HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ֆինանսական խաբեությամբ զբաղվող UniCredit-ի վերաբերյալ Ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե

Չլիցենզավորված և որևէ տեղ չգրանցված UniCredit ընկերության վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունը առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումն ուղարկել է Քննչական կոմիտե քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար։

«Հետքն» ավելի վաղը գրել է, որ անձինք, որոնք ներկայանում են որպես UniCredit ընկերության աշխատակիցներ, ֆինանսական խորհրդատվության անվան տակ քաղաքացիներին ուղղորդում են բանկերից վարկ վերցնել։ Վարկի գումարի մի մասը նրանք վերցնում են քաղաքացուց իբրև թե իրենց մատուցած ֆինանսական խորհրդատվության վճար, իսկ քաղաքացին պարտավորվում է վարկի ամբողջ գումարը վճարել բանկերին։

Խմբագրություն դիմած քաղաքացին պատմել է, թե ինչպես են իրեն ուղղորդել «Արդշինբանկ» գնալ՝ ասելով, որ արդեն իսկ պայմանավորվածություն ունեն իրեն տրվելիք վարկի վերաբերյալ։ Բանկից, սակայն, համոզված են, որ UniCredit-ի աշխատակիցները օգտագործել են իրենց անունը վստահություն ներշնչելու համար և գումար վաստակել հաճախորդների միամտության հաշվին։ 

Քաղաքացին հասկացել էր, որ գործ ունի խաբեբաների հետ և լքել է բանկի մասնաճյուղը՝ առանց գործարք անելու։

Այլ քաղաքացիներ, սակայն, խաբեության զոհ են դարձել։ Նրանցից մեկը դիմել է Ոստիկանություն։ 

«Հոդվածում նշված նույնաբովանդակ հանգամանքների վերաբերյալ 2024 թվականի հուլիսի 25-ին քաղաքացի Է. Բ.-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որի կապակցությամբ վերջինս հրավիրվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին և հայտնել, որ խաբեության եղանակով իր անվամբ «UniCredit» և «GlobalCredit» վարկային կազմակերպություններում ձևակերպվել են վարկեր՝ իրեն պատճառելով ընդհանուր առմամբ 110 000 դրամի վնաս։ Վերոգրյալի հիման վրա առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար»,- մեր հարցմանն ի պատասխան հայտնել են ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից։

Փորձեցինք պարզել՝ արդյոք նշված անձինք շարունակու՞մ են «ֆինանսական խորհրդատվություն» տրամադրել։ UniCredit-ի կայքով այժմ հնարավոր է սեղմել «Ստանալ վարկ» կոճակը և դիմել վարկի համար, որտեղ անհրաժեշտ է լրացնել անձնական տվյալներ, այդ թվում՝ հանրային ծառայությունների համարանիշը՝ սոցիալական քարտը։

Պարզ չէ՝ սոցքարտի գրանցումից հետո կշարունակվի՞ գործարքը, թե՞ ոչ։ Ամեն դեպքում, UniCredit-ի սոցիալական էջում և կայքում գրանցված հեռախոսահամարին չեն պատասխանում։  Այս տարվա հուլիսին այդ հեռախոսահամարը ակտիվ էր՝ պատասխանում էին զանգերին, պոտենցիալ հաճախորդներին անմիջապես հրավիրում իրենց գրասենյակ։

Թե ինչ է որոշվել Քննչական կոմիտեում UniCredit-ի և այն հիմնադրած անձանց մասով, առայժմ հայտնի չէ։ Կոմիտեից խոստացան ավելի ուշ տեղեկություններ հայտնել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter