HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ առաջնորդները նոյեմբերի 7-ին կքննարկեն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և Վրաստանում առկա իրավիճակը

Եվրամիության անդամ երկրների և կառավարությունների ղեկավարները նոյեմբերի 7-ին Բուդապեշտում կքննարկեն ԱՄՆ ընտրություններից հետո անդրատլանտյան հարաբերությունները և Վրաստանում առկա իրավիճակը: Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։ Հիշեցնենք, որ Հունգարիայի մայրաքաղաքում նոյեմբերի 7-8-ը կկայանա քաղաքական երկու կարևոր իրադարձություն՝ Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովը և ԵՄ անդամ 27 երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։

«Նույն օրը երեկոյան՝ ժամը 20:00-ին, առաջնորդները, ոչ պաշտոնական ընթրիքի շուրջ, ոչ պաշտոնական հանդիպում կսկսեն Հունգարիայի խորհրդարանում, որտեղ կքննարկեն ընտրություններից հետո անդրատլանտյան հարաբերությունները և Վրաստանում տիրող իրավիճակը»,- նշել է եվրոպացի պաշտոնյան։

Դիվանագետի խոսքով՝ ԵՄ երկրներն աշխատում են Միացյալ Նահանգների հարցում ընդհանուր դիրքորոշման վրա։ «Եվ դա բարդ է, քանի որ ամեն ինչ կախված է ընտրություններից հետո ստեղծված իրավիճակից»,- ընդգծել է պաշտոնյան: «Արդյոք պարզ կլինի՞ հաղթողն այդ պահին, թե՞ դրա համար ավելի շատ ժամանակ կպահանջվի: Մենք կհարմարվենք՝ կախված իրավիճակից»,- շարունակել է նա։

Եվրոպացի պաշտոնյան պարզաբանել է, որ ԵՄ-ն փորձում է որոշել այն ընդհանուր դիրքորոշումը, որը հիմնված է թեկնածուներից որևէ մեկի հաղթանակի վրա: «ԵՄ-ԱՄՆ հարաբերությունների հարցը քննարկելու լավագույն միջոցը ԵՄ-ին նայելն է, այլ ոչ թե ԱՄՆ-ին»,- նշել է նա՝ ընդգծելով, որ հենց այդ պատճառով ԵՄ առաջնորդները մտադիր են Բուդապեշտում կայանալիք հանդիպմանը քննարկել նաև ԵՄ տնտեսության զարգացումը:

ԱՄՆ-ում այսօր ընթանում են նախագահական ընտրությունները։ Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են Դեմոկրատական կուսակցությունից Քամալա Հարիսը, որը ներկայումս զբաղեցնում է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը և Հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփը, որը նախկինում զբաղեցնում էր ԱՄՆ նախագահի պաշտոնը։

Իլյուստրացիայում՝ Էմանուել Մակրոնը, Շառլ Միշելը, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Օլաֆ Շոլցը/Politico 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter