
Մայա Սանդուն հաղթել է Մոլդովայի նախագահական ընտրություններում
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Այդ մասին են վկայում Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալները։
Սանդուն ստացել է ձայների 55,36%-ը, իսկ նրա մրցակից Ալեքսանդր Ստոյանոգլոն, որը ներկայացնում է Սոցիալիստների կուսակցությունը ու նախկինում զբաղեցնում էր Մոլդովայի գլխավոր դատախազի պաշտոնը՝ 44,64%։
Մոլդովայի տարածքում բնակվող ընտրողների մեծամասնությունը քվեարկել է Ստոյանոգլոյի օգտին։ NewsMaker-ը գրում է, որ Սանդուի հաղթանակն ապահովվել է արտասահմանում բնակվող ընտրողների քվեարկության արդյունքում։ Մոլդովայի՝ արտասահմանում բնակվող քաղաքացիների ձայների 82,71%-ը բաժին է հասել Սանդուին, իսկ 17,29%-ը՝ Ստոյանոգլոյին։ Եթե ԿԸՀ-ն չհաշվեր արտասահմանում ընտրողների ձայները, ապա Ստոյանոգլոն կստանար ձայների 51,19%-ը, իսկ Սանդուն՝ 48,81%-ը։
Նոյեմբերի 4-ի գիշերը Մայա Սանդուն մեկնաբանել է ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, որ Մոլդովան «հաղթել է», իսկ երկրի քաղաքացիները «ժողովրդավարության դաս են տվել, որն արժանի է, որ գրվի պատմության դասագրքերում»:
«Մենք ապացուցեցինք, որ միավորվելով կարող ենք հաղթել նրանց, ովքեր ցանկանում էին մեզ նվաստացնել։ Մոլդովան աննախադեպ հարձակման է ենթարկվել ամբողջ Եվրոպայի պատմության մեջ. կեղտոտ փողեր, ձայների ապօրինի կաշառում, հանցավոր խմբավորումների միջամտություն ընտրական գործընթացներին, ատելության և վախի տարածում մեր հասարակության մեջ: Բայց մեր ժողովուրդը համախմբվեց, և քաղաքացիները հաղթեցին»,- հայտարարել է Մոլդովայի վերընտրված նախագահը։
Նա նաև ռուսերենով է դիմել ընտրողներին՝ քաղաքացիներին շնորհակալություն հայտնելով ընտրություններին մասնակցելու համար: Նրա խոսքով՝ ինքը լսել է և նրանց ձայնը, ովքեր աջակցել են իրեն, և նրանց, ովքեր քվեարկել են Ստոյանոգլոյի օգտին։ Սանդուն խոստացել է լինել նախագահ «բոլորի համար»:
«Արժանապատիվ ապագայի մեր ընտրության մեջ ոչ ոք չի պարտվի։ Մենք կարող ենք տարբեր տեսակետներ ունենալ, խոսել տարբեր լեզուներով, բայց բոլորս ուզում ենք խաղաղություն, փոխըմբռնում և արժանապատիվ կյանք մեր երեխաների համար: Սա է առաջիկա տարիներին Մոլդովայի համար իմ գլխավոր նպատակը։ Մեզ անհրաժեշտ է հասարակության միավորում»,- ռուսերենով հայտարարել է Սանդուն։
Մայա Սանդուն Մոլդովան գլխավորում է 2020 թվականից։ Նրա օրոք երկիրը ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել և թեկնածուի կարգավիճակ ստացել։ Ստոյանոգլոն իր հաղթանակի դեպքում խոստացել էր վարել «հավասարակշռված» արտաքին քաղաքականություն, որը ներառում է կապեր ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Այդուհանդերձ, շատ փորձագետներ նրան համարում էին ռուսամետ քաղաքական գործիչ։
Մոլդովայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել էր հոկտեմբերի 20-ին։ Ընդհանուր առմամբ, դրան մասնակցել էր 11 թեկնածու, սակայն նրանցից ոչ մեկը չէր կարողացել ստանալ անհրաժեշտ թվով ձայները։ Արդյունքում, ընտրությունների երկրորդ փուլ էին անցել Մայա Սանդուն և Ալեքսանդր Ստոյանոգլոն։
Նախագահական ընտրությունների հետ միասին Մոլդովայում անցկացվել էր նաև Եվրամիությանը միանալու նպատակով սահմանադրության փոփոխման հարցով հանրաքվե։ Եվրաինտեգրմանը կողմ էր արտահայտվել քվեարկածների 50,35%-ը, իսկ դեմ՝ 49,65%-ը։
Լուսանկարը՝ Vadim Ghirda/AP
Մեկնաբանել