Էրդողանը հուսով է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները օգտակար կլինեն ողջ աշխարհի համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունները օգուտ կբերեն ինչպես ամերիկյան ժողովրդին, այնպես էլ ողջ աշխարհին: Anadolu գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտնել է լրագրողներին՝ Բուդապեշտից վերադարձի ճանապարհին, որտեղ մասնակցում էր Եվրոպական քաղաքական խորհրդի գագաթնաժողովին։
«Առաջին հերթին ցանկանում եմ, որ այս ընտրությունները օգտակար լինեն ԱՄՆ-ի, մեր տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար։ Պարոն Թրամփը ընտրական գործընթացի ընթացքում մեծ պայքար է մղել բազմաթիվ դժվարությունների, այդ թվում՝ սպանության փորձի դեմ: Ինչպես գիտեք, նրան փորձել էին սպանել, գնդակը դիպել էր ականջին։ Նրան ոստիկանական բաժանմունքներ էին տանում ձեռնաշղթաներով։ Մինչ այս բոլոր իրադարձությունները տեղի էին ունենում, նա շարունակում էր քարոզարշավը՝ չհուսահատվելով, չհոգնելով, դիմադրելով: Դրան ամեն քաղաքական գործիչ չէ, որ կարող է հանգիստ հասնել։ Թրամփին դա հաջողվել է»,- նշել է Էրդողանը՝ հավելելով, որ Թրամփի կողքին եղել է միայն Իլոն Մասկը։
«Նրանք ձեռք ձեռքի տված գործել են»,- հավելել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ չնայած ճնշումներին, այդ թվում՝ դատական գործընթացին, «Թրամփը շատ լուրջ փորձություն է անցել»:
Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է նախագահական ընտրություններում և կպաշտոնավարի ևս մեկ շրջան։ Այս պահի դրությամբ նա ունի 301 ընտրիչի աջակցություն, իսկ նախագահ դառնալու համար բավարար էր 270-ը։ Դեռևս հայտնի չեն Արիզոնայի արդյունքները, որտեղ առաջատարը դարձյալ Թրամփն է։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել