HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Էկոնոմիկայի նախարարությունը ավելի շատ խոսում է արհեստական բանականությունից, քան կիրառում

Տարբեր հարթակներում անընդհատ խոսվում է արհեստական բանականության կարևորության ու դրա հեղափոխական ազդեցության մասին։ Բայց Հայաստանում, գոնե պետական մակարդակում, այդ խոսքերը գործի վերածելու հստակ քայլեր չեն նշմարվում։ Էկոնոմիկայի նախարարությունը, օրինակ, արհեստական բանականության տեխնոլոգիաներ դեռևս չի օգտագործում։ Այս մասին մեր հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարությունից։ 

Էկոնոմիկայի փոխնախարար Սևակ Միքայելյանը այս թեմային անդրադարձել էր նախորդ ամիս՝ «Krisp» ընկերության կազմակերպած AI Conf 2024-ի «Արհեստական բանականությունը կառավարությունում» թեմայով պանելային քննարկման ընթացքում։

Հարցին, թե ինչպես է արհեստական բանականությունն օգտագործվում Էկոնոմիկայի նախարարությունում, փոխնախարար Սևակ Միքայելյանը պատասխանել էր՝ ասել, որ նախարարությունը պաշտոնապես օգտագործում է, սխալ կլինի։ Նրա խոսքով՝ առանձին աշխատողներ, ինքը ևս, օգտվում են այդ գործիքից, բայց այստեղ խնդիրներ է տեսնում։

«Նախարարությունում նկատել եմ, որ շատ դեպքերում անվերապահորեն վստահություն կա այդ գործիքի նկատմամբ, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ և՛ ճշգրտվածության, և՛ տվյալների առումով շատ մեծ խնդիրներ կան։ Մյուս կողմից հասկանում ենք, որ այդ գործիքները գնալով ավելի շատ են ներխուժում մեր կյանք։ Ռիսկերը կառավարելու տեսանկյունից անելիք ունենք»,- ասել էր Միքայելյանը։

«Հետքը» տարեսկզբին հարցումներ էր ուղարկել նախարարություններ՝ իմանալու, թե ով ինչպես է պատրաստվում տեխնոլոգիական փոփոխություններին։ Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էր, որ արհեստական բանականության վերաբերյալ ընթացիկ ծրագրեր չունեն, բայց ռազմավարություն են մշակում։ Շուրջ 10 ամիս անց հետաքրքրվել ենք՝ ինչ արդյունքներ են գրանցել։ Պատասխանը նույնն է. դեռ չեն օգտագործում:
«Ինչպես նշվել էր նախկինում, տարբեր քննարկումներ են ընթանում նախարարության թվայնացման և արհեստական բանականության ներդրման վերաբերյալ»,- ասված էր պատասխանում:

Պանելային քննարկման ժամանակ փոխնախարար Սևակ Միքայելյանը հայտարարել էր. «Արհեստական բանականությանը մեծ նշանակություն է տրվում hայաստանյան տնտեսության համար՝ հատկապես գյուղատնտեսության, էներգետիկայի և արտադրության ոլորտներում»: Հետաքրքրվեցինք, թե ինչպես է դրսևորվում «նշանակություն տալը», ու կան արդյոք կիրառության հստակ օրինակներ Հայաստանում։ 

«Նախարարության համար կարևորվում է ԱԲ-ի գործիքների կիրառումը տարբեր, ոլորտներում, և քանի որ այդ գործիքների տեղայնացումը, մշակումը, ձեռքբերումը երկարատև գործընթաց է, այս պահին դեռևս օրինակներ առկա չեն»,- նշված էր նամակում։

Մինչ գործիքները կհասնեն Հայաստան, արհեստական բանականության ոլորտի նոր մասնագիտությունների ցանկն անընդհատ ընդլայնվում է, իսկ ուսումնական ծրագրերն ու դասընթացները՝ ավելանում։ Այս փոփոխությունները ոչ միայն աշխատաշուկայի առջև նոր դռներ են բացում, այլև պահանջում են վերապրոֆիլավորում, հմտությունների կատարելագործում։ 

Էկոնոմիկայի նախարարությունն ընդունում է, որ արհեստական բանականության կիրառումը աշխատաշուկայում բերելու է էական տեղաշարժերի, ուստի աշխատաշուկան պետք է պատրաստ լինի նման փոփոխությունների, որպեսզի հասարակությունը հմտանա այնքանով, որ կիրառի ԱԲ-ն որպես գործիք և ոչ թե լինի հակառակը։ 

«Ամեն դեպքում, գործազրկության ցուցանիշների ավելացում ՀՀ-ում ԱԲ-ի պատճառով մոտ ապագայում չի կանխատեսվում: Խոսքը ավելի շատ աշխատանքի վերակառուցման, քան կադրային քաղաքականության փոփոխությունների մասին է»,- պատասխանել են նախարարությունից:

«Հետքը» առաջիկայում անդրադառնալու է պետական տարբեր կառույցներում տեխնոլոգիական լուծումների կիրարկմանը։
Իսկ մինչ այդ կարդացե՛ք նաև.

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter