
Քամալա Հարիս vs Դոնալդ Թրամփ. ինչ պետք է իմանալ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ
Արդեն վաղը՝ նոյեմբերի 5-ին կկայանա տարվա գլխավոր քաղաքական իրադարձությունը՝ ԱՄՆ նախագահական ընտրությունները։ «Հետք»-ը ներկայացնում է այն ամենը, ինչ պետք է իմանալ այս ընտրությունների, ընտրողների նախապատվությունների ու թե ինչի հաշվին կարող են հաղթել թեկնածուներից յուրաքանչյուրը։
Ովքե՞ր են հիմնական թեկնածուները
Այս նախագահական ընտրություններում հիմնական թեկնածուները երկուսն են՝ ԱՄՆ գործող փոխնախագահ Քամալա Հարիսը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Հարիսը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը, իսկ Թրամփը՝ Հանրապետական։ Եթե հաղթի Հարիսը, ապա նա կդառնա ԱՄՆ պատմության առաջին կին նախագահը։ Իսկ Թրամփի հաղթանակի պարագայում՝ հանրապետական թեկնածուն երկրորդ անգամ կգլխավորի Սպիտակ տունը։
Ո՞վ է ընտրություններում ֆավորիտը
Եթե պատասխանենք կարճ, ապա ԱՄՆ նախագահական այս մրցավազքում չկա ֆավորիտ։ Իսկ մաթեմատիկական մոդելները թեկնածուներից յուրաքանչյուրի հաղթանակի հավանականությունը գնահատում են գրեթե միանման։
Ավելին, բազմաթիվ հարցումներ ցույց են տալիս, որ Քամալա Հարիսն ու Դոնալդ Թրամփն ունեն աջակցության գրեթե հավասար մակարդակ ու շատ դժվար է պնդել, թե նրանցից ով ունի իրական առավելություն։ Շատ վերլուծաբաններ նաև նշում են, որ ԱՄՆ-ում հազվադեպ է լինում, որ թեկնածուները հավասար վարկանիշով մոտենան ընտրություններին։
US Presidential Elections 2024 will be held on November 5, with votes being counted the next day. Here's what different polls suggest about voters' inclinations.#DIU #DonaldTrump #KamalaHarris #USelection #USelection2024 pic.twitter.com/5zMUMI9GT5
— IndiaToday (@IndiaToday) November 4, 2024
Ինչպե՞ս է որոշվելու ընտրություններում հաղթողը
ԱՄՆ-ում ընտրություններն իրենց տեսակով անուղղակի են։ Յուրաքանչյուր նահանգ քվեարկությունն անցկացնում է առանձին և ձայների պարզ մեծամասնությամբ որոշում, թե այդ նահանգի ընտրիչներն ում են տալու իրենց ձայնը։
Նահանգների միջև ընտրիչները բաշխվում են Կոնգրեսում իրենց տեղերով։ Ընտրիչների ընդհանուր թիվը 538 է։ 100-ը հավասարապես բաժանվում է 50 նահանգների միջև, իսկ մնացածը՝ ըստ բնակչության թվաքանակի։ Որքան մեծ բնակչություն ունի այդ նահանգը, այնքան շատ են այնտեղ ընտրիչները։
Հաղթանակի համար թեկնածուներին անհրաժեշտ է ստանալ առնվազն 270 ընտրիչի ձայն։ Կախված նոյեմբերյան ընտրությունների պաշտոնական արդյունքներից ընտրիչները կքվեարկեն դեկտեմբերի 16-ին, իսկ հունվարի 6-ին արդյունքները կհաստատի ամերիկյան օրենսդիր մարմինը։
Ո՞ր նահանգները կորոշեն ընտրությունների ելքը
Քաղաքական տեսանկյունից Միացյալ Նահանգներում նահանգները բաժանվում են երկու խմբի՝
- Կոնկրետ կուսակցությանը սատարող նահանգներ,
- Տատանվող նահանգներ
ԱՄՆ-ում մեծ թիվ են կազմում այն նահանգները, որտեղ ավանդաբար հաղթում են Դեմոկրատական կամ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։ Օրինակ՝ Կալիֆոռնիայում, Օրեգոնում, մայրաքաղաք Վաշինգտոնում, Իլինոյսում, Նյու Յորքում, ԱՄՆ-ի հյուսիսարևելյան նահանգներում և այլն ավանդաբար հաղթում է Դեմոկրատական կուսակցությունը, իսկ Տեխասում, Արևմտյան Վիրջինիայում, Մոնտանայում, Հյուսիսային և Հարավային Դակոտաներում, Ալյասկայում, Կենտուկիում և այլն՝ հաղթում է Հանրապետական կուսակցությունը։
Սակայն կան տատանվող նահանգներ, որտեղ մինչև վերջին պահն ընտրությունների ելքը որոշված չէ։ Այսինքն, այդ նահանգներում կարող են հաղթել ինչպես դեմոկրատները, այնպես էլ՝ հանրապետականները։ Դրանց թիվն աստիճանաբար փոխվում է ժողովրդագրական և քաղաքական գործոնների հիման վրա։ Այս անգամ որոշիչ նահանգները կլինեն 7-ը, որոնց էլ կարելի է բաժանել երեք խմբի։
Here's a history of swing states over the years. pic.twitter.com/9Rg3BPT9gN
— EmperorTigerstar (@EmpTigerstar) November 7, 2020
Առաջին հերթին խոսքը Նևադայի և Արիզոնայի մասին է, որոնք ունեն, համապատասխանաբար, 6 և 11 ընտրիչ։ Արիզոնան շատ երկար ժամանակ համարվում էր «կարմիր» նահանգ, այսինքն՝ հաղթում էին հանրապետականները, սակայն վերջին 10 տարվա ընթացքում նահանգի բնակչության քաղաքական նախապատվություններում լուրջ փոփոխություններ են եղել։ Իսկ 2020 թվականին այնտեղ հաղթեց Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու, ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը։ Նևադան էլ երկար տարիներ «կապույտ» նահանգ էր, այսինքն՝ հաղթում էին դեմոկրատները, սակայն վերջին տարիներին բնակչությունը քվեարկում է ինչպես դեմոկրատների, այնպես էլ՝ հանրապետականների օգտին։
Երկու նահանգներում էլ բնակչության կազմում մեծանում է լատինոամերիկացիների թիվը, որոնք ներկայումս կազմում են ընտրողների ընդհանուր թվի մոտ 30%-ը։ Միևնույն ժամանակ, Արիզոնան գտնվում է Մեքսիկայի հետ սահմանին, իսկ միգրացիայի հետ կապված հարցերը խիստ կարևոր են այս նահանգի համար, ուստի Արիզոնայում հնարավոր է հաղթի Դոնալդ Թրամփը, որն ակտիվորեն դեմ է արտահայտվում ներկայիս միգրացիոն քաղաքականությանը։
ԱՄՆ հարավարևելյան՝ Հյուսիսային Կարոլինա և Ջորջիա նահանգները ևս տատանվողների շարքում են։ Նրանցից յուրաքանչյուրն ունի 16 ընտրիչ։ Այս նահանգները գտնվում են այն հատվածում, որտեղ մեծ է խիստ կրոնապաշտ և պահպանողական ամերիկացիների թիվը։ Բացի այդ, այս նահանգներում մեծ թիվ են կազմում նաև աֆրոամերիացիները։ Ավելին, վերջին շրջանում այս նահանգներում գրանցվում են ուրբանիզացման արագ տեմպեր։ Այս ամենի արդյունքում Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում ամրապնդվում են դեմոկրատների դիրքերը։ Սակայն 1980 թվականից ի վեր Հյուսիսային Կարոլինայում Դեմոկրատական կուսակցությունը հաղթել է միայն մեկ անգամ՝ 2008 թվականին, երբ նախագահ ընտրվեց Բարաք Օբաման։ Ջորջիայում Օբաման պարտվել է երկու անգամ, փոխարենը այնտեղ հաղթել է Ջո Բայդենը։ Իսկ ներկայումս այս նահանգներում Քամալա Հարիսն ու Դոնալդ Թրամփն ունեն հավասար աջակցություն։
Մյուս տատանվող նահանգներն են Փենսիլվանիան, Միչիգանը և Վիսկոնսինը։ Այս նահանգներն ունեն, համապատասխանաբար, 19, 15 և 10 ընտրիչ։ Երեք նահանգներում էլ մեծ է սպիտակամորթ բնակչության թիվը, իսկ նախկինում այս նահանգների տնտեսությունը կառուցվում էր արդյունաբերական ոլորտի հենքի վրա։ Դեմոկրատներն աջակցում էին արհմիութենական շարժումները, իսկ բանվոր դասակարգը՝ Դեմոկրատական կուսակցությանը։ Սակայն 20-րդ դարի վերջին, ծախսերի նվազեցման պատճառով, Միացյալ Նահանգներից արդյունաբերությունը որոշակիորեն տեղափոխվեց այլ երկրներ, ինչի հետևանքով այս շրջանը մտավ ծանր ճգնաժամի փուլ, ինչի պատճառով նահանգներում թուլացան դեմոկրատների դիրքերը։
2016 թվականին այս երեք նահանգներում էլ, շատ քիչ տարբերությամբ, հաղթեց Դոնալդ Թրամփը, սակայն նույն նահանգներում 2020 թվականին հաղթեց Թրամփի մրցակիցը՝ Ջո Բայդենը։ Եթե Քամալա Հարիսը կարողանա հաղթել բոլոր այն չտատանվող նահանգներում, որտեղ հաղթել էր Ջո Բայդենը, ապա այս երեք նահանգներում հաղթանակը բավարար կլինի անհրաժեշտ 270 ընտրիչների ձայները ստանալու համար։
Ե՞րբ հայտնի կլինեն ընտրությունների արդյունքները
Քանի որ ընտրիչները պարտավոր են քվեարկել բոլոր նահանգների ընտրողների քաղաքական կամքին համապատասխան, ընտրությունների արդյունքները պարզ կլինեն, երբ հայտնի լինի տատանվող նահանգներում քվեարկության ելքը։
2020 թվականին, կորոնավիրուսի համավարակի պատճառով, քվեաթերթիկները հաշվարկը տևեց մինչև շաբաթ օրը։ Բազմաթիվ նահանգներ առաջին անգամ մտցրել էին վաղաժամկետ և փոստային համակարգով ընտրությունների տարբերակը։ Այդ տարի ընտրություններին մասնակցում էին ռեկորդային թվով ընտրողներ։ Դրանից ի վեր նահանգների մեծ մասը փոխել է հաշվարկի ձևն այնպես, որ արդյունքները պարզ լինեն շատ ավելի շուտ։
Այդուհանդերձ, այս անգամ ևս հնարավոր է, որ քվեաթերթիկների հաշվարկը մի քանի օր տևի։ Բայց, եթե թեկնածուներից մեկը հաղթի մեծ տարբերությամբ, ապա արդեն չորեքշաբթի առավոտյան հնարավոր կլինի հասկանալ, թե ով է դարձել նախագահական ընտրությունների հաղթողը։
Ի՞նչը կարող է օգնել Քամալա Հարիսին հաղթել ընտրություններում
Հաղթաթղթերից մեկը, որը Դոնալդ Թրամփի նկատմամբ ունի Քամալա Հարիսը, Թրամփի ներգրավումն է քրեական մի շարք գործերում։ Առաջին հերթին Թրամփը մեղադրվում է հունվարի 6-ին Կապիտոլիում ներխուժման հրահրման մեջ։ Ավելին, մի քանի ամիս առաջ Դոնալդ Թրամփը մեղավոր ճանաչվեց փաստաթղթերի կեղծման գործով։ Հունվարին էլ երդվյալ ատենակալները Թրամփին պարտավորեցրին փոխհատուցում վճարել մի լրագրողի, որը Թրամփին մեղադրում էր բռնության և զրպարտության մեջ։
Հարիսի օգտին հաղթաթուղթ է նաև այն հանգամանքը, որ Թրամփի նախկին մի շարք դաշնակիցներ, այդ թվում՝ ազգային անվտանգության հարցերով նրա նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, հրապարակայնորեն քննադատում են նրան, իսկ բազմաթիվ հանրապետականներ դեմ էին նախագահի պաշտոնում նրա առաջադրմանը։
I’m asking for your vote because as president, I will get up every day and fight for the American people. pic.twitter.com/lp4bj90zvn
— Kamala Harris (@KamalaHarris) November 2, 2024
Թրամփի խոցելի որոշումներից էր նաև փոխնախագահի պաշտոնին Օհայո նահանգից սենատոր Ջեյ Դի Վենսի առաջադրումը, որն ունի խիստ արմատական, երբեմն էլ ծայրահեղ դիրքորոշում մի շարք հարցերի վերաբերյալ։ Որոշ հետազոտողներ էլ պնդում են, որ Թրամփի թեկնածությանը մեծապես վնասում էին նախընտրական արշավների ժամանակ ընտրողների նկատմամբ ոչ միայն իր վիրավորական արտահայտությունները, այլև իր համախոհների։ Օրինակ՝ երգիծաբան Թոնի Հինչքլիֆը, Նյու Յորքում կայացած քարոզարշավի ժամանակ, վիրավորեց պուերտոռիկացիներին, իսկ ծնունդով ամերիկյան այս գաղութից հարյուր հազարավոր մարդիկ բնակվում են տատանվող նահանգներում։
Բացի այդ, ընդունված է համարել, որ Քամալա Հարիսը հաղթեց սեպտեմբերին կայացած միակ հեռուստաբանավեճի ժամանակ։ Թրամփն արեց մի շարք դավադրապաշտական պնդումներ, այդ թվում այն մասին, թե ԱՄՆ-ում միգրանտները, իբր, ընտանի կենդանիներ են ուտում՝ ի նկատի ունենալով շներին և կատուներին։ Այդ ժամանակ հաղորդավարները միջամտել էին Թրամփին՝ նշելով, որ Օհայո նահանգի Սփրինգֆիլդ քաղաքի քաղաքապետը, ում ակնարկում էր Թրամփը, հերքել է այդ լուրը։ Բացի այդ, Հարիսը կարողացավ այնպես անել, որ, այսպես կոչված, «Նախագիծ 2025»-ը, որտեղ խոսվում է այն մասին, թե ինչպիսին կարող է լինել Դոնալդ Թրամփի հնարավոր նախագահության նոր ժամանակահատվածը, կապվեց հենց նախկին նախագահի նախընտրական շտաբի հետ։ Այս նախագծում, որը բաղկացած է գրեթե 1000 էջից և մշակվել է Heritage հիմնադրամի կողմից, կան մի շարք վիճահարույց ու ծայրահեղ մտքեր և գաղափարներ։
Հարիսի համար հաղթաթուղթ է նաև աբորտի թեմայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշումը։ Քամալա Հարիսը պնդում է, որ յուրաքանչյուր կին պետք է ունենա աբորտի իրավունք, քանի որ դա կարող է ազդել նրանց առողջության վրա։ Թրամփը, հակառակը, պնդում է, որ պետք է արգելվի աբորտը։ Հենց սա է պատճառը, որ Միացյալ Նահանգներում էապես մեծացել է այն կանանց թիվը, որոնք պատրաստ են իրենց ձայնը տալ Քամալա Հարիսին։
Շատ վերլուծաբաններ ընդգծում են նաև Քամալա Հարիսի շտաբի աշխատանքի արդյունավետությունը։ Նա ռեկորդային ժամկետներում կարողացավ հավաքել միլիարդավոր դոլարների նվիրատվություններ՝ էապես շրջանցելով Թրամփին։ Դրա արդյունքում Հարիսի շտաբի բազմաթիվ կամավորներ սկսեցին շրջել Փենսիլվանիայի և տատանվող մյուս նահանգների քաղաքներով՝ իրականացնելով ԱՄՆ գործող փոխնախագահի քարոզարշավը։
Բացի այդ, տնտեսության վերաբերյալ Քամալա Հարիսն ունի բավականին պոպուլիստական ծրագիր, որը ևս լրացուցիչ աջակցություն կարող է բերել նրան։ Փոխարենը Թրամփը վերջին օրերին իր ժամանակը ծախսեց ավանդաբար դեմոկրատների օգտին քվեարկող Նյու Մեքսիկո և Վիրջինիա նահանգներում քարոզարշավ իրականացնելու վրա՝ էապես անուշադրության մատնելով տատանվող նահանգներին։
"I've got one vote — same as anyone else — and I'm going to use it to move forward. I'm going to vote for Kamala Harris" - Harrison Ford on why he's endorsing Kamala Harris and Tim Walz pic.twitter.com/3hlSENqvk1
— The Hollywood Reporter (@THR) November 2, 2024
Հարիսի քարոզարշավին միացել էր նաև «ծանր հրետանին»։ ԱՄՆ գործող փոխնախագահին իր աջակցությունն էր հայտնել գրեթե ողջ Հոլիվուդը։
Ի՞նչը կարող է օգնել Դոնալդ Թրամփին հաղթել ընտրություններում
Դոնալդ Թրամփի գլխավոր հաղթաթղթերից մեկն այն է, որ ի տարբերություն Քամալա Հարիսի, Թրամփը շատ ավելի մեծ ժամանակ ուներ նախընտրական քարոզարշավի համար։ Թրամփն իր թեկնածության առաջադրման մտադրության մասին հայտարարեց դեռ երկու տարի առաջ նոյեմբերին, մինչդեռ Քամալա Հարիսը նախընտրական քարոզարշավին մասնակցում է միայն հուլիսի վերջից սկսած։ Սկզբնական շրջանում Հարիսն իր վարկանիշով գերազանցում էր Թրամփին, սակայն պատկերն աստիճանաբար հավասարվեց։ Ավելին, ոմանք Հարիսին մեղադրում էին Ջո Բայդենի քարոզարշավի սեփականացման փորձերի մեջ։ Քիչ չեն նաև այն պնդումները, որ էական լարվածություն կա Քամալա Հարիսի և Ջո Բայդենի թիմերի միջև։
MAKE AMERICA GREAT AGAIN! https://t.co/czQRkZmr59 #FightForAmerica pic.twitter.com/KT1SzCpQpt
— Donald J. Trump (@realDonaldTrump) November 4, 2024
Բազմաթիվ ընտրողներ Թրամփի նախագահությունը հիշում են որպես «շատ հաջողված» ու փոխարենը Բայդենին ու Հարիսին քննադատում գնաճի ու միգրացիոն ճգնաժամի մեջ։ Միացյալ Նահանգներում մեծ աջակցություն է վայելում Թրամփի այն պնդումը, որ անհրաժեշտ է զանգվածաբար արտաքսել ԱՄՆ տարածքում գտնվող միլիոնավոր ապօրինի միգրանտներին։ Շատ ընտրողներ աջակցում են նաև Թրամփի՝ եկամտային հարկի ամբողջական վերացման մասին պոպուլիստական պնդումներին։ Քննադատները դեմոկրատներին մեղադրում են նաև ներքին պարտքի աճի մեջ՝ առաջ չքաշելով տարբերակներ, թե այլ ինչ միջոցներով հնարավոր է իրականացնել ԱՄՆ տարածքում իրականացվող և ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք նախագծեր։
Քիչ չեն նաև այն անձինք, որոնց համար Թրամփը «կուռք է»։ Նրանք արդարացնում են ԱՄՆ նախկին նախագահի ցանկացած գործողություն։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հանրապետական կուսակցության անդամների երկու երրորդը նույնիսկ կիսում են Թրամփի կարծիքն այն մասին, որ «միգրանտները թունավորում են ամերիկացիների արյունը»։
Թրամփի հեղինակությունը բարձրացրին նաև այս տարի ամռանը նախկին նախագահի դեմ մահափորձի մի քանի դեպքերը։
Ւլյուստրացիան՝ Oriana Fenwick/Foreign Policy
Մեկնաբանել