HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքան հարկ են վճարել բանկերը հունվար-սեպտեմբերին

Հայաստանի առևտրային բանկերը ներառված են խոշոր հարկատուների կազմում։ Այս տարվա ինն ամսում (2024 հունվար-սեպտեմբեր) 18 բանկերը միասին պետական բյուջե են վճարել մոտ 103 մլրդ դրամի հարկեր։ «Արցախբանկ»-ին չհաշված՝ մյուս 17 բանկերի հարկերը միասին, նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ, նվազել են 9%-ով։ 

«Արցախբանկ»-ը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին չի ներառվել խոշորների կազմում, ուստի հարկերի ծավալը հրապարակված չէ։ 

2024 թվականի հունվար-սեպտեմբերի արդյունքներով բանկային համակարգի ամենախոշոր հարկատուն «Ամերիաբանկ»-ն է, որի վճարած հարկերի ծավալը կազմել է 20.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 10%-ով։

Համակարգի երկրորդ խոշոր հարկատուն «Ակբա բանկ»-ն է՝ 10.9 մլրդ դրամով։ Բանկի հարկերը մնացել են նույն մակարդակում։

Երրորդը «Ինեկոբանկն» է՝ 9.5 մլրդ դրամի հարկերով և 10% աճով։ 

Կտրուկ նվազել են «Արդշինբանկ»-ի հարկերը՝ կազմելով 8.1 մլրդ դրամ։ Նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ այն նվազել է 13.2 մլրդ դրամով կամ 62%-ով։ «Արդշինբանկ»-ի հարկերի անկումը էական բացասական ազդեցություն է թողել բանկային համակարգի ընդհանուր հարկերի ծավալի վրա։

Մյուս խոշոր հարկատու բանկը՝ «Կոնվերս բանկը», ավելի քան երկու անգամ ավելացրել է հարկերը՝ ինն ամսում վճարելով 6.7 մլրդ դրամ։

Հարկերի տեսանելի աճ են գրանցել նաև «ՎՏԲ Հայաստան բանկը» և «Ամիօ բանկը»։ Ընդհանուր առմամբ, բացի «Արցախբանկից», բանկերից յոթը նվազեցրել են հարկերը, տասը՝ ավելացրել։ 

2022 թվականից Հայաստանի բանկերն ավելացնում են շահույթը։ 2022 թվականին՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո, Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները դարձան հայկական բանկերի ռեկորդային շահույթի շարժիչ ուժը։  Զուգահեռ բանկերը 2022-2023-ին ավելացրել են նաև հարկերը։

Այս տարի ևս բանկային համակարգի ընդհանուր շահույթն աճել է։ 

Չնայած որ առանձին վերցրած բանկերի մի մասը հարկերի աճ ևս գրանցել է, սակայն ընդհանուր համակարգի հարկերի ծավալը նվազել է։ Սովորաբար, շահութահարկը վճարվում է հաջորդող տարվա առաջին կամ երկրորդ եռամսյակներում։ Հետևաբար, չի բացառվում, որ բանկերը հարկերի աճ ցույց տան եկող տարվա ընթացքում, եթե ավելի ուժեղ չգտնվեն հարկերի նվազմանը նպաստող գործոնները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter