Պատժամիջոցների տակ հայտնված «Ալռոսա»-ն և հայ-ռուս-արաբ ադամանդագործների շղթան
2022 թվականից՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ամիսներ անց, Հայաստանը դարձել է տարանցիկ երկիր ռուսական ալմաստի արտահանման համար։ Կտրուկ ավելացել են Ռուսաստանից Հայաստան ներկրվող և այլ երկրներ, մեծ մասամբ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանվող մշակված և չմշակված ադամանդի ծավալները։
«Հետք»-ը գործընկեր «Վյորստկա» («Вёрстка») պարբերականի օգնությամբ ձեռք է բերել Ռուսաստանից Հայաստան ալմաստի մատակարարումների ցանկը 2022-2023 թվականներին։ Պարզվում է՝ Հայաստանը ալմաստ է գնում ոչ միայն «Ալռոսա»-ից (ОАО АК АЛРОСА (ALRS)), այլև մասնավոր ընկերություններից, որոնք իրենց հերթին համագործակցում են «Ալռոսա»-ի հետ։ Այստեղ մի ամբողջ շղթա է գործում՝ ռուսական, արաբական և հայկական ընկերությունների մասնակցությամբ, որտեղ Հայաստանից ներգրավված են նաև «Հայ-ալմաստ»-ը, «Էյ.Դի.Էմ.դայմոնդս» (Աբովյանի ADM Diamonds գործարանը), «Վի-Դի-Էյ դայմոնդս» և այլ ընկերություններ:
«Ալռոսա»-ի նկատմամբ կիրառվող պատաժամիջոցները խնդիրներ են առաջացրել հայ վերավաճառողների համար:
Երբ և ինչպես ռուսական ալմաստը հայտնվեց պատժամիջոցների տակ
2024 թվականի հունվարին պաշտոնապես հայտարարվեց, որ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսական ալմաստ արդյունահանող «Ալռոսա» ընկերության դեմ։ Դրանով Եվրոպան հրաժարվում է ներմուծել այս ընկերության մատակարարած ալմաստը։ Եվրախորհրդի հրապարակած տվյալների համաձայն՝ «Ալռոսա»-ն աշխարհում ալմաստ արդյունահանող խոշորագույն ընկերություն է։ «Ալռոսա»-ն բաժնետիրական ընկերություն է, որի բաժնետոմսերի 66%-ը պատկանում է պետությանը, 34%-ը՝ ազատ շրջանառության մեջ է։ Բաժնետոմսերը վաճառվում են Մոսկվայի բորսայում։
«Ալռոսա»-ն ապահովում է ռուսական ադամանդի ամբողջ արտադրության ավելի քան 90%-ը և ռուսական տնտեսության համար էական դեր ունի իր գեներացրած եկամուտներով։ Իսկ համաշխարհային շուկայի մասշտաբով «Ալռոսա»-ի տեսակարար կշիռն, ըստ Reuters-ի տվյալների, 30% է։
Արգելքը ներառվել է ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների 12-րդ փաթեթում։
Պատժամիջոցների տակ է հայտնվել ոչ միայն «Ալռոսա»-ն, այլև նրա գլխավոր տնօրեն Պավել Մարինիչևը (Павел Мариничев), որն այդ պաշտոնին է 2023-ի մայիսից։ ԵՄ խորհուրդը համարում է, որ նրանք պատասխանատու են «գործողությունների համար, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»։
Մեծ յոթնյակի երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ֆրանսիան, Ճապոնիան և ԱՄՆ-ն, ռուսական ալմաստի դեմ փուլային պատժամիջոցների մասին հայտարարել են դեռևս 2023 թվականի դեկտեմբերին։ Քիչ ավելի ուշ նրանց են միացել նաև Եվրամիությունն ու Շվեյցարիան։
Այն, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո ռուսական ալմաստը պատժամիջոցների տակ հայտնվելու մեծ հավանականություն ուներ, հայտնի էր դեռևս 2022-ից սկզբից՝ պատերազմի սկսվելուց շատ չանցած։
ԱՄՆ-ն ևս «Ալռոսա»-ի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել ԵՄ պատժամիջոցներից շատ ավելի վաղ՝ 2022 թվականին։
Այսինքն՝ ռուսական ալմաստի նկատմամբ սահմանափակումներն ու վերապահումներն առնվազն երկու տարվա պատմություն ունեն։
Ըստ Reuters-ի՝ 2023 թվականին ռուսական ադամանդների խոշորագույն գնորդը դարձել է Հնդկաստանը։ Զգալի մատակարարումներ են արվել նաև Բելգիա, Հոնկոնգ և Հայաստան։
Թեև Հայաստանից ադամանդ և այլ ապրանքներ վերաարտահանող ընկերությունները պատժամիջոցների տակ չեն հայտնվում և համոզված են, որ ուղիղ կապ չունեն այդ պատժամիջոցների հետ, սակայն ռիսկեր, այնուամենայնիվ, կան։
Ըստ նախկին փոխվարչապետ, տնտեսագետ Վաչե Գաբրիելյանի՝ վտանգ միշտ կա, որը պետք է և՛ Կառավարության, և՛ ֆինանսական համակարգի, և՛ մաքսային ծառայության ուշադրության կենտրոնում լինի։
«Առայժմ հիմքեր չեմ տեսնում, որ Հայաստանը ևս կհայտնվի արևմտյան երկրների պատժամիջոցների տակ, բայց ոչ թե այն պատճառով, որ դրանք անհնար են, այլ դա միանգամից տեղի չի ունենա, եթե անգամ այդպիսի զարգացումներ լինեն»,- նշում է տնտեսագետը։
Նրա խոսքով՝ ի վերջո, ինչպես այլ երկրների մոտ, մեր սպասարկած հոսքերի ավելի մեծ հատված է հայտնվելու ուշադրության կենտրոնում։ Արևմուտքը հետևողականորեն խստացնելու է բոլոր սահմանափակումները։ Պարզապես, այդ ամբողջ գործընթացում մենք առաջնային դերակատարում չունենք։ Եվ այստեղ խնդիրը չի վերաբերում միայն նրան, որ հայերը ավելի խելոք են կամ ավելի զգուշավոր, այլ տնտեսության մասշտաբների հարցն է։
«Հայ-ալմաստ»-ից վստահեցնում են, որ ԵՄ-ի պատժամիջոցներից հետո ալմաստ չեն գնում «Ալռոսա»-ից
Մեր ձեռքի տակ եղած ցանկում երևում է, որ երկու տարում Ռուսաստանից Հայաստան ալմաստի մատակարարումները 2022-2023թթ. մոտ 3.6 մլն կարատ են, ընդհանուր արժեքը կազմել է մոտ 470 մլն ԱՄՆ դոլար։
Հայաստանի Մաքսային ծառայությունը դեռևս չի հրապարակել 2023-ի ներմուծման տարեկան տվյալները, սակայն միջազգային UN Comtrade Database-ի՝ Հայաստանի վերաբերյալ հրապարակած տվյալները, որոնք տարեկան են, որոշակիորեն տարբերվում են վերը նշված ցանկի տվյալներից։ Դրանք չէին կարող ճշգրտությամբ համընկնել, քանի որ ռուսական կողմից մատակարարումների ժամկետները և արդեն Հայաստանում ներմուծումների ու մաքսազերծումների ժամկետները տարբեր են։ Բոլոր դեպքերում, ընդհանուր եզրահանգումների տվյալները կարելի է համադրել։
Վերադառնալով մեր ունեցած ցանկին՝ 2023-ին մատակարարված ալմաստի առնվազն կեսի ուղիղ աղբյուրը «Ալռոսա»-ն է։ Ինչու՞ ուղիղ՝ քանի որ, ինչպես կպատմենք նյութի մյուս հատվածներում, հայ գործարարների հետ համագործակցող այլ մասնավոր ռուսական կազմակերպությունների մի մասը «Ալռոսա»-ի գործընկերներն են։
«Ալռոսա»-ն «Հայ-Ալմաստ» պետական ընկերության հիմնական մատակարարն է եղել։
«Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2021 թվականի դեկտեմբերին, Հայաստանի կառավարության որոշմամբ։ Նպատակն ադամանդագործության ոլորտի զարգացումն ու ակտիվացումն է։ «Հայ-Ալմաստ»-ը ոչ թե ինքն է մշակում ալմաստները, այլ օգնում է մյուս ընկերություններին հումք ձեռք բերել արտասահմանից, հումքը ներկրում և վաճառում է մասնավոր ընկերություններին։
Այդ ալմաստների մի մասը մշակվում և բարձր գնով արտահանվում են կրկին Ռուսաստան։ Սակայն, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, բարձր գնով ադամանդների քանակը ընդհանուր ցուցանիշում փոքր է։
«Ալռոսա»-ի մատակարարած ալմաստի մի մասի հասցեատերերը մասնավոր կազմակերպություններ են՝ «Էյ.Դի.Էմ. դայմոնդս», «Մուրադ Միրզոյան դայմոնդ», «Արսինի», «Վի-Դի-Էյ դայմոնդս», «Կրիստալիստ ընդ կո», «Նոր տեխնո» ՍՊԸ և այլ ընկերություններ։ Այս ընկերություններն ալմաստ են ներկրել ոչ միայն «Ալռոսա»-ից, այլև ռուսական մյուս մատակարարներից։
Սակայն, հաշվի առնելով փաստը, որ «Հայ-ալմաստ»-ը իր ներկրած ալմաստները վաճառում է տեղական արտադրողներին՝ ստացվում է, որ նշված ընկերությունները և ոչ միայն նրանք, «Հայ-ալմաստ»-ի միջոցով ևս կարող էին ստանալ «Ալռոսա»-ի ալմաստները։
Չնայած, որ ռուսական ալմաստի և «Ալռոսա»-ի դեմ պատժամիջոցների հարցը քննարկվում է 2022-ի ապրիլից, ինչպես նշվեց վերևում, ԵՄ-ի կողմից պաշտոնապես հայտարարվել է այս տարվա սկզբում։
«Հետք»-ի հետ զրույցում «Հայ-ալմաստ»-ի տնօրեն Տիգրան Խաչատրյանը հավաստիացրեց, որ պատժամիջոցներից հետո, այսինքն՝ 2024 թվականի սկզբից, այլևս ադամանդի հումք չեն գնում «Ալռոսա»-ից։
««Հայ-ալմաստ»-ը չի կարող ամբողջ Հայաստանի փոխարեն պատասխանել, բայց «Հայ-ալմաստ»-ը, իհարկե, չի ներկրում։ «Ալռոսա»-ի հետ չենք համագործակցում այս տարվա սկզբից։ Մենք հիմա աշխատանքներ ենք տանում աֆրիկական երկրների հետ»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։
Նա շեշտում է, որ «Հայ-ալմաստ»-ի լիազորությունների մեջ է մտնում միայն հայ ադամանդագործների համար հումք ներկրելը։
Թե դրանից հետո այդ ալմաստները ինչ ճակատագիր են ունենում՝ դառնում են մշակված ադամանդ, թե չմշակված ադամանդի տեսքով են վերաարտահանվում, «Հայ-ալմաստ»-ը լիազորված չի վերահսկելու։
Հայ-ռուս-արաբական առևտրի շղթան և դրա օղակները ու կապերը «Ալռոսա»-ի հետ
«Вёрстка»-ից ստացված ցանկից առանձնացրել ենք ալմաստի հայկական կողմի այն գնորդներին, որոնք առավել ակտիվ առևտուր են արել, ինչպես նաև՝ մշակված և չմշակված ադամանդ են արտահանում Հայաստանից։ Չի բացառվում, որ բացի ուղիղի ներմուծումներից, այս ընկերությունները նաև «Հայ-ալմաստ»-ից են գնել ալմաստ։ Հետևաբար, կոնկրետ ցուցանիշներ նշել չենք կարող։
Ավելի վաղ պարզել էինք, որ ամենամեծ ծավալի վերաարտահանողը «Էյ.դի.էմ.դայմոնդս» ՍՊԸ-ն է (ADM Diamonds LLC): Պարզվում է նաև, որ ընկերությունը գործընկերային կապեր ունի Ռուսաստանում հաստատված գործարարի և արաբական ընկերության հետ։
Ըստ պետական ռեգիստրի՝ «Էյ.դի.էմ.դայմոնդս»-ի 100%-ի սեփականատերը ներկայում Երևանի բնակիչ Արթուր Մավրիկի Օհանջանյանն է։ Մինչև այս տարվա փետրվարը, սեփականատեր են եղել ադամանդագործության ոլորտի գործարար Արտակ Բաղիկյանի ծնողները՝ Մարինե և Ասպարիկ Բաղիկյանները։ Արտակ Բաղիկյանը «Հետք»-ի հետ զրույցում ասել է, որ Արթուր Օհանջանյանն իր կնքահայրն է։ Օհանջանյանին, ինչպես երևում է, գործարանում չէին ճանաչում։ Օրեր առաջ մեր այցելության ժամանակ գործարանի անվտանգության աշխատակիցները նրա անուն-ազգանունը լսելուց հետո չհասկացան, թե ում ենք փնտրում։
Մամուլը, գործարար շրջանակները և մեր աղբյուրները ADM Diamonds գործարանի անունը կապում են ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ։ Բաղիկյանների ընտանիքը մտերիմ է պատգամավորի հետ։
Ինքը՝ Արտակ Բաղիկյանը, որն այսօր փաստացի կառավարում է գործարանը, կտրուկ հերքում է գործարանի և իր բիզնես կապերը Խաչատուր Սուքիասյանի հետ։
«Ո՛չ նախկինում, ո՛չ հիմա չի եղել մի դեպք, որ ADM Diamonds-ը որևէ առնչություն ունենա Խաչատուր Սուքիասյանի հետ։ Առնվազն զարմանալի է, առնվազն տարակուսելի է՝ որտեղից նման ինֆորմացիա։ Նույնիսկ ապշած եմ, որ մարդկանց մի խումբ նման կապ ինչ-որ ձևով տեսնում է։ Հավաստիացնում եմ՝ որևէ առնչություն չունի։ Կան շատ լավ հարաբերություններ, ինչպես բոլորի հետ։ Այդքանով ամբողջը ավարտվում է։ Կան անձնական փոխհարաբերություններ, զրո՝ բիզնես հարաբերություններ։ Չեն էլ եղել»,- մեզ հետ հարցազրույցում ասաց Արտակ Բաղիկյանը։
Հարցին, թե ի՞նչ պաշտոն է նաև այժմ զբաղեցնում «Էյ.Դի.Էմ.դայմոնդս» ՍՊԸ-ում, պատասխանեց, որ փաստացի կառավարմամբ է զբաղվում, բայց պաշտոն ներկա պահին չի զբաղեցնում։
2022-2023թթ. «Էյ.Դի.Էմ.դայմոնդս» ՍՊԸ-ն ալմաստ է գնել ինչպես «Ալռոսա»-ից, այնպես էլ՝ ռուսական այլ մատակարարներից՝ մեծ մասամբ «Իմպերիալ դայմոնդ» ՍՊԸ-ից (ООО «Империал Даймонд»), ինչպես նաև «ԴԴԿ» ՍՊԸ-ից (ООО «ДДК»), «Գլորի ԴՎ» ՍՊԸ-ից (ООО «Глори ДВ»), «Գրան-95» ՍՊԸ-ից (ООО «Грань-95»), «Միր ռուսկիյ բրիլյանտ» ՍՊԸ-ից (ООО «Мир русский бриллиант») և այլն։
Ուշագրավ է, որ «Իմպերիալ դայմոնդը» 99%-ով պատկանում է Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Գլոումոր ԴՄՍՍ» «Глоумор ДМСС» ընկերությանը և 1%-ով՝ Ռուսաստանում ադամանդագործության և շինարարության ոլորտի գործարար, ՌԴ քաղաքացի Վիտխալբխայ Ռամանին (Рамани Витхалбхай Валлабхбхай)։ «Իմպերիալ դայմոնդը» 25% բաժնեմաս ունի «ՍՏԿ» ՍՊԸ-ում (ООО "СТК"), եւ 100% «ԼԳ Դայմոնդս» ՍՊԸ-ում (ООО "ЛГ ДАЙМОНДС"):
Հայաստանից ռուսական ալմաստների վերաարտահանման շղթայում ներգրավված են ինչպես ռուս և հայ, այնպես էլ՝ Ռուսաստանում գտնվող արաբական արմատներով ընկերությունը։ «Իմպերիալ դայմոնդ»-ը ընդամենը մեկ օրինակ է:
Այստեղ կարևոր օղակ է Վիտխալբխայ Ռամանին։ Փոքր մասնակցությամբ նրան (0.01%) և հիմնական մասնակցությամբ արաբական «Գլոումոր ԴՄՍՍ»-ին (Глоумор ДМСС) (99.99%) է պատկանում ռուսական ադամանդագործության շուկայում հայտնի «ԴԴԿ» ընկերությունը։ Այս ընկերությունը և նրա դուստր «Գլորի ԴՎ»-ն (նախկինում՝ «КГК ДВ»), Հայաստանին ալմաստի հիմնական մատակարարներից են։
Ռուսական աղբյուրներում կան տեղեկություններ, որ «ԴԴԿ»-ն «Ալռոսա»-ի ալմաստների սպառողներից է։ OpenSanctions միջազգային տվյալների բազայում, որտեղ ներառվում են ընկերություններ, որոնք պատժամիջոցների տակ են կամ «ռիսկային» գոտում են՝ այս կամ այն կերպ կապված են պատժամիջոցների տակ գտնվող ընկերությունների կամ ոլորտների հետ, «ԴԴԿ»-ն ներկայացված է որպես «շահագրգիռ» կազմակերպություն։ Այն ներառված չէ պատժամիջոցների մեջ, սակայն ընդգծվում է, որ ընկերությունը հումք է գնում «Ալռոսա»-ից երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա։ Ընկերության հիմնական կոնտրագենտները Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված ընկերություններն են։ Այդ մատակարարումների տվալներում, որպես ալմաստի արտադրող, նշվում է ինչպես «ԴԴԿ» ՍՊԸ-ն, այնպես էլ «Ալռոսա»-ն։
Նշվում է, որ այս ընկերությունն առևտրային գործունեություն է ծավալում այն ոլորտներում, որոնք ռազմավարական նշանակություն ունեն Ռուսաստանի կառավարության համար և եկամուտների մեծ մասը տրամադրում են Ռուսաստանի Դաշնության բյուջեին, որը «պատասխանատու է Ուկրաինայի պատերազմի համար»:
Վիտխալբխայ Ռամանին գործընկերային կապեր ունի Արտակ Բաղիկյանի և «Էյ.դի.էմ.դայմոնդս»-ի հետ։ Բացի այն, որ Ռամանիի մասնակցությամբ, «ԴԴԿ» ընկերությունը «Էյ.դի.էմ.դայմոնդս»-ի մատակարարներից է, Ռամանին և Բաղիկյանը նաև համատեղ ընկերություն ունեն։ Նրանք հավասար սեփականատերեր են Հայաստանում գրանցված «Էյ Վի դեվելոփմենթ» ՍՊԸ-ում (AV development LLC): Այս ընկերությունը ևս ստեղծվել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից շատ չանցած՝ 2022-ի հունիսին։ Որպես ընկերության գործունեության տեսակ հարկային մարմնում նշված է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարությունը։ Այսինքն՝ հայկական կողմի հետ Վիտխալբխայ Ռամանիի համագործակցությունը ադամանդագործությամբ չի սահմանափակվում։
Սակայն, ակնհայտ է, որ Հայաստանում Ռամանիի առաջնային հետաքրքրությունն ադամանդի առևտուրն է։ 2022 թվականի ապրիլին Վիտխալբխայ Ռամանին Հայաստանում բացել է «Վի-Դի-Էյ դայմոնդս» ՍՊԸ-ն (VDA Diamonds LLC), որով էլ իրականացնում է Ռուսաստանում իր մասնակցությամբ ընկերությունների մատակարարած ալմաստի ներմուծումը Հայաստան և արտահանումը Հայաստանից։
Ցավոք, վիճակագրությունը ցույց չի տալիս՝ այդ ալմաստների հետագա ճակատագիրը։ Սակայն, փաստ է, որ Ռամանին հայկական շուկայում հաստատվել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից շատ չանցած, երբ Արևմուտքը սկսեց տարատեսակ պատժամիջոցներ սահմանել ռուսական ապրանքների և ռուս գործարարների նկատմամբ։ Հետևաբար, մեծ է հավանականությունը, որ Ռամանին իր հայաստանյան ընկերության միջոցով պարզապես ռուսական ալմաստը վերաարտահանում է այլ երկրներ։ Այդ հարցում նրա գործընկերներից են Արտակ Բաղիկյանը և «Էյ.դի.էմ.դայմոնդս»-ի հետ փոխկապակցված անձինք։
VDA Diamonds-ի պաշտոնական էջում նշված է, որ Ռամանին դեռևս 2000-ականների սկզբից համագործակցում է հնդկական հայտնի KGK Group ոսկերչական ընկերության հետ։ KGK Group-ի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարներից մեկի ներքո Ռամանին ներկայացվում է որպես ընկերության գործընկեր և գլխավոր տնօրեն։
2023-ի սկզբին էլ հայկական լրատվամիջոցները հայտնեցին, որ VDA Diamonds ընկերությունը պատրաստվում է Աբովյան քաղաքում ադամանդի մշակման գործարան բացել։ Նախագծի ներդրողը կլինի հնդկական KGK Group ոսկերչական կոնցեռնը։ Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների՝ KGK Group-ը համագործակցում է «Ալռոսա»-ի հետ։
Արտակ Բաղիկյանը վստահեցնում է, որ այն պահից սկսած երբ ռուսական «Ալռոսա»-ն հայտնվել է արևմտյան պատժամիջոցների տակ, «Էյ.դի.էմ.դայմոնդս»-ը որևէ ուղիղ գործարք չի իրականացրել վերջինիս հետ։
Հարցերին՝ արդյոք Հայաստանի համար ռիսկային չի՞ համարում այն փաստը, որ թեև հայկական ընկերությունները պատժամիջոցների տակ հայտնված «Ալռոսա»-ից հումք չեն գնում, սակայն գնում են ռուսական այն կազմակերպություններից, որոնք «Ալռոսա»-ի սպառողներ են և չի՞ բացառվում, որ այս շղթայով Հայաստան են հասնում և վերաարտահանվում «Ալռոսա»-ի ալմաստներից, Բաղիկյանը պատասխանեց, որ այստեղ ռիսկեր չկան։
«Չի եղել մի դեպք, որ ինչ-որ անձնական շահով մենք ռիսկի գնանք, իբրև թե վերավաճառքով փող ենք աշխատում։ Մեր իրավաբանները ուսումնասիրում են այն ընկերությունը, որի հետ ուղիղ առևտուր ենք անում, եթե վերջինս պատժամիջոցների տակ չէ, եթե վերջինս բարեխիղճ տնտեսավարող է, գործարք ենք կատարում։ Բայց նրանից հետո շղթայական ընկերություններին չենք կարող ուսումնասիրել, քանի որ նման իրավունք էլ չունենք, քանի որ դա կարող է հանդիսանալ տնտեսական գաղտնիք։ Եթե որևէ մեկը մեզ փորձի հարցնել, թե մենք մեր գործընկերների հետ ինչ հարաբերությունների մեջ ենք, դա տնտեսական գաղտնիք է։ Այսինքն՝ սկզբնաղբյուրը տնտեսական գաղտնիք է»,- նշում է Արտակ Բաղիկյանը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմն այս տարվա հուլիսից փաստացի դադարեցրել է Հայաստանին ադամանդի հումքի բոլոր տեսակի մատակարարումները։ Թեև այդ մասին պաշտոնապես չեն ծանուցել, սակայն գործարարներին հայտնի է դարձել, որ Հայաստանը այս տարվա երկրորդ կեսի համար չունի ալմաստի ներմուծման քվոտա։
«Այս ամիս մենք նոր պայմանագրեր չենք կնքել։ Ենթադրվում է, որ առնվազն մինչև տարվա վերջ չեն կարողանա։ Ազդեցությունը կլինի բացասական։ Նույն ռուսական հումքը մենք հիմա ձեռք ենք բերելու երրորդ երկրի միջոցով՝ ավելի թանկ»,- նշում է Բաղիկյանը։
Նա նաև շեշտում է, որ Եվրամիությունը, պատժամիջոցներ սահմանելով ռուսական ալմաստի նկատմամբ, այլընտրանքային ուղիներ չի առաջարկել այն երկրներին, որոնց ադամանդագործության ոլորտները փաստացի սնվել են Ռուսաստանից։
Հայաստան ներկրվող ադամանդի գրեթե կեսը Ռուսաստանից է
Հայաստանին ալմաստի խոշոր մատակարարը Ռուսաստանն է։ Հայաստանը չունի ալսմատի սեփական արդյունահանում։ Հայ ադամանդագործները տասնամյակներ շարունակ աշխատել են հետևյալ սխեմայով՝ ալմաստը ներկրել են Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Բելգիայից և այլ երկրներից ու կրկին արտահանել ինչպես նույն, այնպես էլ՝ երրորդ երկրներ։ Այլ խոսքով՝ հայ ադամանդագործները ծառայություններ են մատուցել մատակարարներին արտապատվիրումների հիման վրա։ 2000-ականների սկիզբը՝ մինչև 2007-2008-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը, համարվում է հայկական ադամանդագործության գագաթնակետը։
Դրանից հետո ոլորտը անկում է ապրել։ Վերջին հինգ տարին որոշակի դրական միտումներ են նկատվում ադամանդի մշակման ցուցանիշներում։
Սակայն, դրանք այնքան ցայտուն չեն, որքան ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստանի միջոցով կատարվող վերաարտահանումները։
Արտաքին առևտրի տվյալները ցույց են տալիս, որ մեծ մասամբ արտահանվում են ոչ թե հայ ադամանդագործների վերամշակած ադամանդները, այլ ոչ վերամշակած։ Այսինքն՝ Հայաստանը զուտ վերաարտահանող է, տարանցիկ երկիր։ Այս մասին են փաստում ներմուծումների և արտահանումների մեծ ու տեղում մշակված ադամանդի փոքր թվերը։
Հայաստանի Մաքսային ծառայությունը, որը սովորաբար մանրամասն հրապարակում է, թե որ երկիր որքան ապրանք է արտահանվել Հայաստանից կամ ներմուծվել, դեռևս չի ներկայացրել 2023-ի տարեկան տվյալները՝ թեև արդեն 2024-ի երկրորդ կիսամյակում ենք։ Փոխարենը դրանք հասանելի են միջազգային UN Comtrade Database-ում։
Այսպիսով, ըստ UN Comtrade Database-ի 2023 թվականին Հայաստան է ներմուծել շուրջ 3.5 մլն կարատ մշակված և չմշակված ադամանդ, որի արժեքը մոտ 561 մլն դոլար է։
Խոսելով ընդհանուր քանակի մասին՝ վիճակագրության մեջ կօգտագործենք ադամանդ տերմինը, որը ներառում է ինչպես մշակված, այնպես էլ՝ չմշակված ադամանդը։ Միջազգային վիճակագրության մեջ այն այդպես է ներկայացված։ Բոլոր դեպքերում նկատի ունենանք, որ տվյալների բացվածքը ցույց է տալիս, որ ներկրված ադամանդի քանակի գերակշիռ մասը՝ առնվազն 80%-ը, չմշակված ադամանդն է՝ ալմաստը։
Ներմուծված ադամանդի 48%-ը (և ըստ քանակի, և ըստ գնի) Ռուսաստանից է՝ 269 մլն դոլարի կամ 1.7 մլն կարատ։ Դրա ընդամենը 156 հազար կարատն է թանկարժեք ադամանդ, որի 1 կարատի միջին գինը 940 ԱՄՆ դոլար, մնացածը անմշակ ադամանդն է, 1 կարատը՝ միջինը 80 դոլար:
Ադամանդի մյուս երկու խոշոր մատակարարներն են Հնդկաստանը և Կյուրասաոն (Նիդերլանդներին պատկանող կղզի Կարիբյան ծովում)։
Նույն ընթացքում Հայաստանից արտահանվել է ռեկորդային քանակի ադամանդ՝ շուրջ 4.5 մլն կարատ։ Քարերի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 589 մլն դոլար։ Համեմատության համար նշենք, որ նույն տարում՝ 2023-ին, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մշակվել է ընդամենը 170 հազ. կարատ ադամանդ։
Արտահանված ադամանդի 85%-ը բաժին է ընկել Արաբական Միացյալ Էմիրություններին։ Քարերի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 319 մլն ԱՄՆ դոլար։ Խոսքը մոտ 3.8 մլն կարատի մասին է, որի մեծամասնությունը չմշակված և էժան ալմաստն է։ Հատկանշական է, որ ԱՄԷ է արտահանվում նաև փոքր քանակի մշակված ադամանդը, որի արժեքն անհամեմատ ավելի բարձր է։
Արտահանման կազմում հաջորդ տեղում Ռուսաստանն է, ուր Հայաստանը արտահանել է շուրջ 0.5 մլն կարատ ադամանդ՝ 234 մլն դոլարի։ Ռուսաստան արտահանվում է մեծ մասամբ մշակված ադամանդ։
Ստորև ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել ադամանդի և ալմաստի միասնական ցուցանիշները՝ ինչպես 2023-ին ներմուծումն ու արտահանումը ըստ երկրների, այնպես էլ՝ վերջին տասը տարվա առևտուրն ու մշակումը։
Ինչու են ռուսական արդյունահանողները Հայաստանի միջոցով արտահանում ալմաստը ԱՄԷ
Պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանում արտադրվող ապրանքներն արդեն երկու տարի է՝ երրորդ երկրների միջոցով են արտահանվում եվրոպական, ԱՄԷ և այլ երկրներ։ Թե ինչու՞ Ռուսաստանն ալմաստի ուղիղ արտահանումներ չի իրականացնում դեպի ԱՄԷ, հայաստանյան փորձագետներն իրենց բացատրություններն ունեն։
Հայաստանը, հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ, Ռուսաստանից ալմաստը ներմուծում է առանց մաքսատուրքերի։ Դրանք գրանցվում են որպես հայկական արտադրության ապրանքներ և փաստորեն արդեն առանց վերամշակվելու վերաարտահանվում ԱՄԷ։ Քանի որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն պատժամիջոցներ են սահմանել ռուսական ալմաստի և մասնավորապես «Ալռոսա»-ի արդյունահանած ալմաստի նկատմամբ, ԱՄԷ-ն Ռուսաստանից խուսափում է ուղիղ ներմուծումից, որպեսզի ինքը ևս չհայտնվի արևմտյան պատժամիջոցների ռիսկի տակ։ Այլ կերպ ասած՝ չցանկանալով Ռուսաստանի հետ առևտուր անելու արդյունքում վատացնել հարաբերությունները արևմտյան երկրների հետ՝ մի շարք երկրներ խուսափում են ուղիղ առևտրից։
Մյուս տարբերակն այն է, որ հայ գործարարները իրենք են գտնում արտահանման շուկաներ և գործընկերային կապերն օգտագործելով՝ կարողանում ռուսական ալմաստները Հայաստանի տարածքով արտահանել երրորդ երկրներ, որոնց համար Ռուսաստանի հետ ուղիղ առևտրային հարաբերությունները անցանկալի են։
Ռուսական ալմաստի վերաարտահանումը շարունակվել է նաև 2024-ի առաջին կեսին
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2024 թվականի առաջին հինգ ամսում (հունվար-մայիս) Հայաստան է ներմուծվել մոտ 327 մլն դոլարի ալմաստ և ադամանդ։ Նույն ժամանակաշրջանում արտահանվել է 310 մլն դոլարի։
Իսկ UN Comtrade Database-ի տվյալների բացվածքում երևում է, որ արտահանման հիմնական շուկան կրկին Արաբական Միացյալ Էմիրություններն է։ Ներմուծման գլխավոր աղբյուրը շարունակում է մնալ Ռուսաստանը։
Թե հետագա ինչ ընթացք կունենա ադամանդի վերաարտահանումը, դեռևս հայտնի չէ։ Ենթադրաբար, այդ ընթացքի վրա էական ազդեցություն կունենան ինչպես հումքի մատակարարումների վերաբերյալ ռուսական կողմի որոշումները, այնպես էլ՝ Արևմուտքի նորանոր պատժամիջոցները։
Գլխավոր լուսանկարում՝ ADM Diamonds գործարանի ներսում
Լուսանկարները՝ Անյա Սարկիսովայի
Մեկնաբանել