտեսական հոսքերից դատելով՝ նման բան չկա։

Բիզնեսի կենսունակության տեսակետից վերաարտահանումը դրական երևույթ է։ Ոսկերչությունը խիստ սպեցիֆիկ է։ Խոսքը վերաբերում է ավելի շատ ծառայությունների ոլորտին, այդ թվում՝ ֆինանսական ծառայություններին։

Կան գորշ զոնաներ, որոնցում արգելք չկա։ Նույն տրամաբանությամբ՝ եվրոպացիները շատ լավ գիտակցում են, որ Ադրբեջանից գնում են ռուսական գազ։ Ադրբեջանն ունի, դիցուք, 100 միավոր գազ արդյունահանելու ռեսուրսներ, որից 50-ը սպառում է տեղական շուկայում, մյուս 50-ը՝ արտահանում դուրս։

Հիմա որքան որ արդյունահանում է՝ 100 միավորը, այդքանն էլ վաճառում է եվրոպացիներին։ Այդ դեպքում ինքն իր պահանջարկը ինչպե՞ս է բավարարում, եթե ամբողջն արտահանում է։ Իրականում, ինքը մնացած 50-ը գնում է Ռուսաստանից։ Ստացվում է, որ Եվրոպան  Ռուսաստանից միջնորդավորված գազ է գնում։ Երբ այդ մասին հարցնում ես եվրոպացիներին, պատասխանում են, որ իրենք ուղիղ միջոցներով գումարներ չեն փոխանցում Ռուսաստանին, և իրենց համար դա է կարևորը։

Եվրոպայում բոլորը գիտեն, որ իրենց Ադրբեջանը ռուսական գազ է վաճառում, բայց աչք են փակում, որովհետև իրենց ձեռնտու է այդպես։ Ասում են՝ դա վատ է, բայց մենք անում ենք, որովհետև չունենք այլընտրանք։

2022 թվականի ապրիլից Հայաստանի տնտեսությունը երկնիշ տեմպով աճում է։ 2023-ին և այսօր տեմպերի որոշակի դանդաղում է նկատվում, բայց աճ, ամեն դեպքում կա։ Փաստերով ապացուցված է, որ ռուսաստանցիների ներհոսքը, Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումներն ու վերաարտահանումները այդ աճի հիմնական շարժիչ ուժն են։ Մի կողմից, կարծես, անմտություն կլիներ իրավիճակից չօգտվել, մյուս կողմից՝ մտավախություն չկա՞, որ մենք արդեն իսկ կախվածություն ենք ձեռք բերել այս արտաքին գործոններից և մի օր «դատարկ» տնտեսության առաջ ենք կանգնելու, երբ այդ գործոնները այլևս չլինեն։

Վատ է արդյոք, որ որոշակի կոնկրետ հատվածում, դրսևորելով օպորտունիստական վարքագիծ (պատեհապաշտ) լավ իմաստով, հայ տնտեսավարողները և հայկական տնտեսությունը օգուտներ են քաղել։ Այս առումով՝ ոչ, քանի որ եթե հնարավորություն կա, պետք է օգտագործել։ Որոշ տնտեսավարողներ աշխատել են մեծ գումար։ Դրա հետևանքով նրանք նաև հարկեր են վճարել։ Սա այս տեսակետից դրական երևույթ է, քանի որ կան տնտեսավարողներ, որոնք ի վիճակի են կարճաժամկետ երևացող հնարավորություններից օգտվել և դրանով, եթե թափանցիկ են աշխատում, պետական ֆինանսներին աջակցել հարկերի տեսքով։

Այսինքն՝ օպորտունիստական աճը բացառել պետք չէ, պետք է տրված հնարավորությունները օգտագործել։ Դա Խորհրդային միության տարիներին վատ բառ էր։ Պետք չէ օպորտունիզմին նայել միայն բացասական տեսակետից։ Այն բացասական է, եթե դարձել է հիմնական կենսակերպ։

Երկարատև առումով մենք հետաքրքրված չենք օպորտունիստական աճով։ Մեզ մոտ, կարծում եմ, դա դեռևս չի դարձել հիմնական կենսակերպ, բայց տնտեսական աճը մենք ունենք դրա հաշվին, որովհետև տնտեսական աճը չէր կարող 2-3 անգամ գերազանցել մեր տնտեսական աճի ներուժը (պոտենցիալը)։

Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալի գնահատականը Հայաստանի կառավարությունը տվել է 2021 թվականի սեպտեմբերին պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս։ Այն կազմում էր 4-5%։ Դրանից հետո 2022 թվականին Հայաստանում տնտեսական աճը կազմեց 12.6%, 2023-ին՝ 8.7%:

Հնարավոր չէր, որ ձեր գնահատականները 2.5 անգամ շեղվեին։

Այդ տեսակետից կա պահային իրավիճակով ձևավորված տնտեսական աճ, որը ավելի է, քան մեր կարողությունն է։ Աճը գնում է մարման ցիկլի։ Որովհետև այլևս նման աճ՝ գեոպոլիտիկական և այլ պայմաններից ելնելով, չի շարունակվելու: Գագաթը, որը ունեցանք 2022 թվականին, 2023-ին արդեն իջնում է, 2024-ին կշարունակի իջնել։

Հիմա մի կողմից առկա հնարավորությունները օգտագործելը լավ է, մյուս կողմից եթե այդ հնարավորությունները չեն օգտագործվում կարողությունները կուտակելու վրա, դա լավ չէ։

Եվ այստեղ ամենակարևորը այս հարցն է՝ մենք կարողություններ կուտակե՞լ ենք, թե՞ ոչ։

Ինչպե՞ս գնահատել՝ կարողություններ կուտակե՞լ ենք, թե՞ ոչ։ Օրինակ՝ եթե ռեստորանի սեփականատերը, որի բիզնեսը ռուսաստանցիների գալուն պես ծաղկեց, քանի որ ռեստորանների նկատմամբ պահանջարկը կտրուկ բարձրացավ, այդ պահանջարկից ելնելով՝ բացում է երկրորդ և երրորդ ռեստորանը։ Սա համարու՞մ ենք ռեսուրսների կուտակում։

Կարողությունների կուտակման արդյունքները դեռևս չեն երևում։ Դրանք չէին կարող շատ արագ երևալ, որովհետև կարճ ժամանակ է անցել։ Կապիտալ ներդրումների արդյունքների համար մի քանի տարի է պետք։ Պետության կողմից խթանումներ եղել են բավականաչափ, բայց դրանց վերաբերյալ համակարգային հետազոտություն, որը ցույց կտա, թե ներդրված գումարները ուր են գնացել և ինչպես են ծախսվել, չկա։

Հենց այդ համակարգն էր, որը պետք է ներդրվեր և հետազոտությունները, որոնք պատճառ դարձան էկոնոմիկայի նախարարությունում բազմաթիվ խնդիրների։

Եթե նայում ենք ներդրումների տեսակետից, Կառավարությունը բազմաթիվ քայլեր է արել, որ խթանի ներդրումները տեխնոլոգիաների մեջ և այլն։ Էկոնոմիկայի նախարարության բյուջեն 7-8 անգամ մեծացել է, որպեսզի արդյունաբերական քաղաքականություն իրագործվի։ Եվ դա այն ճանապարհներից մեկն է, որ ուղղորդում է տնտեսավարողին՝ օպորտունիստական իրավիճակում ստեղծված հնարավորություններով կուտակել կարողություններ։

Հիմա մենք գիտենք, թե ինչքան է ծախսվել, բայց արդյունքն առայժմ չափել չենք կարող։

Այն գործողությունները, որոնք մենք իրականացրինք, որ հնարավորությունները դառնան կարողություններ, դեռևս արդյունք չեն տվել։ Անհնար է դատել՝ վա՞տն են եղել գործառույթները, թե՞ դեռևս ժամանակը չէ։ Դրա վերաբերյալ հստակ տվյալների առկայություն, հաշվետվություններ, հետազոտություններ չկան։

Այս պահին ես կուտակված կարողություններ չեմ տեսնում։ Չեմ ասում, որ այդ ուղղությամբ առհասարակ ջանքեր չեն գործադրվել, Էկոնոմիկայի նախարարության բյուջեն 12 մլրդ դրամից դարձել է ավելի քան 80 մլրդ դրամ։ Դա նշանակում է, որ գոնե ծախսային մասով ջանքեր գործադրվել են։

Խնդիր է, թե ովքեր են շահառուները, և որքանով է դա արդյունավետ։ Եթե համատարած բոլորի վրա չի տարածվում արդյունքը, և շահառուները միշտ լինում են որոշակի շրջանակի մարդիկ, ուրեմն արդյունքները գոհացնող լինել չեն կարող։

Որտե՞ղ է մեր տնտեսական աճը այսօր։ Առաջին հերթին՝  ծառայությունների ոլորտում։ Հիմա այս ոլորտը կուտակե՞լ է կարողություններ, մենք չգիտենք։ Ձեր բերած օրինակով, երբ ռեստորանի սեփականատերը նոր ռեստորաններ է բացվում, դա չենք կարող համարել կարողությունների կուտակում, քանի որ պահանջարկի բացակայության պայմաններում դա սեփականատիրոջը չի փրկելու։ Այդ նոր բացված ռեստորաններն այցելուներ չեն ունենալու։ Կարողությունների կուտակում կլիներ, երբ սեփականատերը վերապրոֆիլավորվեր և իր ստացած շահույթի մի մասը այլ բիզնեսում դներ, օրինակ՝ արտահանելի արտադրության մեջ։

Դուք ունե՞ք կանխատեսումներ՝ այս տնտեսական աճը որքա՞ն երկար կտևի և ի՞նչ տեմպեր կունենա։ 

Այս պահի դրությամբ դատողություններ անել տնտեսության վերաբերյալ՝ կտրվելով անվտանգային և արտաքին գործոններից, անշնորհակալ գործ կլինի։

Այսօր ունենք աճի նվազող տեմպ, բայց իմ կարծիքով՝ 2024-ին դեռևս կունենանք աճ։ Որովհետև երևույթը, որը տնտեսական աճ է բերել Հայաստան, նպաստել ծառայությունների արտահանմանն ու ապրանքների վերաարտահանմանը, դեռևս մոտ չէ մարելուն, տեմպը ընկել է, բայց դեռ ազդում է մեր տնտեսության վրա։

Այս տարի չենք ունենա բարձր աճ, բայց աճ, ամեն դեպքում, կլինի։ Հնարավորությունների բազմությունը շատ է։

Բիզնեսի համար հնարավորություններ կլինեն նաև 2024-ին, 2025-ին էլ, բայց ավելի քիչ, քան 2022-2023-ին։

Ելնելով հայ-ռուսական խիստ տատանողական հարաբերություններից՝ հստակորեն կանխատեսել, ենթադրենք, 4% կամ 5% տնտեսական աճ, նման պատասխանատվություն չեմ կարող վերցնել։ Ռուսաստանը մեր խոշորագույն տնտեսական գործընկերն է, արտահանման, ներմուծման, էներգակիրների, հիմնական արդյունաբերական ապրանքների գծով մեր մեծագույն շուկան։ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների էական խաթարումները ծանր գին կունենան մեր էկոնոմիկայի համար։ Դա ավելի ծանր կլինի, քան եթե տեսականորեն մենք խզենք դիվանագիտական և առևտրատնտեսական հարաբերությունները, ասենք, Պարսից ծոցի բոլոր երկրների հետ։

Գլխավոր լուսանկարը «Հետք»-ին է տրամադրել Վաչե Գաբրիելյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter