HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Նոան» Լոնդոնում 8 անպատասխան գնդակ բաց թողեց «Չելսիից»

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում Երևանի «Նոան» հյուրընկալվել էր Անգլիայի ամենահեղինակավոր ակումբներից մեկին՝ Լոնդոնի «Չելսիին»։ Խաղն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 8։0 հաշվով։ Հանդիպումը տեղի ունեցավ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում։

Հանդիպման մեկնարկում «Նոան» ակտիվ գրոհում էր և նույնիսկ մոտ էր հաշիվը բացելուն, սակայն երևանյան թիմի հարձակվող Գոնսալու Գրեգորիուն նպաստավոր դիրքից չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։ «Նոայի» մեկնարկային ակտիվությունը, սակայն, շուտով վատ ավարտ ունեցավ, քանի որ առաջին խաղակեսի ընթացքում «Չելսին» մեկը մյուսի հետևից 6 գնդակ ուղարկեց Հայաստանի փոխչեմպիոնի դարպասը․ գոլերի հեղինակ դարձան Տոսին Ադարաբիոյոն, Մարկ Գիուն, Ակսել Դիսասին, Միխայլո Մուդրիկը, երկու անգամ էլ՝ Ժոաո Ֆելիքսը։

Երկրորդ խաղակեսում պատկերն առանձնապես չփոխվեց․ խփած 6 գոլին «Չելսին» ավելացրեց ևս 2-ը։ Իր հաշվին դուբլ գրանցեց լոնդոնյան թիմի ֆրանսիացի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն, գոլերից մեկը նա խփեց 11-մետրանոց հարվածից։ Նշենք, որ երկրորդ խաղակեսի ընթացքում «Նոան» երբեմն գրոհում և հարվածեր կատարում էր «Չելսիի» դարպասին, սակայն լոնդոնյան թիմի դարպասապահ Ֆիլիպ Յորգենսենը հետ մղեց բոլոր հարվածները։ Այսպիսով, հանդիպումն ավարտվեց «Չելսիի» հաղթանակով՝ 8։0 հաշվով։

Նոյեմբերի 28-ին՝ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Նոան» Երևանում կհյուրընկալի իսլանդական «Վիկինգուրին»։ Առաջին տուրում երևանյան թիմը սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթել էր Չեխիան ներկայացնող «Մլադա Բոլեսլավին», իսկ երկրորդ տուրում Վիեննայում 0։1 հաշվով զիջել էր ավստրիական «Ռապիդին»։

Հիշեցնենք՝ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլին մասնակցում է 36 ակումբ, որոնցից յուրաքանչյուրը պետք է 6 հանդիպում անցկացնի 6 տարբեր թիմերի դեմ՝ 3-ը սեփական հարկի տակ, 3-ը՝ դրսում։ Մրցաշարային աղյուսակի առաջին ութ տեղերը զբաղեցրած թիմերը միանգամից դուրս են գալիս Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչ փուլ։ 9-24-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը բաժանվում են 8 զույգերի և խաղարկում են 1/8 եզրափակչի մյուս 8 ուղեգրերը։ Մրցաշարային աղյուսակի 25-36-րդ տեղերը զբաղեցրած թիմերն էլ լքում են մրցաշարը։

Կայացած երեք տուրերից հետո «Նոան» 3 միավորով 28-րդ տեղում է։

Լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter