HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Շիրակ Ավիան» օդանավերն անվանակոչել է հայտնի գյումրեցիների անուններով

«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը Հայաստանում գրանցված իր երկու ինքնաթիռներն անվանակոչել է գյումրեցի երկու մեծանուն գրողների՝ Հովհաննես Շիրազի ու Ավետիք Իսահակյանի անուններով:

Ընկերությունը ներկայում շահագործում է «Boeing 737-500» տիպի երկու օդանավ, որոնք ՀՀ-ում գրանցված են որպես EK-SHA (ստացել է Հ. Շիրազի անունը) եւ EK-SHC (ստացել է Ա. Իսահակյանի անունը):

Ավիաընկերության անունն ու օդանավերը հայտնի գյումրեցիների անուններով կոչելը պատահականություն չէ. ավիաընկերության հիմնադիրը՝ ավիատոր Գառնիկ Պապիկյանը, գյումրեցի է: Պապիկյանին է պատկանում նաեւ օդանավերի սեփականատեր ընկերությունը՝ արաբական «Meridien (FZE)»-ն: Ընդ որում՝ «Շիրակ Ավիան» իրավաբանորեն հենց Գյումրիում է գրանցված, չնայած որ գլխավոր գրասենյակը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի հարեւանությամբ է:

Հիշեցնենք, որ «Շիրակ Ավիան» հիմնադրվել է 2019 թ. հոկտեմբերին, մի փուլում, երբ Գ. Պապիկյանի նախորդ ընկերությունը՝ «Տարոն-Ավիան», ծանր ժամանակներ էր ապրում ու, ի վերջո, 2019-ի նոյեմբերին վերջնականապես լքեց հայկական շուկան (ըստ ՊԵԿ-ի՝ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցված է):

2021-ի հունվարին «Շիրակ Ավիան» օդանավ շահագործողի վկայական է ստացել, ինչը նրան իրավունք է տվել զբաղվել կոմերցիոն ավիափոխադրումներով:

Ճիշտ է, սեփական կանոնավոր թռիչքներն ավիաընկերությունն սկսեց մի փոքր ուշ՝ 2022-ի հունիսից: Իսկ 2021-2022 թթ. «Շիրակ Ավիայի» միակ ինքնաթիռը վարձակալական հիմունքներով շահագործվում էր այլ հայկական ավիաընկերությունների կարիքների համար:

Հատկանշական է, որ «Տարոն-Ավիան» եւս նախկինում անվանակոչել էր իր օդանավերից երկուսը: Դրանցից մեկին (ՀՀ գրանցումը՝ EK-73797) տրվել էր «Մհեր Մկրտչյան» անունը, մյուսին (EK-73776)՝ «Արամ Խաչատրյան»: Այսինքն՝ եթե օդանավեր անվանակոչելը 2021 թվականից թռիչքներ կատարող «Շիրակ Ավիայում» նորություն է, ապա նրա ղեկավարության համար հին պրակտիկա է:

Ավելին՝ օդանավեր անվանակոչելը քաղաքացիական ավիացիայում բավականին տարածված երեւույթ է, իսկ հայկական ավիացիայում առաջին անգամ կիրառվել է «Հայկական ավիաուղիներ» պետական ընկերության կողմից, որն «Արարատ» էր անվանել 1998-ին «Airbus» ձեռնարկությունից վարձակալած «Airbus A310» ինքնաթիռը: Բայց մեր երկրում օդանավերն անվանակոչելու ամենամեծ փորձն ունեցել է նախկին ազգային ավիափոխադրող «Արմավիան», որն իր ինքնաթիռներին տալիս էր հայտնի հայերի անուններ:

Վերադառնակով «Շիրակ Ավիայի» անվանակոչված բորտերին՝ EK-SHA-ին («Հովհաննես Շիրազ») եւ EK-SHC-ին («Ավետիք Իսահակյան»)՝ հարկ է նկատել, որ սրանք նախկինում եւս գրանցված են եղել Հայաստանում:

Մասնավորապես՝ EK-SHA-ն, որը նախկինում կրում էր EK-73797 գրանցումը, շահագործվել է «Էյր Արմենիայի» ու «Տարոն-Ավիայի» կողմից: Վերջինիս կազմում, ինչպես վերեւում ասվեց, այն ստացել էր «Մհեր Մկրտչյան» անունը: Այսպիսով՝ «Boeing 737-500» տիպի օդանավը 2019-2024 թթ. դադարից հետո նորից անվանակոչվել է, բայց «Մհեր Մկրտչյանի» փոխարեն դարձել է «Հովհաննես Շիրազ»:

Ինչ վերաբերում է Իսահակյանի անունը ստացած EK-SHC-ին, ապա նախկինում այն գրանցված է եղել «Արմավիայի» եւ «Տարոն-Ավիայի» կազմերում որպես EK-73772, սակայն այն ժամանակ այս «Boeing 737-500»-ը անուն չի ունեցել:

Հարկ է նկատել, որ Հովհաննես Շիրազի ու Ավետիք Իսահակյանի անունները երբեք չեն կիրառվել մեր քաղավիացիայում որեւէ ավիաընկերության կողմից:

«Շիրակ Ավիայի» նշված երկու ինքնաթիռներից բացի՝ այս պահին Հայաստանում գրանցված օդանավերից անուններ ունեն հետեւյալ բորտերը.

«ՆովԷյր» - օդանավի տեսակը՝ «L-410UVP-E20», ՀՀ գրանցումը՝ EK-4117, անունը՝ «Համո Սահյան» (ինքնաթիռը շահագործում է Երեւան-Կապան-Երեւան երթուղին, սեփականատերը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամն է, եւ պատահական չէ, որ բորտը ստացել է սյունեցի (Սիսիանի Լոր գյուղից) հայտնի գրող Համո Սահյանի անունը)

«Էյր Դիլիջանս» - օդանավի տեսակը՝ «Boeing 737-500», ՀՀ գրանցումը՝ EK-73736, անունը՝ «Նիկա» (սա նաեւ ավիաընկերության ազդականչն է)

Քանի դեռ «Արմենիա Էյրվեյզն» ամբողջությամբ սպիտակ չէր ներկել իր օդանավերից մեկը՝ EK-73730 գրանցումով «Boeing 737-300»-ը, մինչեւ վերջերս այն կրում էր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գրիգոր Ղազարյանի անունը:

Լուսանկարները՝ ավիաընկերությունների ֆեյսբուքյան էջերից, jetphotos.com կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter