HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարկային միջնորդները շարունակում են չլիցենզավորված աշխատել

Վարկային միջնորդ ներկայացող կազմակերպությունները շարունակում են աշխատել՝ մոլորեցնելով քաղաքացիներին ու զբաղվելով անօրինական գործունեությամբ։ Նրանք չունեն ֆինանսական ոլորտում գործելու լիցենզիա Կենտրոնական բանկի կողմից, իրավապահներն ու բանկերը կոչ են անում գործարքներ չկնքել նման կազմակերպությունների հետ, սակայն սա չի խանգարում որոշ վարկային միջնորդների շարունակել աշխատել նույն տեմպով։

Մարտի 25-ին հրապարակված մեր հոդվածում ներկայացրել էինք, թե ինչ սխեմաներով են աշխատում վարկային միջնորդ ներկայացող կազմակերպությունները, որոնք քաղաքացիներին օժանդակում են վարկ ստանալ բանկերից ու դրա դիմաց վերցնում են մեծ չափի միջնորդավճարներ։ Նրանց գործունեությունն անօրինական է, քանի որ նրանք լիցենզավորված չեն և, հետևաբար, իրավունք չունեն համարվել ֆինանսական կազմակերպություններ։

Հոդվածում ներկայացրել էինք հերոսուհուն, որը հայտնվել էր այդպիսի վարկային միջնորդներից մեկի թակարդում։ Գործարքի արդյունքում հերոսուհին, որի անունը նրա ցանկությամբ փոխել էինք հոդվածում, պատմել էր, որ վարկային միջնորդի հետ գործարքի արդյունքում 160 հազար դրամ գումար էր ստացել՝ մինչդեռ վերջում բանկին պետք է վերադարձներ ընդհանուր առմամբ 330 հազար դրամ։  Վարկային միջնորդը նրան ուղեկցել էր տեխնիկայի խանութ, խանութից «Ամերիաբանկի» միջոցով լվացքի մեքենայի ապառիկ գնում էին ձևակերպել, մեր հերոսուհուն տվել էին 160 հազար դրամ գումար և բանկի հետ պայմանագրի թղթերը։ Իսկ լվացքի մեքենան վարկային միջնորդը վերցրել էր իրեն։  Մեր հերոսուհին չէր հիշում վարկային միջնորդի անունը, իսկ փաստաթղթերի մեջ միայն բանկի հետ գործարքի տվյալներն էին։

Հոդվածին առաջինն արձագանքեցին «Ամերիաբանկից», որտեղից խնդրեցին մեր հերոսու տվյալները, որպեսզի կարողանան գտնել այն վարկային միջնորդին կամ խանութին, որոնք կատարել են գործարքը։ Հերոսուհու խնդրանքով մենք չկարողացանք բանկին տրամադրել  իր տվյալները, փոխարենը նա պայմանագրում եղած տվյալներից նշեց այն խանութի հասցեն, որտեղ էլ ձևակերպվել է ապառիկի պայմանագիրը։ Բանկից, սակայն, այդպես էլ չկարողացան գտնել վարկային միջնորդին ու հասկանալ, թե ինչպես են աշխատել իրենց բանկի հետ՝ նշելով, որ դրա համար մեր հերոսուհու տվյալներն են հարկավոր։

Բանկից նշում են, որ վարկային միջնորդ ներկայացող կազմակերպությունները կամ անձինք որևէ կապ չունեն իրենց հետ։ «Նպատակ ունենալով հաճախորդների զերծ պահել վարկային միջնորդների հետ որևէ շփումներից՝ բանկը դեռևս 2019 թվականին շարունակաբար հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ, որով հստակ տեղեկացրել է հանրությանը լինել զգոն, չտրամադրել անձը հաստատող փաստաթղթեր երրորդ անձանց և/կամ կազմակերպություններին՝ վարկային հայտեր լրացնելու և/կամ  բանկային ծառայություններ ստանալու նպատակով։ Նշված հայտարարության մեջ հստակ մատնանշվել է, որ նշված ծառայություններ տրամադրող կազմակերպությունների և/կամ անձանց կողմից Բանկի վարկավորման հատուկ պրոդուկտների  մասին գովազդը կարող է հանդիսանալ ապատեղեկատվություն և ապակողմնորոշել հաճախորդներին։ Բանկը նաև հաստատել է, որ այդ կազմակերպությունները և/կամ անձինք որևէ կապ չունեն բանկի հետ, իսկ որևէ խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել միայն և բացառապես Բանկին՝  ներկայացնելով բանկի հետ կապ հաստատելու բոլոր հնարավոր տարբերակները»,- «Հետքին» ուղղված նամակում նշել է «Ամերիաբանկի» մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը։

Ըստ նրա՝ այն դեպքում ևս հաճախորդների կողմից ստացվել են ահազանգեր վարկային միջնորդների հետ կապված, «Ամերիաբանկը» ուսումնասիրել է յուրաքանչյուր միջադեպ՝ ներգրավելով իրավապահ մարմիններին։

Մեր հոդվածի հերոսուհու հետ կապված բանկից նշել են. «Եթե հոդվածում ներկայացված անձն իրականում հանդիսանում է Բանկի հաճախորդ, ապա մենք ակնկալում ենք նրա կողմից Բանկի հետ կապի հաստատում՝ իր վերաբերյալ հավաստի տեղեկատվության բացահայտման համար, որպեսզի հնարավոր լինի խնդրին ընթացք տալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»։

Մեր հերոսուհին, ինչպես նշեցինք վերևում չի ցանկացել հայտնել իր տվյալները, փոխարենը կրկին շեշտենք, որ բանկին տրամադրվել է խանութի հասցեն, որտեղ ձևակերպվել է լվացքի մեքենայի ապառիկ գնման պայմանագիրը։

Բացի այդ, «Ամերիա» ընկերությունների խմբի հասարակության հետ կապերի և հաղորդակցման խմբի ղեկավար Էլմիրա Ադամյանի հետ զրույցում մենք նաև նշել ենք, որ այն վարկային միջնորդները, որոնց մասին գրված է հոդվածում, մեր թղթակցին հաղորդել էին, որ աշխատում են տարբեր բանկերի հետ, այդ թվում՝ «Ամերիաբանկի»։

Պետական եկամուտների կոմիտեն վարկային միջնորդների օրինականությունը ստուգելու համար հղում է անում Կենտրոնական բանկին

Ինչպես նշել ենք մեր հոդվածում, վարկային միջնորդ ներկայացող կազմակերպությունները պետական ռեգիստրում գրանցվում են որպես այլ գործունեություն ծավալողներ։ Օրինակ՝ «Կարգին վարկեր» անունով վարկային միջնորդը, որը ներկայանում է «Գոլդ հաուս» կազմակերպությամբ, գրանցված է որպես սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առևտուրով զբաղվող կազմակերպություն։

Ի պատասխան մեր գրությանը՝ ՊԵԿ-ից նշել են, որ հարկ վճարողների կողմից պետական գրանցման ժամանակ նշված գործունեության տեսակից բացի այլ գործունեության տեսակով զբաղվելու մասով օրենքով սահմանափակում չկա։ Սակայն, կոնկրետ վարկային միջնորդների մասով պետք է դիմել լիազոր մարմին՝ ՀՀ կենտրոնական բանկ։

Իսկ Կենտրոնական բանկից ավելի վաղ ինչպես նշել են, որ վարկային միջնորդները լիցենզավորված չեն, հետևաբար՝ գործում են ոչ օրինական դաշտում։

Մարտի 19-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց վարկային միջնորդների վերաբերյալ, ըստ որի՝ վերջիններս չունեն համապատասխան արտոնագիր։ Կոմիտեն նշել էր մի քանի վարկային միջնորդների անուններ և կոչ արել նրանց ծառայություններից տուժած անձանց դիմել Քննչական կոմիտե։ Մեր հոդվածի հրապարակումից հետո հոդվածում տեղ գտած վարկային միջնորդների մասին տեղեկացրինք նաև Քննչական կոմիտեին։ Կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեր հոդվածում նշված վարկային միջնորդներին հայտնաբերելու համար նախ հարկավոր է, որ Դատախազությունը ընթացք տա այս հարցին։

Դիմեցինք նաև Դատախազություն։ Կառույցի խոսնակ Արևիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ հոդվածում բարձրացված խնդրին՝ վարկային միջնորդների չլիցենզավորված գործունեության, Դատախազությունն առայժմ ընթացք չի տվել։

Վարկային միջնորդները հաճախ փոխում են իրենց անուններն ու հասցեները

Մեր հոդվածի հրապարակումից մեկ ամիս անց որոշեցինք կապ հաստատել այն վարկային միջնորդների հետ, որոնց մասին հոդվածում նշել էինք։

«Կարգին վարկեր» վարկային կազմակերպությունը, որի գրասենյակը գտնվում է Ալեք Մանուկյան 8/1 հասցեում, շարունակում է գործունեություն ծավալել։ Հեռախոսազրույցի ընթացքում աշխատակիցը առաջարկում է մոտենալ իրենց գրասենյակ և ավելի մանրամասն ծանոթանալ պայմաններին։ «Հետքի» թղթակիցը զրույցի ընթացքում ներկայացել է որպես հաճախորդ։

Երվանդ Քոչար 17/4 հասցեում գտնվող վարկային կազմակերպությունը, որը նախկինում կոչվում էր «Հայվարկ», փոխել է անունն ու հասցեն։ Այժմ այն գտնվում է Ազատություն 5 հասցեում,  աշխատակցի խոսքով՝ կազմակերպությունն անվանափոխվել է, ներկայիս անունը «Յունիթիքեյշն» է։

«Շտապ օգնություն» և «Ֆինսեյլս» կազմակերպությունների հեռախոսահամարներն անհասանելի էին։

«Ինֆովարկ»-ի աշխատակիցը տեղեկացրեց, որ երկրում տիրող իրավիճակով պայմանավորված չեն աշխատել, բայց մայիսի 7-ից կամ 8-ից կսկսեն իրենց աշխատանքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter