HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Եվրոպական կինոյի ամիս Երևանում

Ամեն տարի նոյեմբերին Եվրոպական կինոակադեմիան կազմակերպում է Եվրոպական կինոյի ամիս, որը միավորում է տասնյակ կինոթատրոններ տարբեր երկրներում: Այս տարի առաջին անգամ Հայաստանը միանում է միջոցառմանը․ Երևանում այն իրականացնում է Հայաստանի կինոգործիչների միությունը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Ծրագիրը ներառելու է 2024 թվականին լույս տեսած 10 ֆիլմ, որոնց մեծ մասն արժանացել է ամենահեղինակավոր կինոփառատոնների պատվավոր պարգևներին։ Երևանում ցուցադրությունները տեղի են ունենում նոյեմբերի 11-ից, տևելու են մինչև նոյեմբերի 30-ը. յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրերին՝ 19։00-ին, Կինոյի տան Մեծ դահլիճում։

Վաղը՝ նոյեմբերի 15-ին, կցուցադրվի շվեյցարացի ռեժիսոր Ռամոն Ցյուրխերի «Ճնճղուկը ծխնելույզի մեջ» դրաման։

Այն պատմում է ընտանեկան բարդ հարաբերությունների մասին։ Կարենն ու Մարկուսը երեխաների հետ ապրում են Կարենի ծնողների գողտրիկ, գյուղական տանը։ Ամեն ինչ ընթանում է սովորականի պես մինչև Մարկուսի ծննդյան օրը, որին գալիս է Կարենի քույրը՝ Ջուլին, իր ընտանիքի հետ։ Ընտանեկան գործերը ղեկավարող և տիրական բնավորությամբ Կարենի հակապատկերն է նրա քույրը՝ փափուկ բնավորությամբ և հնազանդ: Կերպարների այս հակասությունը դանդաղ, բայց հաստատապես վերածվում է բարդ կոնֆլիկտի:

Եվրոպական կինոյի ամիսը Երևանում կեզրափակվի նոյեմբերի 30-ին բրիտանական կինոյի արդեն դասական համարվող ռեժիսոր Անդրեա Առնոլդի նոր՝ այս տարվա Կաննի կինոփառատոնի մրցույթում ընդգրկված «Թռչուն» ֆիլմով, որտեղ գլխավոր դերերում խաղում են ամերիկյան ու եվրոպական կինոյի աստղեր Բարի Քեոգենը, Ֆրանց Ռագովսկին ու էկրանին առաջին անգամ հայտնվող երիտասարդ Նիքիյա Ադամսը։

Այս անգամ Առնոլդը, որի նախորդ երեք ֆիլմերը մեկը մյուսի հետևից արժանացել են Կաննի ժյուրիի մրցանակին, ներկայացնում է սոցիալական լուրջ խնդիրներ վերհանող, ծայրահեղ իրապաշտական, բայց միաժամանակ տարօրինակ կերպարներով ու նուրբ հումորով հարուստ մի կինոնկար, որտեղ 12-ամյա Բեյլին, ապրելով իրեն անտեսող հոր հետ, ստիպված է այլուր արկածներ և ուշադրություն փնտրել։

Ցուցադրման մանրամասների մասին կարող եք իմանալ ծրագրը համադրող ԿԱԶՄ մշակութային ՀԿ-ի էջից:

 

Գլխավոր նկարում՝ ծրագրի պաստառը

Հեղինակ՝ Արմինե Շահբազյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter