«Շիրակ Ավիան» ձեռք է բերել երրորդ օդանավը
Հայկական «Շիրակ Ավիան» իր ավիապարկը համալրել է երրորդ ինքնաթիռով:
2019-ի հոկտեմբերին հիմնադրված եւ 2021-ի հունվարից օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ունեցող այս ավիաընկերությունը սեփական կոմերցիոն փոխադրումներ իրականացնում է 2022-ի հունիսից (մինչ այդ իր միակ օդանավն ընկերությունը վարձակալությամբ էր տալիս տեղական գործընկերներին): Ներկա պահին «Շիրակ Ավիան» շահագործում է 2 հատ Boeing 737-500 տիպի ինքնաթիռ, որոնք ՀՀ-ում գրանցված են իբրեւ EK-SHA եւ EK-SHC: Դրանք նաեւ անուններ ունեն՝ «Հովհաննես Շիրազ» (30 տարեկան է) ու «Ավետիք Իսահակյան» (26 տարեկան է):
Հատկանշական է, որ այս երկու բորտերն էլ նախկինում շահագործվել են «Շիրակ Ավիայի» տիրոջը՝ ավիատոր Գառնիկ Պապիկյանին պատկանող մեկ այլ հայկական ընկերության՝ «Տարոն-Ավիայի» կողմից (սրա կազմում դրանք կրել են EK-73797 եւ EK-73772 գրանցումները): Երկու օդանավերի սեփականատերն էլ Պապիկյանի արաբական Meridien (FZE) ընկերությունն է:
Planespotters.net-ի տեղեկացմամբ՝ այս տարվա օգոստոսին «Շիրակ Ավիան» ձեռք է բերել երրորդ օդանավը՝ Boeing 737-800 տիպի, որը եղածներից ավելի թարմ է՝ արտադրվել է 2006-ին: Այս տեսակի օդանավերը Boeing 737-500-ներից ավելի տարողունակ են եւ ավելի մեծ հեռավորություն են հաղթահարում:
Ընդ որում՝ սա «Շիրակ Ավիայի» առաջին Boeing 737-800-ը չէ: 2022-ի մարտին նույնատիպ մեկ այլ օդանավ գրանցվել էր ՀՀ-ում որպես EK-SHB: Դրա սեփականատերը եւս Meridien (FZE)-ն է: Այդուհանդերձ, Կահիրեից Երեւան գալու փոխարեն նույն տարվա օգոստոսին այն հանվեց ՀՀ ռեգիստրից ու տեղափոխվեց Սուդան՝ հանձնվելով տեղական Badr Airlines-ին, որը Գառնիկ Պապիկյանի վաղուցվա գործընկերն է: Մինչ օրս այդ օդանավը շահագործվում է Սուդանում (գրանցումը՝ ST-BDS):
Ինչ վերաբերում է «Շիրակ Ավիայի» նոր ինքնաթիռին, ապա այն նախկինում շահագործվել է Չինաստանում եւ Իտալիայում: Օդանավը, ըստ planespotters.net-ի, շահագործումից հանվել էր 2020-ի նոյեմբերին եւ 2020-2021 թթ. կայանված էր Միլանում, իսկ 2021-2024 թթ.՝ լեհական Կատովիցեում: 2024-ի օգոստոսին տեղափոխվել է Բուխարեստ, որտեղից էլ նոյեմբերի 8-ին թռել է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան:
Ինքնաթիռի վրա երեւում է հայկական գրանցումը՝ EK-SHD (տես առաջին լուսանկարում), չնայած որ Քաղավիացիայի կոմիտեի կայքում ՀՀ օդանավերի ռեգիստրի տվյալները վերջին անգամ թարմացվել են այս տարվա սեպտեմբերի 10-ին, եւ այս բորտն այնտեղ չկա:
EK-SHD-ի վրա մասամբ պահպանվել է նաեւ նախորդ շահագործողի՝ իտալական Blue Panorama Airlines-ի գունային ձեւավորումը:
Նկատենք, որ այս պահին «Շիրակ Ավիայից» ու «Արմենիա Էյրվեյզից» բացի՝ ինքնաթիռ շահագործող մյուս հայկական ավիաընկերությունների շարժակազմերում կա ՀՀ-ում գրանցված առավելագույնը 2 ինքնաթիռ:
Լուսանկարում՝ EK-SHD-ն՝ Բուխարեստի օդանավակայանում՝ դեպի Երեւան թռիչքից առաջ, 08.11.2024, հեղ.՝ Ռոբերտ Դումիտրեսկու (jetphotos.com)
Մեկնաբանել