
«Մսյո Ազնավուր» ֆիլմը Երևանում
Երեկ՝ նոյեմբերի 17-ին, Երևանում կայացավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված, ռեժիսորներ Մեհդի Իդիրի և Գրան Կոր Մալյարդի «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան: Այն պատմում է Ազնավուրի մասին` առաջին քայլերից դեպի համաշխարհային հռչակ։ Սա պատմություն է երաժշտության հանդեպ կրքի, աննկուն կամքի և աշխատասիրության մասին, որի շնորհիվ Ազնավուրը երաժշտության պատմության մեջ մնաց որպես մեծագույն շանսոնյե: Ֆիլմը թողարկվել է 2024թ.-ի սեպտեմբերի 6-ին Ֆրանսիայում։
Դիտմանը ներկա էր գլխավոր դերակատար, «Սեզար» մրցանակի դափնեկիր Թահար Ռահիմը։ Հատուկ պատվիրակության կազմում էին ֆիլմի ռեժիսոր Մեհդի Իդիրը, պրոդյուսեր Ժան Ռաշիդ Կալուշը, Էրիկ և Նիկոլա Ալթմայերները։
Ասուլիսի ընթացքում հարցին, թե ինչպես ծնվեց Ազնավուրի մասին կենսագրական ֆիլմ նկարահանելու գաղափարը, ռեժիսոր Մեհդի Իդիրը պատասխանեց.
Լուսանկարում՝ Ռաշիդ Կալուշ, Կատյա Ազնավուր, Մեհդի Իդիր, Թահար Ռահիմ, Էրիկ և Նիկոլա Ալթմայերներ
«Ֆիլմը կայացավ շնորհիվ այս պարոնի, որ իմ կողքին է նստած և ֆիլմի պրոդյուսերն է՝ Ժան Ռաշիդի շնորհիվ, ով ամուսնացել է Շառլ Ազնավուրի աղջկա՝ Կատյայի հետ։ Ազնավուրը աջակցում էր մեզ մեր նախորդ նախագծերում և իր մասին կենսագրական ֆիլմ նկարահանելու համար համաձայնություն էր տվել։ Հետագայում, ցավոք սրտի, Շառլ Ազնավուրը հեռացավ կյանքից, եւ մենք մեր մյուս ծրագրերը թողեցինք և սկսեցինք աշխատել այս ֆիլմի վրա։ Ֆիլմը չէր իրականանա, եթե չլիներ Շառլ Ազնավուրի մեծ ընտանիքի աջակցությունը եւ, իհարկը, գլխավոր դերակատար Թահար Ռահիմը, ով ինձ համար աշխարհի լավագույն դերասաններից մեկն է»,- ասաց «Մսյո Ազնավուր» ֆիլմի ռեժիսոր Մեհդի Իդիրը:
Թե ինչպես ընտրվեց ֆիլմի գլխավոր դերակատարը հարցին պատասխանեց հենց դերասանը՝ Ազնավուրին մարմնավորած Թահար Ռահիմը։
«Ոչ ոք չէր կարող երեւակայել, որ ես կարող եմ Շառլ Ազնավուրի դերը մարմնավորել, այդ թվում ես։ Ռեժիսորներն ընկերներս են, և հետևում էի ֆիլմի նախապատրաստական աշխատանքներին։ Հասան կետի, որ պիտի արդեն անցկացնեին քասթինգ, որ կարողանան գտնել հարմար դերակատար Շառլ Ազնավուրի կերպարը մարմնավորելու համար։ Մի գեղեցիկ օր քասթինգի տնօրենը մտավ նկարահանման հրապարակ եւ ասաց, որ բոլոր տարբերակները քննարկել են, և տվեց իմ անունը։ Ես այնքան անպատրաստ էի այդ պահին, որ նույնիսկ ցանկանում էի մերժել առաջարկը։ Ամեն դեպքում չկարողացա դիմակայել այս մեծ պարոնի կերպարը մարմնավորելու գայթակղությանը։ Երեք տարվա քրտնաջան աշխատանքը, շաբաթական վեց ժամ երաժշտությամբ զբաղվելը, դաշնամուր նվագելը, օրեր շարունակ Ազնավուրի մասին վավերագրական կադրեր դիտելը, Շառլ Ազնավուրի կյանքը ուսումնասիրելը հնարավոր դարձրին նրա կերպարը մարմնավորելը»,- ասաց ծագումով ալժիրցի դերասան Թահար Ռահիմը։
Ազնավուրի մոր՝ Քնարի դերում ֆիլմում նկարահանվել է հայազգի դերասանուհի, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։ Ֆիլմը հայաստանյան կինովարձույթում կլինի դեկտեմբերի 5-ից։
Մեկնաբանել