HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

UniCredit անունով կեղծ ընկերության «աշխատակիցները» ֆինանսական խաբեությամբ գումար են շորթում հաճախորդներից

Չլիցենզավորված և որևէ տեղ չգրանցված անձինք որպես UniCredit ընկերության աշխատակիցներ են ներկայանում և ֆինանսական խորհրդատվության անվան տակ քաղաքացիներին ուղղորդում են բանկերից վարկ վերցնել։ Վարկի գումարի մի մասը նրանք վերցնում են քաղաքացուց, իսկ վերջինս պարտավորվում է ամբողջ գումարը վճարել բանկերին։  

Երևանի բնակչուհի Աննա Ավետիսյանը (անունը փոխված է իր խնդրանքով) շտապ գումար ստանալու նպատակով որոշել է վարկ վերցնել բանկերից։ Քանի որ կարճ ժամանակ առաջ արդեն իսկ մեկ վարկ վերցրել է, կարծել է, որ բանկերն իրենց դեռևս նոր վարկ չեն տրամադրի։ Սոցիալական ցանցերում սկսել է փնտրել վարկային կազմակերպություններ, որոնք արագ վարկեր են տրամադրում։ «Ֆեյսբուք»-ում տեսել է UniCredit անունով մի էջ, որը գովազդում է արագ վարկերի տրամադրում, արդեն իսկ վարկերով ծանրաբեռնված քաղաքացիների վարկավորում և այլն։ Հետագայում տեսել է, որ այս էջը նաև «պաշտոնական» կայք ունի։ 

Էջերում նշված հեռախոսահամարով Աննան կապվել է նրանց հետ, խոստացել են վարկ տրամադրել՝ հրավիրելով իրենց գրասենյակ։ Քաղաքացին շտապել է նշված հասցեով և տեղում միայն հասկացել, որ ֆինանսական խաբերության զոհ է դառնում։

«Քանի որ գումարը շտապ էր պետք, զանգեցի կայքով և իրենց ֆեյսբուքյան էջով գրված համարին։ Ասացին, որ կարող են օգնել ինձ վարկ վերցնել, ընդ որում՝ այնպես ներկայացրին, իբրև թե գումարը հենց իրենք են տրամադրելու։ Մտածելով, որ նորմալ վարկային կազմակերպություն է՝ գնացի իրենց ասած հասցեով։ Սկզբում ասացին, որ վարկի տրամադրման երկու տարբերակ կա՝ առաջինը իմ անունով ապառիկ ապրանք են վերցնում, ապրանքը պահում են իրենց և գումարի 65-70%-ը տալիս են ինձ։ Բայց ես վարկով փակում եմ, փաստորեն, ապրանքի ամբողջ գումարը։ Այս «ընկերությունից» ինձ ասացին, որ իրենց են վերցնում գումարի մնացած մասը, քանի որ ինձ օգնել են ստանալ այս վարկը, այսինքն՝ ծառայություն են մատուցել»,- պատմում է Աննան։

Որպես հաջորդ տարբերակ Աննային առաջարկել են իրենց հետ գնալ մյուս մասնաճյուղ, վարկ ձևակերպել ու գումարը տալ։ Ներկաներից մեկը՝ Զավեն անունով, ներկայացել է որպես տնօրեն։ Աշխատակիցներից մեկն էլ, որը ոչ մի կերպ քաղաքացուն չի հայտնել իր անունն ու ազգանունը, ավտոմեքենայով ուղեկցել է իբրև թե իրենց մասնաճյուղ։ 

«Ամբողջ ընթացքում մի քանի անգամ հարցրել եմ, թե ուր ենք գնում։ Ասացին հիմա կհասնենք, կտեսնեք։ Հասանք տեղ․ և պարզվեց, որ «Արդշինբանկի» մասնաճյուղ ենք գնում։ Ինձ տվեցին մի կտրոն, որը ըստ էության՝ earlyone ծրագրով էին ամրագրել։ Ասացին, որ ներսում իրենք մարդ ունեն, և ես պետք է մտնեմ ներս, կտրոնը ակտիվացնեմ և մոտենամ էկրանին գրված համարի պատուհանին։ Իմ տվյալները կվերցնեն, կստուգեն և կասեն՝ վարկ տալի՞ս են, թե՞ ոչ»,- պատմում է Աննան։ 

UniCredit-ի աշխատակիցները Աննային ասել են, որ բանկը, ամենայն հավանականությամբ, նրա անունով վարկի հայտը կհաստատի, որի մոտ 20%-ը պետք է իրենց տա։ Մնացածը վերցնի իրեն և ըստ բանկի տված գրաֆիկի՝ «պարտաճանաչ» մուծումներն անի։ 

Աննան հասկացել է, որ խաբեության զոհ է դառնում, բանկում չի դիմել վարկի համար։ Դուրս է եկել բանկից և առանց նշված աշխատակիցների հետ շփվելու, հեռացել տարածքից։ 

«Ֆինանսական խորհրդատվությունները» Սեբաստիա 3/3 Բ շենքի առաջին հարկի հասարակական տարածքներից մեկում են մատուցվում. UniCredit-ը լիցենզավորված չէ ԿԲ-ի կողմից

UniCredit կազմակերպության անունից ներկայացած անձինք հաճախորդների հետ հանդիպում են Երևանում՝ Սեբաստիա 3/3 Բ շենքի առաջին հարկում գտնվող հասարակական տարածքներից մեկում։ Մեր մի քանի այցերի ընթացքում արձանագրել ենք, որ նշված տարածքում որևէ ցուցանակ չկա, որը կհուշեր այստեղ գրասենյակ է՝ ոչ «ընկերության» անունն է փակցված, ոչ լիցենզիան, ոչ ՀՎՀՀ-ն։ Տարածքը վերանորոգված և կահավորված է։ 

Այնտեղ գտնվող անձինք ներկայանում են որպես UniCredit ընկերության աշխատակիցներ։ Մեր տարբեր այցերի ընթացքում հավաստիացրել են, որ իրենք լիցենզավորված են Կենտրոնական բանկի կողմից, բայց չեն հանդիսանում ֆինասնական կազմակերպություն, այլ զբաղվում են ֆինանսական խորհրդատվություններով։ 

Միայն այստեղ էլ արդեն հասկանալի էր ընկերության կեղծ լինելը, քանի որ Կենտրոնական բանկը լիցենզավորում և վերահսկում է միայն ֆինանսական կազմակերպությունները։ 

Մեր լրացուցիչ ուսումնասիրությունների ընթացքում ևս հաստատվեց, որ ԿԲ-ն չի լիցենզավորել UniCredit անունով այդ կեղծ ընկերությունը։ 

«Յունիկրեդիտ» անունով ընկերությունը ռեգիստրում գրանցված չէ

UniCredit-ի կայքում և սոցիալական էջում կա հեռախոսահամար՝ 098 559 908։ Այս համարին պատասխանող աշխատակցուհին հավաստիացրեց, որ իրենք լիցենզավորված կազմակերպություն են և պետական ռեգիստրում գրանցված են «Յունիկրեդիտ» անունով։ 

Սակայն ընկերությունների պետական ռեգիստրում այս պահի դրությամբ «Յունիկրեդիտ» անունով ընկերություն չկա։ 

UniCredit-ի աշխատակցուհու հետ զրույցում հետաքրքրվեցինք, թե ինչ պայմաններով են գումար տրամադրում։ 

«Տարեկան 11.6% և պլյուս 1% բանկի սպասարկման գումար, 3-5 տարի մարման ժամկետ, շուտ մարելու դեպքում էլ բանկը տույժ, տուգանք չի սահմանում»,- ասաց աշխատակցուհին։ 

Ըստ նրա՝ UniCredit-ը ֆինանսական կազմակերպություն է, որը աշխատում է բանկերի հետ։ 

Նույն աշխատակցուհին հեռախոսազրույցի ժամանակ պատրաստ էր բանավոր հայտնած տվյալների հիման վրա ասել՝ գումար կտրամադրեն, թե ոչ, որ «իզուր» տեղը չհասնենք իրենց գրասենյակ։ Այսինքն՝ անձը կարող էր մեկ այլ անձի տվյալները տալ UniCredit-ին, վերջինս էլ առանց որևէ նույնականացման վարկի համար «հարցումներ» աներ։ 

«Բոլոր բանկերի հետ մենք աշխատում ենք»,- ասաց նա։ Հարցին ռեգիստրում գրանցված ընկերությու՞ն եք, լիցենզավորվա՞ծ եք ԿԲ-ի կողմից, վստահաբար պատասխանեց՝ այո։ Հեռախոսազրույցի սկզբում բավականին պատրաստակամ և բարեհամբույր աշխատակցուհին այս հարցերից հետո անցավ կարճ պատասխանների՝ «այո», «ոչ»։ 

Արդշինբանկ. «Գործ ունենք հերթական արկածախնդիր «միջնորդի» հետ, որը վաստակում է դիմող հաճախորդների միամտության հաշվին»

Արդշինբանկում վստահ են, որ UniCredit-ի աշխատակիցները օգտագործում են իրենց անունը վստահություն ներշնչելու համար և գումար վաստակում հաճախորդների միամտության հաշվին։ 

Մենք բանկին ենք փոխանցել մեր ունեցած տվյալները՝ կտրոնի համարը, որ տրամադրել էին մեր հերոսին, օրը, ժամը և բանկի մասնաճյուղի հասցեն, որտեղից քաղաքացին պետք է վարկը ստանար։ Շեշտել ենք նաև այն հանգամանքը, որ UniCredit-ի աշխատակիցը պնդել է՝ «ներսում մարդ ունեն»։ 

