HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դոնալդ Թրամփը հայտարարել է իր ապագա վարչակազմի նոր անդամների մասին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր վարչակազմում նոր անդամների մասին։

Այսպես, ներքին գործերի նախարարի պաշտոնում Թրամփը կառաջադրի Հյուսիսային Դակոտա նահանգի նահանգապետ Դուգլաս Բերգամի թեկնածությունը:

«Նա կգլխավորի Ներքին գործերի նախարարությունը»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Ֆլորիդայում։ Նորընտիր նախագահը հավելել էր, որ Բերգամի պաշտոնական առաջադրման մասին կհայտարարվի ուրբաթ։

ԱՄՆ ներքին գործերի նախարարությունը ուժային կառույց չէ, այն հիմնականում զբաղվում է դաշնային հողերի օգտագործման և բնական ռեսուրսների արդյունահանման հարցերով: Դրա վերահսկողության տակ առկա է մոտ 1000 ազգային արգելոց և զբոսայգի։ Բացի այդ, նախարարությունն իրականացնում է տարբեր ծրագրեր, որոնք կապված են ինչպես բուն ԱՄՆ-ի, այնպես էլ Ալյասկայի և Հավայան կղզիների բնիկների հետ։ 

Բերգամը 2016 թվականից զբաղեցնում է Հյուսիսային Դակոտայի նահանգապետի պաշտոնը։ 2023 թվականի ամռանը նա հայտարարեց Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալու մտադրության մասին, սակայն 2023 թվականի դեկտեմբերին դուրս եկավ ընտրապայքարից։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Թրամփը Բերգամին դիտարկում էր իր փոխնախագահի կարգավիճակում, սակայն ի վերջո կանգ առավ Օհայոյից սենատոր Ջեյ Դի Վենսի վրա։

2023 թվականի հունիսին Բերգամը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է առավելագույն թափանցիկության հասնի Ուկրաինային ռազմական մատակարարումների հարցում։ Նահանգապետը դեմ չի արտահայտվել Կիևին հետագա աջակցությանը, բայց նշել է, որ Վաշինգտոնը չպետք է ուկրաինական իշխանություններին քարտ-բլանշ տա օգնության ցուցաբերման հարցում:

Դոնալդ Թրամփը վետերանների հարցերով նախարարի պաշտոնում էլ առաջադրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Դագ Քոլինսի թեկնածությունը:

«Մենք պետք է հոգ տանենք զինվորական համազգեստով մեր խիզախ տղամարդկանց և կանանց մասին: Դագը հիանալի պաշտպան կլինի մեր զինծառայողների, վետերանների և զինվորականների ընտանիքների համար։ Նա նրանց կտրամադրի անհրաժեշտ աջակցություն»,- ասված է Թրամփի հայտարարության մեջ։

Քոլինսը 2013-2021 թվականներին եղել է Ջորջիա նահանգից ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ։ 2008 թվականին ծառայել է Իրաքում։

Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում առաջադրել է իր փաստաբան Թոդ Բլանշի թեկնածությունը։ Նա կդառնա Արդարադատության նախարարության երկրորդ գլխավոր պաշտոնյան։

«Ես ուրախությամբ հայտարարում եմ, որ իմ վարչակազմում Թոդ Բլանշը կդառնա գլխավոր դատախազի տեղակալ»,- հայտնել է Թրամփը։ Նա վստահություն է հայտնել, որ Բլանշը կկարողանա «շտկել երկրի կոտրված արդարադատության համակարգը»:

Բլանշը 9 տարի Նյու Յորքի հարավային շրջանում աշխատել է որպես դաշնային դատախազ։ Այնուհետև աշխատանքի է անցել Cadwalader, Wickersham & Taft իրավաբանական ընկերություններում։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում Բլանշը ներկայացնում էր Թրամփի շահերը։

Իսկ արդեն ԱՄՆ գլխավոր դատախազի օգնականի առաջին տեղակալի պաշտոնում, որն Արդարադատության նախարարության երրորդ ամենաբարձր պաշտոնն է, Թրամփն առաջադրել է իր մյուս փաստաբանի՝ Էմիլիա Բովեի թեկնածությունը։ Ավելի վաղ, Թրամփը հայտարարել էր, որ այս նախարարությունը կգլխավորի հանրապետական կոնգրեսական Մեթ Գեյցը։

Լուսանկարում՝ Դոնալդ Թրամփը և Թոդ Բլանշը/ Mark Peterson/Pool via REUTERS/File Photo 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter