Հանրապետական կուսակցությունը պահպանել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նկատմամբ վերահսկողությունը
Հանրապետական կուսակցությունը նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայացած համընդհանուր ընտրությունների արդյունքներով պահպանում է վերահսկողությունը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նկատմամբ: Reuters գործակալության փոխանցմամբ՝ նման կանխատեսմամբ հանդես է եկել ամերիկյան DDHQ պորտալը։
Ինչպես պարզ է դառնում հրապարակված տվյալներից, հանրապետականները Ներկայացուցիչների պալատում ստանում են առնվազն 218 մանդատ, որոնք անհրաժեշտ են Կոնգրեսի ստորին պալատի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու համար, իսկ դեմոկրատներն այս պահին ունեն 209 մանդատ: Ավելի վաղ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին հաջողվել էր նաև մեծամասնություն ստանալ Սենատում՝ Կոնգրեսի վերին պալատում: ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարում էլ հաղթանակ է տարել հանրապետական Դոնալդ Թրամփը:
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մեծամասնությունը հանրապետականներին էր անցել 2022 թվականի միջանկյալ ընտրությունների արդյունքում։
Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը, որն ԱՄՆ պետական հիերարխիայում նշանակությամբ երրորդն է, ներկայում զբաղեցնում է Լուիզիանա նահանգից հանրապետական կոնգրեսական Մայք Ջոնսոնը:
Լուսանկարը՝ AP գործակալության
Մեկնաբանել