Սակայն բանկին չի հաջողվել այդ տվյալների միջոցով նույնականացնել որևէ անձի։ 

«Իրականացված համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ձեր կողմից նշված օրը և ժամին իսկապես Բանկ են այցելել երկու հաճախորդ՝ օգտվելով նախապես ամրագրված այցելության հնարավորությունից: Ցավոք, պետք է նշենք, որ տեխնիկապես հնարավոր չեղավ պարզել հերթագրման կտրոնը գեներացրած որևէ իդենտիֆիկատոր/հետք (IP, բջջային հեռախոսահամար և այլն)՝ գեներացնողին նույնականացնելու համար: Այցելուները մոտեցել են Բանկի աշխատակցին և հարցում կատարել Յունիկրեդիտ վարկային կազմակերպության հետ փոխգործակցության վերաբերյալ ու ստացել բացասական պատասխան, այնուհետև դուրս են եկել մասնաճյուղից»,- «Հետք»-ի հարցմանն ի պատասխան նշում են բանկից։

Տեսահսկման համակարգով ուսումնասիրվել է նաև բանկի տվյալ մասնաճյուղի աշխատակիցների վարքը՝ հայտնաբերելու համար բանկի պոտենցիալ «ներսի մարդուն», սակայն հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ, ըստ բանկի, չեն ստացվել:

Բանկի պատասխանում նշվում է՝  նախկինում նմանատիպ դեպքերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ գրեթե միշտ նմանատիպ միջնորդ կազմակերպություններն օգտագործում են «ներսում մարդ ունենք» արտահայտությունը: Մի մասի մոտ դա ընկալվում է այնպես, որ տվյալ ընկերության գրասենյակը տեղակայված է բանկում և ունեն առանձին աշխատակից, մյուս մասի ընկալմամբ էլ բանկի աշխատակիցները տեղեկացված են, որ մշտապես պետք է ընդառաջեն վարկային կազմակերպությանը: Այս մանիպուլյատիվ եղանակով օգտագործելով հզոր ֆինանսական կառույցի անունները՝ նման «միջնորդները» կշիռ են հաղորդում իրենց առաջարկին, և այն առավել ընդունելի դարձնում իրենց դիմած հաճախորդի համար: 

«Վերլուծելով ստացված տեղեկությունները փաստում ենք, որ գործ ունենք հերթական արկածախնդիր «միջնորդի» հետ, որը վաստակում է դիմող հաճախորդների միամտության հաշվին»,- որպես պաշտոնական դիրքորոշում նշում են Արդշինբանկից։ 

Հասցե, հեռախոսահամարներ, սոցիալական էջեր, կայք. Ոստիկանությունն ու ՊԵԿ-ը ունեն տվյալներ ֆինանսական կեղծ գործունեությամբ զբաղվող անձանց հայտնաբերելու համար

Մեր հեռախոսազանգերի և այցերի ընթացքում փորձեցինք UniCredit-ի աշխատակիցներից պարզել իրենց տարածքի հասցեն, քանի որ տրամադրում են միայն շենքի հասցեն, իսկ կոնկրետ այն տարածքը, որտեղ գրասենյակ ունեն, պետք է ունենա առանձին համար։ Աշխատակիցները հրաժարվեցին պատասխանել։ 

Հոդվածում նշված փաստերի վերաբերյալ UniCredit-ի աշխատակիցների դիրքորոշումը հասկանալու համար փորձեցինք պարզաբանում ստանալ նրանցից։

Սակայն մեզ հետ հեռախոսազրույցների ընթացքում հորդորեցին Ոստիկանություն դիմել, եթե որևէ քաղաքացի դժգոհել է իրենցից։ Ուշագրավ է, որ աշխատակիցները նաև փորձում են գաղտնի պահել իրենց անունները։ 

Այս պահին հայտնի է UniCredit-ի շենքի հասցեն՝ Սեբաստիա 3/3 Բ, հեռախոսահամարներ՝ 044 12 44 02, 098 559 908: 

Մեր զանգից հետո «ընկերության» կայքը չի գործում, ֆեյսբուքյան էջը ևս փակվել է, փոխարենը մեկ այլ էջ գտնվեց։ 

UniCredit-ը միակը չէ այս ոլորտում։ Նախկինում ևս «Հետք»-ը բացահայտել է կեղծ ընկերությունների, որոնք ներկայանում են որպես ֆինանսական միջնորդներ կամ ԿԲ-ի կողմից լիցենզավորված կառույցներ և օգտվելով հաճախորդների ֆինանսական ցածր գրագիտությունից՝ գումարներ վաստակում։ Նման ծուղակներում չհայտնվելու համար հարկավոր է նրանց ծառայություններից օգտվելուց առաջ համոզվել՝ արդյոք լիցենզավորված կազմակերպություններ են, արդյոք պաշտոնապես համագործակցում են այն բանկի կամ վարկային կազմակերպության հետ, որոնց նրանք հղում են անում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter