
E-draft.am. հանրային կարծիքը լսելո՞ւ, թե՞ անտեսելու հարթակ
Պետական գերատեսչությունների կողմից մշակված իրավական ակտերի նախագծերը, կառավարության ընդունած կարգին համապատասխան, պարտադիր ենթակա են հանրային քննարկման: Այդ նպատակով արդեն 8 տարի է՝ գործում է միասնական՝ e-draft.am հարթակը, որը պետք է ապահովի նախագծերը հանրությանը ներկայացնելու, առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը: Մինչդեռ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ հարթակում հանրային քննարկում ասվածը խիստ ձևական բնույթ է կրում: Քննարկման մասնակիցները բարձրաձայնում են նաև նախագծերին «կողմ» և «դեմ» արտահայտվողների կեղծումների մասին:
E-draft.am կայքը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ տեղադրված նախագծերին, որոնել նախագծեր, հետևել դրանց հետագա ընթացքին, ներկայացված առաջարկություններին, իսկ կայքում գրանցվելու դեպքում նաև ներկայացնել առաջարկություններ, ծանոթանալ նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին: Հանրային քննարկումների տևողությունն առնվազն 15 օր է, սակայն նախագծի հեղինակները կարող են ավելի երկար ժամանակ ընտրել:
Հանրային քննարկումների ավարտից հետո կազմված ամփոփաթերթը 15-օրյա ժամկետում պետք է տեղադրվի միասնական կայքում: Ամփոփաթերթում պետք է ամբողջությամբ արտացոլված լինեն հանրային քննարկման արդյունքները և նախագծի լրամշակված տարբերակը:
Ուսումնասիրել ենք վերջերս հանրային լայն քննարկում ունեցած 3 օրենսդրական նախագիծ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպես է իրականացվում հանրային քննարկումն այդ հարթակում:
Հանրային քննարկո՞ւմ, թե՞ քննարկման նմանակում
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության նախաձեռնությամբ հանրային քննարկման էր դրվել Հանրակրթական պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կառավարության ընդունած կարգում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Առաջարկվում էր դպրոցական «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոփոխել և դարձնել «Հայաստանի պատմություն»:
«Արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները»,- նշված էր նախագծի հիմնավորման մեջ:
Նախարարության ներկայացրած նախագիծը բուռն արձագանք ունեցավ թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ e-draft-ում: Նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկումը ծավալվել է 2024թ. հունվարի 22-ից մինչև փետրվարի 7-ը՝ 16 օր:
E-draft-ում «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմությունով» փոխարինելու նախագծի վերաբերյալ 473 առաջարկություն ու դիտարկում է ներկայացվել տարբեր օգտատերերի կողմից, որոնց գերակշիռ մասը դեմ է եղել փոփոխությանը: Իսկ հարթակում գրանցված և քննարկման մասնակից 11 հազ. 892 մարդ կամ 51%-ը դեմ է արտահայտվել նախագծին: Առաջարկություն ներկայացրածների գերակշիռ մասը հիմնավորել են, որ ճիշտը «Հայոց պատմությունն» է, և պետք չէ կարգում փոփոխություն:
Ի պատասխան այդ հիմնավորումների, նախագիծը ներկայացրած գերատեսչությունից պատասխանել են՝ «Ընդունվել է ի գիտություն», «Շնորհակալություն դիտարկումների համար, որոնք քննարկման ենթակա են», «Ձեր դիտարկումը կքննարկվի» և այլն:
Ինչպես վերը նշվեց, e-draft հարթակը հնարավորություն է տալիս տեսնել նաև առաջարկների հիման վրա կատարված նախագծի փոփոխությունները: Այս նախագծում նման փոփոխություն չի կատարվել և Կառավարությունը 2024թ. հուլիսի 11-ին ընդունել է նախագիծը՝ դպրոցական «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն»:
Ստացվում է, որ հանրության մի ստվար զանգված դեմ էր նախագծին, սակայն այն ընդունվեց՝ անտեսելով առաջարկներն ու կարծիքները:
Նախագծի վերաբերյալ առաջարկություն էր գրել նաև պատմաբան Մենուա Սողոմոնյանը: Նա «Հետքի» հետ զրույցում ասաց, որ e-draft հարթակն օգտակար է զուտ այն առումով, որ կոնկրետ նախագծերի վերաբերյալ քաղաքացիական հասարակության, մասնագիտական համայնքի դիրքորոշումները երևում են։ Սակայն, ըստ պատմաբանի՝ արդյունավետ հարթակ չէ, նախագծի հեղինակները բացարձակ հաշվի չեն առնում առաջարկությունները:
«Հայոց պատմություն-Հայաստանի պատմություն նախագծի կապակցությամբ մենք տեսանք, որ դա ոչ մի արդյունք չունեցավ: Հարյուրավոր մեկնաբանություններ կային, որոնց մի զգալի մասը նորմալ մեկնաբանություններ էին, այսինքն՝ փաստարկված, գրագետ շարադրված, մասնագիտական նկատառումներ պարունակող: Հօգուտ «Հայաստանի պատմության» կամ չկար ընդհանրապես մեկնաբանություն, կամ եթե նույնիսկ եղել է, 1-2 հատ կցկտուր, առանց որևէ փաստարկի։ Ինչու եմ շեշտում, որովհետև ասում էին՝ իբր այդ նախաձեռնությունն ուսուցիչներից է սկսվել, որ «Հայոց պատմությունը» փոխարինվի «Հայաստանի պատմությունով», բայց փաստացի այդքան տարածում եղավ ու ոչ մի ուսուցիչ այդպես չպնդեց իր ասածը»,- ասում է Մենուա Սողոմոնյանը:
Պատմաբանը նշեց, որ նախագծերի քննարկման հարթակում մեկնաբանություններ թողնում է, եթե նախագիծը վերաբերում է կրթությանը կամ իր հետաքրքրությունների շրջանակում է: Նա հետևել է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի քննարկումներին, որոնք ևս ակտիվ են անցել:
Նախագիծն e-draft-ում քննարկման է դրվել 2024թ. սեպտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 1-ը՝ 15 օր: Նախագծի վերաբերյալ 71 օգտատեր մեկնաբանություն է թողել: Քվեարկությունով 66%-ը կամ 3025 մարդ կողմ է եղել նախագծին:
«Պարզապես լցոնումներ էին տեղի ունենում։ Այսինքն՝ օրենքի փոփոխությանը կողմ մեկնաբանություններ կամ չկան, կամ քիչ են, բայց էդ լայքերը «կողմ»-ի ուղղությամբ ավելի շատ էին։ Որքան մենք կոչ էինք անում, որ մտնեն և «դեմ» քվեարկեն, դիրքորոշում արտահայտեն, մեր կոչի արդյունքում, որքան որ շատանում էր «դեմ»-երի քանակը, նույն համամասնությամբ, նույն արագությամբ, նույն տեմպով աճում էր «կողմ»-երի քանակը։ Ես որ ասում եմ լցոնումներ, դա մի քիչ բառի փոխաբերական իմաստով եմ ասում։ Այսինքն՝ ինչ-որ մի տեղից, կազմակերպված ձևով, ես չգիտեմ՝ ինչ մեթոդներով, այդպես արագ «կողմ» կարծիքի աճ էր տեղի ունենում»,- նշում է Մենուա Սողոմոնյանը։
Պատմաբանի խոսքերով՝ նախագիծը դեռ օրենք չի դարձել, բարձրաձայնել են խնդրահարույց դրույթների մասին, այդ թվում՝ Սահմանադրությանը հակասող, ասուլիս են կազմակերպել Երևանի պետական համալսարանի դիմաց և այլն։
«Ընդհանուր դիրքորոշումս է, որ այս պահի դրությամբ իմիտացիոն նպատակներով են օգտագործում հարթակը»,- հավելում է Մ.Սողոմոնյանը։
Այս հարթակում քննարկումները գրեթե ձևական բնույթ են կրում: Հիմնականում ընդունվում են խմբագրական առաջարկները, իսկ բովանդակային մասով՝ հեղինակներն անսասան են:
Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Նորայր Շողիկյանն ասում է, որ բացառված են «կողմ» և «դեմ» ձայների կեղծումները, ամբողջությամբ թվայնացված համակարգ է, այդտեղ մարդկային գործոն միայն օգտատերերն են, այսինքն՝ կարող են մտնել գրանցված հաշիվներով, քվեարկել։
«Մեր կողմից կամ կայքի հետ կապ ունեցող այլ սուբյեկտի կողմից բացառված է այդպիսի տարբերակը»,-ասում է Ն․ Շողիկյանը։
Նշենք, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման ավարտից անցել է մեկ ամսից ավելի: Նախագծի վերաբերյալ սեպտեմբերի 27-ին կազմակերպվել էին նաև հանրային լսումներ, սակայն ամփոփաթերթում այդպես էլ որևէ գրառում չի կատարվել հեղինակի՝ ԿԳՄՍ նախարարության կողմից: Մինչդեռ քննարկման ավարտից հետո 15 օրվա ընթացքում պետք է յուրաքանչյուր առաջարկի վերաբերյալ մեկնաբանություն թողնեին:
Բողոքի ակցիաներով ընթացան նաև Ֆինանսների նախարարության ներկայացրած Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումները: Առաջարկվում է մի շարք մասնագիտական աշխատանքների և ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է սահմանափակել շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգերում գործունեության մի քանի տեսակների կազմակերպումը, որոնց փաստաբանական, հաշվապահական, առողջապահական և այլն: Փաստաբանները պնդում են, որ հարկային փոփոխությամբ իրավաբանական օգնություն ստացողների համար հունվարի 1-ից ծառայության գինը կավելանա առնվազն 38%-ով:
Նախագիծը e-draft.am հարթակում հանրային քննարկվել է սեպտեմբերի 6-ից 27-ը: Նախագծին գրեթե 100%-ով դեմ են արտահայտվել, կողմ է քվեարկել 2 անձ, դեմ՝ 3372-ը:
Քննարկման ավարտից դարձյալ անցել է մեկ ամսից ավելի, սակայն Ֆինանսների նախարարությունը չի շտապում ամփոփաթերթում ներառել 30 մեկնաբանությունների և առաջարկությունների պատասխանները:
Ընդ որում, այս նախագծի վերաբերյալ իր մտահոգությունն էր հայտնել նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ նշելով, որ չի ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա հնարավոր ազդեցությունների և ռիսկերի գնահատումը, ինչպես նաև չեն իրականացվել պատշաճ հանրային իրազեկման աշխատանքներ և շահառուների հետ քննարկումներ: Բացասական կարծիք է տվել նաև Արդարադատության նախարարությունը: Մինչդեռ նախագծի հեղինակները չեն նահանջում:
«Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը ևս մասնակցում է նախագծերի միասնական հարթակի քննարկումներին։ Նրա դիտարկմամբ՝ լավ է, որ հարթակը կա, հնարավոր է առաջարկներ գրել, բայց իր կարծիքով՝ համակարգը ավելի լավը կարող էր լիներ։
«Անհասկանալի է՝ ինչի են առաջարկներն իրենց կողմից մոդերացվում։ Եթե հայհոյանք լինի, հասկանում եմ՝ կարելի է դա ջնջել, բայց դրա համար կարելի է ինչ-որ ավտոմատ գործիք դնել և հետո ցույց տալ, որ այսինչ բանը ջնջվել է այսինչ պատճառով։ Եթե սա հանրային քննարկման ձևաչափ է, և դա ձևի համար չի արված, անհասկանալի է մոդերացումը»,-ասում է Տ․ Շահվերդյանը։
Այս առնչությամբ Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Նորայր Շողիկյանը «Հետքին» հայտնեց, որ նախագծի հեղինակները հնարավորություն ունեն մոդերացիա իրականացնել բացառիկ դեպքերում։ «Կան հստակ սահմանված դեպքեր, օրինակ՝ լատինատառ կամ այլ լեզվով առաջարկությունները, վիրավորանք, հայհոյանք պարունակող առաջարկությունները տեղ չեն գտնում կյաքում։ Նախագծի հեղինակները որոշում են, մենք հեռացնում ենք այդ առաջարկությունները»,- ասում է Ն․ Շողիկյանը։
Խոսելով հանրային քննարկման դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենք»-ում փոփոխություններ կատարելու նախագծի մասին` «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանն ասաց, որ բարձրաձայնված կարևորագույն հարցերին հստակ պատասխաններ չեն տալիս։
«Երկար ժամանակ ասում էին՝ սպասեք, օրենքի նախագիծը կլինի, ձեր բոլոր հարցերի պատասխանները կլինեն, բայց օրենքի նախագիծը եղավ, հիմա էլ նույն վիճակն է։ Մենք, որպես նախաձեռնություն, բազմաթիվ հնարավորություններ ունենք առանց e-deraft-ի էլ մեր առաջարկները բարձրաձայնելու, և քանի որ այլ ձևերով դա բարձրաձայնել ենք և չենք տեսել որևէ արդյունք, հիմա ենթադրել, որ e-draft-ի շնորհիվ մի ուրիշ բան կլինի, մի քիչ ճիշտ ակնկալիք չի։ Այլ շրջանակները, որոնք հնարավորություն չունեն այլ եղանակներով հասցնելու առաջարկները, նրանց առաջարկները կարող են անտեսվել, որովհետև որոշում կա, որը քմահաճույքային է»,-նշում է «Գիտուժ» նախաձեռնության անդամը։
Տիգրան Շահվերդյանը նշում է, որ ոչ բոլոր նախագծերն են ակտիվ քննարկվում միասնական հարթակում։ Կան նախագծեր, որ հատերով կարելի է հաշվել քվեարկությունները։ Հետևաբար ասել, որ հանրային մասնակցություն կա e-draft-ում՝ ճիշտ չէ, ակտիվություն չկա։ Տ․ Շահվերդյանը խոսեց նաև հարթակի տեխնիկական բացերի մասին։ Ըստ նրա՝ չի երևում նախագծի փոփոխության պատմությունը։ Հնարավոր է՝ լիազոր մարմինը քննարկման դրված բոլոր փաստաթղթերը փոխի, ու օգտատերը դրա մասին չիմանա։
«Ցանկացած պահի կարող են մտնել փոփոխություն կատարել՝ առանց որևէ հետք թողնելու, ինչը թափանցիկության լուրջ խնդիր է։ Պետք է շատ բաց լինի, նախորդ տարբերակներն էլ լինեն, որ մարդը համեմատի, տեսնի՝ ինչ փոփոխություն է եղել։ Կարող է մարդիկ քննարկեն ու մեկ էլ վերջին օրը՝ փակումից մեկ օր առաջ, ուրիշ տարբերակ դնեն, որի մեջ լուրջ խնդիրներ կան։ Մարդիկ եթե դրա մասին իմանային, կքննարկեին։ Ոչ ոք չի տեսնելու դա, ասելու են՝ քննարկվել է»,- նշում է Տ․ Շահվերդյանը և հավելում, որ համակարգը նաև չի ծանուցում օգտատիրոջը, որ իր առաջարկն ընդունվել է կամ որ նախագծի մեջ փոփոխություն է կատարվել։
Տ․ Շահվերդյանի դիտարկմամբ՝ ավելի ճկուն համակարգ է պետք ունենալ։ Եթե սա պիտի լինի երկխոսության գործիք շահագրգիռ կողմերի, հասարակության տարբեր շրջանակների ու կառավարության միջև, ապա թույլ է։
E-draft-ի մասին
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակը ներդրվել է 2016թ.-ին: Առաջին նախագիծը տեղադրվել է 2017թ. հունվարին, որը վերաբերել է «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելուն: Այդ նախագծի վերաբերյալ ընդամենը մեկ մեկնաբանություն է եղել, որն ընդունվել է «ի գիտություն»:
E-draft.am հարթակում տեղադրված նախագծերի վերաբերյալ 2023թ. ներկայացվել է 1899 առաջարկ, 2024թ.-ին՝ 2264:
Հարթակի գործարկումից մինչև 2024թ. հոկտեմբերի 23-ը տեղադրվել է 7654 նախագիծ: Գործարկումից սկսած՝ հարթակում ամենաշատ նախագծեր տեղադրել է Արդարադատության նախարարությունը՝ 788, այնուհետև՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ 764: Հարթակի գործարկումից ի վեր նախագծեր տեղադրած 10 պետական մարմինների ցանկում ամենաքիչ նախագծերը հրապարակել է Քաղաքաշինության կոմիտեն՝ 233:
Հարկ է նշել, որ 2023թ. հարթակում ամենաշատ նախագծեր տեղադրել է հենց ԿԳՄՍ նախարարությունը՝ 163 նախագիծ, իսկ 2024-ին՝ Էկոնոմիկայի նախարարությունը՝ 155 նախագիծ:
Նոյեմբերի 3-ի դրությամբ հարթակում գրանցված է 155 հազ. 623 օգտատեր:
Գլխավոր նկարը և ինֆոգրաֆիկաները՝ Նարե Պետրոսյանի
Մեկնաբանել