HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավորներն ու Կառավարության անդամները գիտնականների հետ քննարկել են գիտական, անվտանգային եւ տնտեսական հարցեր

Օրերս Ազգային ժողովում գիտնականները հանդիպել են օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներին: Քննարկման թեման Հայաստանի անվտանգության ամրապնդումն ու տնտեսության զարգացումն էր: Քննարկումը կազմակերպել էին «Գիտուժ» նախաձեռնությունն ու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:

«Գիտությունը եւ տեխնոլոգիաները պետք է հանդիսանան Հայաստանի ամրապնդման եւ տնտեսական զարգացման գործիքը»,- ասում է «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Ռոբոմարտ» ընկերության համահիմնադիր եւ տեխնոլոգիական տնօրեն Տիգրան Շահվերդյանը: Նրա խոսքով՝ «Գիտուժը» 2021 թ. ծնվեց հենց այս պարզ միտքը պետական քաղաքականության մաս դարձնելու նպատակով, ինչը, սակայն, մինչ օրս ամբողջությամբ չի ընկալվում եւ, որպես հետեւանք, չի իրականացվում: Շահվերդյանը նշում է, որ «Գիտուժը»  ձեւավորման պահին առաջադրել էր երեք պահանջ: 

Դրանցից մեկը համատեղ աշխատանքն է պետական գործիչների հետ: Ըստ բանախոսի՝ օրենսդիր եւ գործադիր մարմինների պաշտոնյաների ներկայությունը քննարկմանը ողջունելի առաջընթաց է: Այս տարիներին որպես դրական փոփոխություն «Գիտուժի» անդամը նշում է նոր ծրագրերի մեկնարկին զուգահեռ բազային ֆինանսավորման ավելացումը, Գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհուրդը, որի շրջանակներում 8 աշխատանքային խմբերում  ներկայացրել են իրենց առաջարկները, Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նպատակաուղղված ջանքերը՝ դրամաշնորհները Հայաստանի կարիքներին համապատասխանեցնելու համար՝ ելնելով իր լիազորությունների շրջանակից, ԲՏԱ-ի ռազմարդյունաբերության ծրագրի մշակման մեկնարկը: 

Սակայն այս ամենն, ինչպես պնդում է «Ռոբոմարտի» համահիմնադիրը, իրականացվում է պետական կարիքներից բխող գիտական հետազոտությունների ու փորձարարական մշակումների (ԳՀՓՄ), նորարարության ռազմավարությունների բացակայության պայմաններում: Ըստ Շահվերդյանի՝ անտեսվում է պետության դերը որպես գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների պատվիրատու, ինչը բխում է պետության կողմից մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունից: 

«Գիտուժի» անդամն ասում է, որ Հայաստանի պետական համակարգում չկա այն մարմինը, որը պետք է լինի պետական կարիքներից բխող կիրառական գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների պատվիրատու: Պետական համակարգում այս բացերն են բերում նրան, որ չարդարացված սպասումներ են ձեւավորվում գոյություն ունեցող գերատեսչություններից, հատկապես ԿԳՄՍՆ-ից: Սակայն այդ գերատեսչությունները, ըստ բանախոսի, առանձին վերցրած չունեն բավարար լիազորություններ՝ պետական պատվերի ֆունկցիան ամբողջացնելու համար: «Ոպեսզի գիտությունն ու տեխնոլոգիաները դառնան անվտանգության ամրապնդման եւ տնտեսության զարգացման գործիք, անհրաժեշտ է նախ դնել այդ նպատակը»,- նկատում է Տիգրան Շահվերդյանը՝ ներկայացնելով «Գիտուժի» առաջարկած հստակ քայլերը, որոնք նախկինում էլ արտացոլված են եղել իրենց առաջարակներում.

-անհապաղ ձեւավորել ԳՀՓՄ պետական պատվիրատու մարմին՝ հստակ լիազորություններով, 

-մշակել պետական ԳՀՓՄ ռազմավարություն՝ ուղղված երկրի անվտանգային  եւ տնտեսական մարտահրավերների լուծմանը,

-հաշվի առնելով, որ պետական ԳՀՓՄ համակարգը դեռ ձեւավորման փուլում է՝ համակարգի փոփոխություններ իրականացնել ավելի կշռադատված ձեւով:

Վերջին երեք տարիներին նման ձեւաչափի հանդիպում, ըստ ներկաների, առաջին անգամ է տեղի ունենում: Նաեւ սա էր պատճառը, որ, բացի քննարկման բուն թեմայից, բարձրացվեցին գիտության ոլորտին առնչվող տարբեր հարցեր: 

Ներկայացնենք քննարկման առարկա դարձած մի քանի ուշագրավ թեմաներ: 

Պահպանել ինստիտուտների շենքերը մինչեւ Ակադեմիական քաղաքը գնալը

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը գիտական ինստիտուտների տնօրենների դիրքորոշումներն արտահայատող հարց բարձրացրեց: Ասում է՝ ենթակառուցվածքների եւ սարքավորումների պահպանման լուրջ խնդիր կա: Մի շարք ինստիտուտներից առաջարկություններ են եղել արտադրական կլաստերների վերանորոգման համար, սակայն մերժվել են՝ հիմնավորմամբ, որ «Ակադեմիական քաղաք» նախագծում ներառված ինստիտուտների շենքերի վրա ներդրումներ պետք չէ անել: ԳԱԱ ղեկավարը ավելացնում է, որ «ինչ-որ տեղ կարելի է հասկանալ դա, բայց Ակադեմիական քաղաքը միանգամից չի կառուցվելու, մինչդեռ խնդիրներն առկա են այսօր»: 

Օրերս ԳԱԱ Մեխանիկայի եւ Մաթեմատիկայի ինստիտուտների ջեռուցման համակարգերն են պայթել: Սաղյանն ասում է՝ Ակադեմիայի միջոցներով, շրջանցելով «Գնումների մասին» օրենքը, ստիպված են եղել գումար հատկացնել, որպեսզի մարդիկ առանց ջեռուցման չմնան: Ավելացնում է, որ հայտ էին ներկայացրել, եւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աջակցել է՝ տրամադրելով գումար: 

«Բայց, ամեն դեպքում, այս հարցը համակարգված պետք է լինի, քանի որ նոնսենս կա, մի կողմից՝ ասում ենք՝ ինստիտուտները գնալու են Ակադեմիական քաղաք, այդ շենքերը ծառայելու են այլ նպատակի, մյուս կողմից՝ Գիտկոմի կողմից ծրագրեր կան լաբորատորիաների վերազինման համար, բավականին մեծ գումար են տրամադրում»,- նկատում է ԳԱԱ նախագահը՝ շարունակելով, որ ներկայում ինստիտուտներ կան, որտեղ 5-6 լաբորատորիաներ են վերազինվել, սակայն ամբողջ ինստիտուտը ջեռուցման ու ջրահեռացման հարցեր ունի:  Առաջարկում է՝ գուցե սարքավորումների, թեմատիկ ծրագրերի հաշվին միջոցներ հատկացվեն այդ ենթակառուցվածքների պահպանման համար: «Բոլորս էլ եկեք ընդունենք, որ 10 տարվա ընթացքում կտեղափոխվենք Ակադեմիական քաղաք, բայց այդ ընթացքում ինստիտուտները պետք է պահպանվեն»,- նշում է Աշոտ Սաղյանը:

Բացի դրանից՝ ԳԱԱ նախագահն առաջարկում է մոնիտորինգ անել. «Բոլոր ոլորտներում պետք է մոնիտորինգ արվի, թե ինչ ունենք, որպեսզի հետագայում դրա վրա կառուցվի մեր ռազմավարությունը: Այդ կապակցությամբ ուղղակի խորհուրդ եմ տալիս կամ կոչ եմ անում երկու նախարարներին՝ Ակադեմիայի հետ, քանի դեռ ինստիտուտները Ակադեմիայի կազմում են, մեկ անգամ եւս փորձենք մոնիտորինգ անել, թե ինչ ունենք եւ ինչ չունենք»:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանում է, որ ինստիտուտների շենքերի պահպանման մասով նրանց ընթացիկ գործունեությունը պետք է ամբողջապես ապահովվի, ինչի վերաբերյալ նախարարությունը երբեք ոչ մի խնդիր չի բարձրացրել, ավելին՝ իր ելույթում էլ շեշտել է, որ մինչեւ Ակադեմիական քաղաք տեղափոխվելը չի նշանակում, թե գործունեությունը կանգնում է, կամ դադարում են շենքերի պահպանմանն ուղղված քայլեր կատարել: Սակայն, ըստ նրա, պետք է հասկանալ, թե ինչի մասին է խոսքն այդ դեպքում: Ասում է, որ նախորդ տարի են խոսել ինստիտուտների ջեռուցման խնդրի մասին ԳԱԱ նախագահի հետ, ու նախարարության արձագանքը դրական է եղել: Ներկայացվել են հաշվարկներ, որոնց համապատսախան ֆինանսավորում է հատկացվել: 

«Սա նշանակում է, որ որեւէ տարաձայնություն չունենք այդ հարցում՝ գիտական ինստիտուտները, բնականաբար, պետք է ջեռուցվեն, պետք է լինեն պատշաճ պայմաններ, որպեսզի գիտնականները կարողանան կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա, բայց ասվածը չի վերաբերում շենքերի կապիտալ նորոգման կամ որոշակի նոր ենթակառուցվածքների  ձեւավորման հարցեր լուծելուն»,- նշում է նախարարն ու հիշեցնում է, որ դրամաշնորհային ծրագրով մինչեւ 15 մլն դրամ հատկացնում են վերանորոգումների եւ սարքավորումների ձեռք բերման համար: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է  տարածքը բարեկարգել, պատշաճ տեսքի բերել, սակայն եթե գիտնականներն այդ գումարների համամասնության վերանայման կամ դրամաշնորհային ծրագրում որեւէ փոփոխություն կատարելու խնդիր են տեսնում, ազատ են ներկայացնել ԿԳՄՍՆ-ին: 

«Ամեն գիտություն չէ, որ տնտեսական իմպլեմենտացիա ունի»

«25 տարվա աշխատանքային փորձ ունեմ, 25-ն էլ գիտությա եւ կրթության ոլորտում է, եւ 25 տարվա ընթացքում ես գոնե չեմ զգացել բավարար մակարդակ, թե ինչու գիտությունն ու տեխնոլոգիաները ի վերջո չեն նպաստում ՀՀ անվտանգության ամրացմանը եւ տնտեսության զարգացմանը»,- իշխանության ներկայացուցիչներին դիմեց ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը: 

Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը պատասխանեց, որ իրականում տնտեսության մեջ ներդրումը կամ օգուտ տալը ճանապարհ ունի անցնելու, եւ ամեն գիտություն չէ, որ տնտեսական իմպլեմենտացիա ունի: Ըստ նրա՝ պետական քաղաքականությունն ուղղված է միջազգայնորեն մրցունակ «գիտություն անելուն», սակայն դրա արձագանքը նոր է շոշափելի դառնում. անցած տարի միջազգային հրապարակումների առումով աճ է գրանցվել, բայց դա դեռ բավարար չէ արձանագրելու, որ Հայաստանում գիտական հետազոտությունը բարձրացել է այն մակարդակի, որ մտցվի տնտեսության մեջ: 

«Թյուր կարծիք ունեք, որ փաստացի ունենք հետազոտություններ, որոնք պատրաստ են մտնելու տնտեսության մեջ, բայց չեն մտնում: Պատճառն այն է, որ չունենք բավարար քանակ, որ կարող են մտնել»,- պնդեց Սարգիս Հայոցյանը:

ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (ՄԿԻ) գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը Հայոցյանից հետաքրքրվեց, թե երբ վերջինս ասում է՝ բարձր մակարդակի կիրառական հետազոտությունների բավարար քանակ չկա, որ դրանք ներդրվեն տնտեսության մեջ, ի՞նչ շեմ է ենթադրում այդ բավարար քանակը: Գիտաշխատողը հշեցրեց, որ 2020 թ. կորոնավիրուսի համավարակի օրերին իրենց ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի նախաձեռնությամբ 100 հազար թեստ է ստեղծվել, եւ դրանից հետո ինքը չի հիշում դեպք, որ Կառավարության ներկայացուցիչներն այցելեն ՄԿԻ, ասեն՝ լավ գործ եք արել: Հարցնում է՝ թեստեր արտադրելը պետքակա՞ն է պետության համար, գուցե պետք է գնան գնե՞ն:

Հայոցյանն արձագանքեց, որ թեստ արտադրելը գիտություն չէ, հայտնի պրոտոկոլով արված, սովորական ինժեներիա է: Նշեց, որ ՊՇՌ թեստի նմուշ մշակելը, հետազոտելը լրիվ ուրիշ գիտություն է, իսկ թեստ արտադրելու դեպքում պարտադիր չէ, որ պետությունը ներգրավվի, ինստիտուտն էլ կարող է ինքնուրույն շուկա մտնել, այսինքն՝ մասնավոր գործ հիմնել: 

Հ. Զաքարյանն անդրադարձավ նաեւ Ակադեմիական քաղաքին՝ հարցնելով, թե արդյոք նախագիծն ունի որեւէ հիմնավորում, օրինակ՝ 3-5 էջի վրա գրված, որտեղ գնահատում արված կլինի, նշված կլինեն հնարավոր ռիսկերըն ու ազդեցությունը տնտեսության եւ անվտանգության գործում: 

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ դրա մասին կխոսեն, երբ կազմակերպեն «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծի քննարկումը:

Իշխանական պատգամավորին դուր չեկավ Զաքարյանի «ձեր կառավարություն» ձեւակերպումը, պատասխանեց, թե այդ կառավարությունը նաեւ ՄԿԻ-ի հիմնադիրն է, իսկ այսօր, երբ «ձեր աշխատավարձը եռապատկվել է, էլի ձեր կառավարությունն է»: Գիտաշխատողն արձագանքեց. «Եթե ինչ-որ բան կփոխի, եկեք ասեմ՝ մեր կառավարություն, մեր ինստիտուտ»: Գաբրիելյանը շարունակեց հիշեցնել աշխատավարձերի թեման, վստահություն հայտնեց՝ այսօր գիտնականն այդ նույն կառավարությունից 2-3 անգամ ավել աշխատավարձ է ստանում:

Քննարկվող հարցերին մեկն էլ գնումների գործընթացին էր վերաբերում, քանի որ գործող օրենքը դժվարություններ է ստեղծում գիտնականների գործունեության համար: ԿԳՄՍ նախարար Անդրեասյանը պատասխանեց, որ Ֆիննախը «Գնումների մասին» օրենքի փաթեթ է պատրաստել, որի նախնական քննարկումները ցույց են տալիս՝ տրամաբանական լուծումներ են ընտրված: «Հուսով եմ՝ այն կհեշտացնի մեր կյանքը»,- նկատեց նախարարը, ապա ներկաներին խնդրեց ակտիվ լինել, երբ փաթեթը հանրային քննարկման դրվի: 

«Գեներացնում են հոդված տպողներ, այլ ոչ թե գիտնականներ»

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ գիտական գործունեության գնահատականը հիմնականում կամ բացառապես տրվում է գիտական ամսագրերում տպագրությունների քանակով: «Մենք դրանով գեներացնում ենք հոդված տպողներ, այլ ոչ թե գիտնականներ: Այսինքն՝ գիտությունը գցված է ինչ-որ մրցավազքի մեջ: Եթե ներկայիս չափորոշիչներով հաշվարկենք, ապա Վիկտոր Համբարձումյանը 54 տարեկանից հետո գիտնական չպետք է համարվեր»,- ասում է Խաչատրյանը՝ ավելացնելով, որ գիտնականի աշխատանքը գնահատելու համար, բացի տպագրություններից, այլ բաղադրիչներ ու ձեւաչափ են անհրաժեշտ: 

Սարգիս Հայոցյանն արձագանքեց, որ գիտության ոլորտի չափման հիմնական եւ ամենածանր չափանիշը միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրութուններն են, ինչը մի շարք ենթաշերտեր ունի: Դա, ըստ նրա, նշանակում է, որ գիտնականն ի վիճակի է ուսումնասիրելու ժամանակակից գրականությունը, վեր հանելու գիտական խնդիրներ միջազգային գիտելիքի մեջ, գտնել լուծումներ, ձեւակերպել դրանք ու իրականացնել, ուղարկել ամսագրերին, ստանալ քննադատություն, ապա շտկելուց հետո կրկին հետ ուղարկել եւ նոր տպել: Հայոցյանի խոսքով՝ բոլոր դեպքերում այս ճանապարհն անփոփոխ է, եւ դրա վրայով թռիչք չկա: Նկարագրվածը, ըստ նրա, առաջին եւ ամենամեծ չափանիշն է, իսկ մնացածն ածանցյալ են:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ քննարկումները կլինեն շարունակական՝ տարեկան առնվազն երկու անգամ: Առաջիկա քննարկումը նախատեսվում է 2025 թ. տարեսկզբին, թեման կլինի  «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագիծը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter