HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Ընտրություններից 1,5 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը փոխում է Կառավարության կազմը 

Կառավարության նախորդ՝ նոյեմբերի 15-ի նիստն անցավ լարված մթնոլորտում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց կառավարության անդամների, հատկապես՝ ուժայինների գործունեությունից։ «Դատական, իրավական, ուժային համակարգի հարգելի ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է։ Ոնց որ քյասիբի ռադիո լինեմ։ Գալիս եմ ձեր միջոցառումներին, ելույթ ունենում, ասում, խոսում եմ, դուք էլ ծափ եք տալիս, թողնում գնում եմ։ Հետո հաջորդ տարին գալիս եմ, նույն ելույթն եմ ունենում, դուք ավելի ուժեղ եք ծափ տալիս, ես թողնում գնում եմ։ Ո՞վ ա ում ձեռ առնում, ուզում եմ հասկանամ։ Հարգելի գործընկերներ, մեզ պետք են արդյունքներ»,- ասաց վարչապետը։

Հավանաբար հենց այդ արդյունքները ստանալու կամ թույլ ղեկավարի պիտակից խուսափելու, կամ էլ փչացած ռադիոյի տպավորություն չթողնելու համար նիստից երեք օր անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշ պաշտոնյաների խնդրել է ազատման դիմումներ գրել։ Այս գրառումից հետո հերթով հրաժարական ներկայացրին Կառավարության հինգ անդամներ՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը և Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ 

Այս պաշտոնյաներից առաջ ընկավ և հրաժարականի դիմում գրեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։ Բարձրագույն դատական խորհուրդը ամենաերկարը ղեկավարած Անդրեասյանը, ինչպես ինքն էր գրել, հեռացավ այդ «թունավոր» պաշտոնից առանց «սկանդալի, մաղձի ու հիասթափության»։ Հրաժարականի բուն պատճառների մասին Անդրեսյանը չխոսեց։ «Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել»,- հրաժեշտի տեքստում գրեց Անդրեասյանը։ 

Եթե գործադիրի պաշտոնյաների պաշտոնանկությունները ինչ-որ տեղ հասկանալի էին, ապա տարօրինակ էր ԲԴԽ նախագահի պաշտոնանկությունը։ Համաձայն Սահմանադրության՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ մարմին է։ Դրա անդամներին ընտրում է Ազգային Ժողովը։ ԲԴԽ-ի անդամներն էլ իրենցից ընտրում են նախագահ։ Որոշ վերլուծաբանների կարծիքով, սա ցույց է տալիս, որ, չնայած իշխանության հայտարարություններին, դատական համակարգը շարունակում է կախվածության մեջ մնալ իշխանությունից։ 

Վահե Ղազարյան

Փաշինյանի ընկեր Վահե Ղազարյանը 2018-ի իշխանափոխությունից հետո կարիերայի զգալի աճ գրանցեց։ 2018-ին Իջևանի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Ղազարյանը նախ նշանակվեց ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, մոտ մեկ տարի անց՝ 2019-ի մայիսի 22-ին, ոստիկանության զորքերի հրամանատար։ 2020-ի հունիսի 8-ին արդեն Վահե Ղազարյանը ՀՀ ոստիկանապետն էր։ Իսկ 2023-ին, երբ ձևավորվեց Ներքին գործերի նախարարությունը, Ղազարյանը դարձավ այս գերատեսչության առաջին ղեկավարը։  

Վահե Ղազարյանի պաշտոնավարման շրջանն աչքի ընկավ ընդդիմադիր գործիչների և ցուցարարների հանդեպ կոշտ միջոցների կիրառմամբ։

Գնել Սանոսյան

ՔՊ վարչության անդամ Գնել Սանոսյանի պաշտոնանկությունը անակնկալ էր շատերի համար։ Մինչև 2018-ը դասախոս աշխատած Սանոսյանը Նիկոլ Փաշինյանի հունիսի 4-ի որոշմամբ նշանակվեց Բնապահպանության փոխնախարար։ Նույն տարվա ընթացքում հասցրեց դառնալ նաև Գեղարքունիքի մարզպետ։ Իսկ 2021 թվականին նշանակվեց ՏԿԵ նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Պաշտպանության նախարար դարձած Սուրեն Պապիկյանին։

Կառավարության նոյեմբերի 15-ի նիստում Փաշինյանը առաջին անգամ դժգոհեց Սանոսյանից՝ առանց նրա անունը հնչեցնելու։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրեն սխալ են զեկուցել Արմավիր-Գյումրի ճանապարհի Բայանդուրի հատվածի կառուցման վերաբերյալ։ Երբ հարցրել է՝ արդյոք Արմավիր-Գյումրի ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է, ստացել է դրական պատասխան։ Եվ երբ այդ մասին հրապարակում է արել սոցցանցերում, քաղաքացիները նրան մեղադրել են լկտի սուտ ասելու մեջ։ «Եվ պարզվեց, որ այդ մարդիկ ճիշտ դուրս եկան։ Եվ սա էլի խոսում է զեկույցի մասին։ Ու ես մտածում եմ՝ խի՞, էլի։ Կարող էին ասել՝ չէ, էդ հատվածը արված չի, մի շաբաթից կարվի, 10 օրից կարվի, չի արվի ընդհանրապես»,- ասաց Փաշինյանը։

Արգիշտի Քյարամյան

Արգիշտի Քյարամյանի՝ պետական պաշտոններում առաջխաղացումն ամենատպավորիչն էր Փաշինյանի կառավարությունում։ Նա վեց ու կես տարվա ընթացքում հասցրեց աշխատել 4 տարբեր գերատեսչություններում։ ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ զբաղեցնելուց հետո Քյարամյանը 2019-ին տեղափոխվեց Պետական վերահսկողական ծառայություն, ապա դարձավ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ,հետո՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ, ԱԱԾ տնօրեն։ 2020 թվականի դեկտեմբերի 24-ին Քյարամյանը դարձավ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ 2021-ի հուլիսի 12-ին՝ Քննչական կոմիտեի նախագահ։

Քյարամյանի պաշտոնանկության վերաբերյալ խոսակցություններ սկսեցին շրջանառվել հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումներից հետո՝ նվիրված դատաիրավական և ուժային համակարգի բարեփոխումներին։ Այդ լսումները մարդկանց հիշողության մեջ մնացին Աղազարյան-Քյարամյան լեզվակռվով։ Քյարամյանը պնդում էր, որ իրեն զանգել են Հովիկ Աղազարյանի որդու հանդեպ հարուցված քրեական գործի համար։ Աղազարյանը պահանջում էր տալ զանգողների անունները։ Լեզվակռիվը վերածվեց փոխադարձ վիրավորանքների։ Այս դեպքից հետո Քննչական կոմիտեում ծառայողական քննություն սկսվեց Քյարամյանի գործողությունների վերաբերյալ։   

Սասուն Խաչատրյան 

Սասուն Խաչատրյանը, որը 2017-2018 թվականներին զբաղեցնում էր գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնը, 2018-ին նշանակվեց Հատուկ քննչական ծառայության պետ։ 2021-ին, երբ Հատուկ քննչական ծառայությունը վերափոխվեց, Խաչատրյանը դարձավ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։

Վերլուծաբաններից ոմանք կարծում են, որ Սասուն Խաչատրյանը և Արգիշտի Քյարամյանը նոր պաշտոններ կստանան, քանի որ տիրապետում են մեծածավալ կարևոր ինֆորմացիայի իշխանության տարբեր ներկայացուցիչների մասին։ 

Ռուստամ Բադասյան

Բադասյանի պաշտոնանկության ամենահավանական պատճառն այն է, որ Փաշինյանը դժգոհ էր հարկային եկամուտների հավաքագրումից։ Մինչ իշխանափոխությունը Բադասյանն աշխատում էր մասնավոր իրավաբանական ընկերություններից մեկում։ 2018-ին Նիկոլ Փաշինյանը նրան նշանակեց ՊԵԿ նախագահի տեղակալ։ 2019-ի հունիսից Բադասյանը Արդարադատության նախարարությունն էր ղեկավարում։ 2021-ի օգոստոսին Ռուստամ Բադասյանը վերադարձավ ՊԵԿ, այս անգամ՝ որպես կոմիտեի նախագահ։  

Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Փաշինյանը պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին հորդորել է վայր դնել մանդատները։ Զեյնալյանը հեռացավ նոյեմբերի 19-ին՝ առանց պատճառների մասին խոսելու, իսկ Աղազարյանը կարծես դեռ մտադրություն չունի։ 

Նոյեմբերի 19-ին մամուլում լուրեր հայտնվեցին, որ Աղազարյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության։ Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ ՔՊ վարչության նիստը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ենթադրվում էր, որ նիստին քննարկվելու է նաև Աղազարյանին պաշտոնանկ անելու հարցը։ Սակայն Հովիկ Աղազարյանը նոյեմբերի 20-ին հայտարարեց. «ՔՊ վարչությունն ինձ չի կարող ասել՝ մանդատդ դիր, կարող է հորդորել, եթե լինի հորդոր, այդ ժամանակ կխոսենք»։ 

Հրաժարական տված պաշտոնյաներից և ոչ մեկը հեռանալու հստակ պատճառը չնշեց։ Կան կածիքներ, որ այս ամենը նախընտրական շոուի մի մաս է, և Նիկոլ Փաշինյանը փորձում է ընտրողներին ցույց տալ, որ Կառավարության ձախողումների հետ որևէ կապ չունի, իսկ ձախողումների պատասխանատուները հեռացված են։ Իշխանությունն էլ պնդում է, որ պատճառները համակարգային են։  

Պաշտոնանկություններից օրեր անց հայտնի դարձան նորանշանակ պաշտոնյաներից երկուսի անունները։ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, իսկ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ Ներքին գործերի նախարար։

Իսկ թե որքան ժամանակ թափուր կմնան ՔԿ, ՀԿԿ և ՊԵԿ ղեկավարների պաշտոնները, ինչպես կփոխվի Կառավարության աշխատանքը նոր նշանակումներից հետո, ցույց կտա ժամանակը։ 

 

Գլխավոր նկարը՝ Արեն Նազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter