Դոնալդ Թրամփը` ԱՄՆ 47-րդ նախագահ
Ամերիկյան լրատվամիջոցները կանխատեսում են, որ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթել է Վիսկոնսին նահանգում, որը ևս տատանվող նահանգների շարքում էր։
Սա նշանակում է, որ ԱՄՆ նախկին նախագահը հավաքում է ընտրիչների անհրաժեշտ առնվազն 270 ձայնը ու դառնում ԱՄՆ 47-րդ նախագահը։
Թրամփը Սպիտակ տանը կմնա ևս 4 տարի։ Նա վերընտրման հնարավորություն այլևս չի ունենա, քանի որ ամերիկյան սահմանադրությունն արգելում է միևնույն անձին երկու ժամկետից ավել պաշտոնավարել նախագահի պաշտոնում։
Նախատեսվում է, որ Վիսկոնսինից զատ, Թրամփը Հարիսին կհաղթի նաև Միչիգանում, Արիզոնայում և Նևադայում։ Ավելի վաղ, նա հաղթել էր տատանվող նահանգներից Հյուսիսային Կարոլինայում, Ջորջիայում և Փենսիլվանիայում։
Հետաքրքրական է, որ Դոնալդ Թրամփը, վերընտրվելով երկրորդ անգամ, դարձավ ԱՄՆ պատմության ամենածեր նախագահը՝ փոխարինելով Ջո Բայդենին։ Նա 78 տարեկան է, իսկ ընտրվելու պահին Բայդենը 77 էր։
Դոնալդ Թրամփն արդեն իսկ հանդես է եկել ելույթով։ Նա շնորհակալություն է հայտնել կնոջ, իր զավակներին, Իլոն Մասկին՝ նշելով, որ նրանք իրեն մեծ աջակցություն են ցուցաբերել։ Թրամփը հայտարարել էր, որ տարել է «քաղաքական հաղթանակ» և իրեն անվանել ԱՄՆ 47-րդ նախագահ: Նրա խոսքով՝ ինքը «զարմանալի հաղթանակ» է տարել ընտրություններում։
Թրամփն ընդգծել է, որ հանրապետականները վերադարձրել են նաև Սենատի նկատմամբ վերահսկողությունը։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել