
Անյես Վարդա, «Դեմքեր, գյուղեր». ֆիլմի դիտում Երևանում
«Իմ շարժիչ ուժը կինոյում հետաքրքրությունն է և սերը մարդկանց նկատմամբ». այսպես էր ասում 80-ն անց տարիքում ֆիլմեր նկարել շարունակող Անյես Վարդան։
Բելգիացի ֆոտոլրագրող, ռեժիսոր, վավերագրող Անյես Վարդան առանցքային դեր է ունեցել 1950-ականների ֆրանսիական նոր ալիքի ձևավորման մեջ: Իր ազատ, նորարար մոտեցումներով նա ընդլայնեց կինոարվեստի սահմանները։
1990-ականներից Վարդան սկսում է նկարել խաղարկային վավերագրական ժանրում, որտեղ և գտավ իր փնտրած արտահայտչամիջոցը, լիակատար ազատությունը։
«Կինոյի համար կարևոր չէ միայն պատմությունը, այլև այն, ինչ տեղի է ունենում նկարելու ընթացքում»,- ասում էր Անյես Վարդան, որի կյանքի վերջին ֆիլմը՝ «Դեմքեր, գյուղերը» (Visages, villages, 2017թ,.) կատակերգական վավերագրություն եղավ։
Ֆիլմում 88-ամյա կինոռեժիսոր Անյես Վարդան անսպասելի հանդիպում է 33-ամյա լուսանկարիչ JR-ին: Երկու արվեստագետները որոշում են JR-ի լուսանկարչական բեռնատարով ճամփորդել ֆրանսիական գյուղերով և լուսանկարել գյուղացիներին ու տպել, փակցնել դրանք հսկայական ձևաչափով:
Այս ֆիլմը ցույց է տալիս գյուղերի ու գյուղացիների տարբեր դեմքեր, ովքեր բնորոշում են յուրահատուկ, ոչ քաղաքային և շատ զգայական մշակութային միջավայրը։ Ֆիլմը նաև մի ընկերության մասին է, որը ծնվում է անակնկալներով լի նկարահանումների ընթացքում՝ մինչ երկուսն էլ շարունակ կատակում են իրենց տարբերությունների թեմայով:
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ժամը 19։00-ին, Սինե-ակումբը հրավիրում է դիտելու Անյես Վարդայի վերջին ֆիլմը՝ «Դեմքեր, գյուղեր» էպիկական, կատակերգական վավերագրությունը։ Ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե աչք» մրցանակին և առաջադրվել Օսկարի։ Անյես Վարդան մահացել է 2019թ.` 90 տարեկանում։
ԴԵՄՔԵՐ, ԳՅՈՒՂԵՐ – Անյես Վարդա/JR (2017, 89’)
Նոյեմբերի 5 – 19:00 – Մուտքն ազատ է
Ազգային գրադարանի Մեծ դահլիճ՝ Տերյան 72, Երևան
Ֆիլմը ֆրանսերեն է՝ հայերեն/անգլերեն ենթագրերով
Նկարները՝ ֆիլմից
Մեկնաբանել