
Մոլդովայի ընդդիմությունը չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները
Մոլդովայի ընդդիմությունը չի ճանաչի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, եթե երկրի գործող նախագահ Մայա Սանդուն պահպանի իր պաշտոնը։ Այդ մասին հայտարարել է մոլդովական ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Իլան Շորը։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը պատրաստվում է Սահմանադրական դատարանում վիճարկել ընտրությունների արդյունքները։
«Եթե Սանդուն պահպանի նախագահի պաշտոնը, նա ուզուրպացնելու է իշխանությունը։ ԿԸՀ-ի որոշումները վիճարկելու ենք Սահմանադրական դատարանում։ Մենք պայքարելու ենք, որովհետեւ չենք կարող ընդունել այն ամենաթողությունը, որը կազմակերպել է երկրում իշխանությունը զավթած արևմտյան ուժերի խմբավորումը»,- ռուսական Россия-24-ին տված հարցազրույցում հայտարարել է այս գործիչը։
Իլոն Շորը համարվում է ռուսամետ քաղաքական գործիչ, որը տարիներ առաջ փախել է Մոլդովայից և հիմա բնակվում է Ռուսաստանում։ Նա Մոլդովայի ամենահարուստ մարդկանցից մեկն է, որը ֆինանսավորում է Մոլդովայի գործող իշխանությունների դեմ հանդես եկող քաղաքական ուժերին։
Հիշեցնենք, որ նախօրեին Մոլդովայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթել է գործող նախագահ Մայա Սանդուն։ Նրա մրցակիցն այդ երկրի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլուն էր։ Վերջին տվյալներով՝ Սանդուն ստացել է ձայների 55,33%-ը, իսկ Ստոյանոգլոն՝ 44,67%-ը։
Լուսանկարը՝ TACC գործակալության
Մեկնաբանել