Սփյուռքահայի ոդիսականը. «Արի տուն», որ խաբենք
Քարոլին Բաղումյանը ամերիկահայ է: Նա վաղուց երազում էր հաստատվել Հայաստանում: 2004թ. համացանցի միջոցով նա բնակարան է վարձել եւ ժամանել Երեւան: Բանալին փոխանցել է տունը «նայող» կինը` Նունուֆար Հովհաննիսյանը: Վերջինս ասել է, որ զբաղվում է շինարարությամբ, ունի լուրջ կապեր եւ կարող է Քարոլինին օգնել իրագործելու երազանքը՝ Հայաստանում մշտապես բնակություն հաստատելու հարցում:
«Նունուֆար Հովհաննիսյանի հետ պայմանավորվեցինք, որ իմ միջոցներով պետք է գնի հողամաս եւ դրա վրա կառուցի առանձնատուն: Նրան փոխանցեցի համապատասխան ձեւի եւ բովանդակության լիազորագրեր, որ իմ փոխարեն կատարեր գործարքներ: Ընդհանուր վերցրեած՝ բանկային փոխանցումներով եւ կանխիկ Նունուֆարին տվել եմ 539 հազար ԱՄՆ դոլար (բոլոր փաստաթղթերը կան, եւ նա չի հերքում, որ այդքան գումար է ստացել)»,- պատմում է Քարոլին Բաղումյանը:
2005թ. Նորքի 13 փողոցի 80/1 հասցեում «շինարար» Նունուֆար Հովհաննիսյանը 45 հազար դոլարով 550 քմ հողամաս է գնել (ավելի ուշ պարզվել է, որ հողամասի իրական գինը 38 հազար է եղել – հեղ.) եւ սկսել առանձնատան շինարարությունը: Տարիներ շարունակ նա Քարոլինից գումարներ է պահանջել առանձնատունը վերջնական տեսքի բերելու համար, բայց շինարարությունն այդպես էլ չի ավարտվել: Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վարչության պետի գրության համաձայն՝ տեղատեսությամբ պարզվել է, որ կիսակառույցում առկա են նախագծային շեղումներ: Իսկ շենքը, ըստ 2010թ. դեկտեմբերին կատարված գնահատման, արժե 114 մլն դրամ, այսինք՝ մոտ 200 հազար ԱՄՆ դոլարով պակաս գումար է ներդրվել դրա վրա, քան Քարոլինը հատկացրել է Նունուֆար Հովհաննիսյանին:
Այս ամենը պարզելուց հետո Քարոլին Բաղումյանը որոշել է դադարեցնել «համագործակցությունը» Նունուֆար Հովհաննիսյանի հետ: Սակայն «շինարար» կինը պնդել է, որ Քարոլինը կատարված աշխատանքների դիմաց դեռ մի բան էլ իրեն աշխատավարձ պետք է վճարի եւ դիմելով դատարան՝ պահանջել է հօգուտ իրեն բռնագանձել 40 հազար ԱՄՆ դոլար ու սրան գումարել համապատասխան տույժտուգանքի տոկոսագումարը: Եվ ահա ամերիկահայ Բաղումյանը հայտնվել է հայաստանյան դատական համակարգի սարդոստայնում: Ընդհանրապես, ասում են՝ իրական Հայսաստանը ճանաչելու համար բավական է մեկ անգամ դատարանի հետ գործ ունենալ:
«Ես ասում եմ՝ ինչո՞ւ ես 40 հազար պահանջում, գուցե 60 հազար եմ պարտք: 2,5 տարի է խնդրում եմ՝ ցույց տվեք մեկ փաստաթուղթ, կտրոն, մեկ փաստ, որ ծախսերը կապացուցեն: Բայց դատավորների համար սա նշանակություն չունի,- ասում է Քարոլին Բաղումյանը եւ առաջ ընկնելով՝ շարունակում,- միակ ամենաարդար դատավորը, որ ես տեսա, վերաքննիչից Նարինե Բարսեղյանն էր: Նա մեկ շաբաթ էլ Նունուֆարին ժամանակ տվեց, բայց ոչ ներկայացավ, ոչ էլ փաստեր բերեց, գործը նորից հետ ուղարկվեց առաջին ատյան»:
Առավել ուշագրավը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատավոր Էդիկ Ավետիսյանի արարքն է: Նունուֆար Հովհաննիսյանի փաստաբանը դատարանին ներկայացրել է կողմերի միջեւ կնքվելիք հաշտության համաձայնագիրը, որով ընդգծվել է Քարոլինի՝ 40 հազար դոլար պարք լինելու հանգամանքը:
«Էդիկ Ավետիսյանը դատարանում ինձ հարցնում է՝ ընդունո՞ւմ ես: Նիստի ձայնագրությունը կա. 5 անգամ ասում եմ՝ ոչ, ոչ... Բայց դատավորը «պեչատում է», որ ես համաձայն եմ, հաշտության համաձայնագիրն իր որոշմանը չի էլ կցում (ինչն օրենքով պարտավոր է) եւ իմ փոխարեն որոշում է, որ հաշտությանը համաձայն եմ»,- պատմում է Քարոլին Բաղումյանը: Ոչնիչ չեն փոխել նաեւ վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները:
Կիսակառույց առանձնատունը դեռեւս գրանցում չի ստացել, իսկ հողամասը Քարոլինի անունով է: Նունուֆար Հովհաննիսյանի պահանջով՝ կիրառվել է արգելանք, եւ հնարավոր է, որ շուտով այն աճուրդով վաճառվի՝ 40 հազարը եւ դրա տոկոսները «տուժող» Հովհաննիսյանին «վերադարձնելու» համար:
Սա այն դեպքում, երբ պարզվել է, որ «շինարար» Նունուֆարը շինարարական գործունեություն ծավալելու լիցենզիա չի ունեցել, հաշվապահություն չի վարել եւ առհասարակ շինաշխատանքներ կատարելիս որեւէ մեկի հետ համապատասխան պայմանագրեր չի կնքել:
Այս ընթացքում նաեւ հայտնի է դարձել Նունուֆար Հովհաննիսյանի «ուժի» գաղտնիքը եւ դատավորների «անաչառության» պատճառը: Նունուֆար Հովհաննիսյանը դատավոր Գայանե Կարախանյանի հորաքրոջ աղջիկն է:
Քարոլինի փաստաբան Գեւորգ Չաքմիշյանը մանրամասնում է, որ կառուցապատման աշխատանքներն ինքնին գործարք են, եւ եթե առանց պայմանագրի շինարարների հետ գործարք է կատարվում, ապա այն ուղղակի անվավեր է համարվում:
«Այսինքն՝ Քարոլինը գումար է տվել, դրանով Հովհաննիսյանն անվավեր գործարք է կատարել, ուրեմն բարի եղեք գումարը վերադարձրեք, իսկ եթե այն շենք է դարձել, տվեք շենքը,- նշում է փաստաբան Չաքմիշյանը,- այս հինքով դիմել ենք դատարան: Սկզբում Կենտրոնի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը, հետո էլ վերադաս դատավորներն ասում են՝ լիազորագիր կա, դա բավարար է, որ մյուս գործարքին չնայենք՝ հիմնավո՞ր է, թե՞ ոչ: Իրավաբանության տեսանկյունից սա մանկապարտեզի սխալ է, որը դիտավորյալ է արվում: Ասում եմ՝ բայց լիազորագիրն ի՞նչ կապ ունի, մենք մյուս գործարքն ենք վիճարկում: Դատավորներն էլ առանց պատճառաբանության, ոչ մի բանից չվախենալով՝ օրենքը բացահայտ ոտնատակ են անում»:
Փաստաբանն ասում է, որ խարդախության եւ յուրացման հիմքները ստուգելու համար դիմել են ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը: ԱԱԾ-ն չի արձագանքել, իսկ ոստիկանությունը հետաքննություն է սկսել, բայց քրեական գործ այդպես էլ չի հարուցվել:
«Այստեղ կան նաեւ հարկերից, տուրքերից չարամտորեն խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծխավալելու երեւույթներ: Դիմեցինք ՊԵԿ նախագահին եւ գլխավոր դատախազին, գործը հանձնարարվեց ՊԵԿ-ի հետաքննիչին: 6-7 ամիս է՝ գործն ընթացքի մեջ է, եւ դեռ որեւէ որոշում չի կայացվել,- շարունակում է Գեւորգ Չաքմիշյանը: - Բացի դրանից՝ առանց լիցենզիայի աշխատելու դեպքում օրենքը կատարված աշխատանքների արժեքի կեսի չափով տուգանք է սահմանում: Նման իրավիճակներում հարկայինը կարող է մարդուն 10 հազար դրամի համար տուգանել եւ չգիտես ինչ իրավիճակների մեջ դնել: Այստեղ այդ արժեքի կեսի հաշվարկով մոտ 250 հազար դոլարի մասին է խոսքը, բայց ոչինչ չեն անում: Իսկ մենք ունենք տեղեկություններ, որ դատավոր Գայանե Կարախանյանը բազմակի միջնորդություններ է ներկայացրել հետաքննիչներին»:
Քարոլին Բաղումյանը դիմել է նաեւ սփյուռքի եւ արդարադատության նախարարներին: Կրկին ոչինչ չի փոխվել: Իսկ նախագահականից պատասխանել են, որ դիմումը մակագրվել է գլխավոր դատախազություն:
«Դրանից հետո ոստիկանությունից գնացել են, որ հենց տնից Նունուֆար Հովհաննիսյանին վերցնեն, բայց Գայանե Կարախանյանը նորից խառնվել է, եւ նախագահի հրամանի գործը կարճել են»,- ասում է Քարոլին Բաղումյանը: Իսկ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում նա գրել էր. «Չեմ ուզում ես էլ արժանանալ այն սփյուռքահայերի բախտին, որոնք այստեղ հանդիպելով որոշ խաբեբաների, վնասվել են եւ լքել հայրենիքը՝ այլեւս չուզենալով նրա մասին լսել... »:
Լուսանկարում՝ դատավորներ Ա. Սուքոյանը եւ Է. Ավետիսյանը
Մեկնաբանություններ (30)
Մեկնաբանել