HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Արդյունաբերության երկնիշ աճը խիստ նվազել է

2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ, 10.4%-ով աճել է։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Ամսական կտրվածքով տվյալները ցույց են տալիս, որ տարվա սկզբում գրանցված ՏԱՑ-ի երկնիշ աճը մայիս և հունիս ամիսներին ավելի համեստ է եղել, որի հիմնական պատճառներից մեկը արդյունաբերության ոլորտում գրանցվող ցուցանիշների կրճատումն է։

Այսպես, առաջին կիսամյակի տվյալներով՝ արդյունաբերության ոլորտում գրանցվել է 18.2%  աճ, առևտրի ոլորտում՝ 22.9%, շինարարությունում՝ 15.7%, ծառայությունների ոլորտում՝ 4.4% և գյուղատնտեսությունում՝ 4%: 

Սակայն եթե այս տվյալները դիտարկենք՝ ըստ առանձին ամիսների, կտեսնենք, որ արդյունաբերության ոլորտում հունիսին գրանցվել է ընդամենը 1.4% աճ։ Մինչդեռ տարվա սկզբում այն երկնիշ տեմպով է ավելացել։ 

Արդյունաբերության ոլորտի տեմպերի նվազումը էապես բացասաբար է ազդել ընդհանուր տնտեսության վրա։ 

Ավելի վաղ գրել ենք, որ արդյունաբերության  բարձր աճերը պայմանավորված էին նախ ոսկերչության ոլորտով, հետո, երբ Վիճակագրական կոմիտեն փոփոխեց ցուցանիշների դասակարգումները, պարզվեց, որ ոլորտն աճում է հիմնային մետաղների արտադրության հաշվին։ 

Այս թնջուկը կապվում է ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հարազատներին փոխկապակցված «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ի հետ, որը 2023-ի նոյեմբերից ոսկերչական արտադրանքի աննախադեպ ցուցանիշներ է գրանցում։ Մինչդեռ իրականում ընկերությունը պարզապես մեծ ծավալների վերաարտահանմամբ է զբաղված։ Հետագայում ընկերության արտադրանքը վերահաշվարկվեց և արդեն «տեղավորվեց» ոչ թե ոսկերչական արտադրանքի, այլ՝ հիմնային մետաղների արտադրության մեջ։ 

Ինչպես կարելի է եզրակացնել հունիս ամսվա տվյալներից, Ֆաբրիկան կտրուկ նվազեցրել է արտադրանքի ծավալների ցուցանիշները, ինչի հետևանքով նույնքան կտրուկ նվազել են արդյունաբերության ոլորտի թվերը։ 

Այս ինֆոգրաֆիկայում երևում է ինչպես ՏԱՑ-ի, այնպես էլ՝ արդյունաբերության և տնտեսության մյուս ոլորտների միտումները վերջին մեկ տարում՝ ամսական կտրվածքով։ 

Ինչպես երևում է, նվազել են առևտրաշրջանառության աճի տեմպերը։ Ծառայությունների ոլորտում հունիսին աճն արագացել է։

Շինարարության ծավալների երկնիշ աճ է գրանցվում, որը պայմանավորված է հիմնականում բնակչության միջոցներով և պետական բյուջեի հաշվին կատարվող շինարարությամբ։ Կազմակերպությունների կողմից արվող շինարարության տեմպերը նվազել են։

Ինֆոգրաֆիկայում բացակայում են գյուղատնտեսության ամսական տվյալները, քանի որ դրանք հրապարակվում են եռամսյակը մեկ անգամ։

Առաջին կիսամյակում արտահանումը 2.3 անգամ աճել է

2024 թվականի հունվար-հունիսին արտահանումը Հայաստանից կազմել է 7.9 մլրդ ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 2.3 անգամ աճել է։ 

Նույն ընթացքում ներմուծումը կազմել է 10.5 մլրդ ԱՄՆ դոլար՝ աճելով 86.5%-ով։ 

Արտաքին առևտրի այս տվյալները ևս ամսական կտրվածքով դիտարկելիս երևում է, որ մայիս-հունիսին աճի տեմպերը նվազել են։ 

Տես նաև՝

Գլխավոր լուսանկարում՝ Երևանի ոսկերչական ֆաբրիկան/ @Արմենպրես

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter