HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելն ու Հեզբոլահը պայմանավորվել են Լիբանանում հրադադարի շուրջ

Իսրայելի իշխանություններն ու լիբանանյան Հեզբոլահ խմբավորումը պայմանավորվել են իսրայելա-լիբանանյան սահմանին ռազմական գործողությունների դադարեցման մասին։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Նրա խոսքով՝ զինադադարի առաջարկով հանդես է եկել Միացյալ Նահանգները, իսկ Լիբանանի և Իսրայելի վարչապետներն ընդունել են այն: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հաստատել են, որ երկրի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել Լիբանանում հրադադարի մասին առաջարկին:

Պայմանավորվածության համաձայն՝ հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին՝ տեղի ժամանակով ժամը 04:00-ին (Երևանի ժամանակով` 06:00-ին): Բացի այդ, Իսրայելը 60 օրվա ընթացքում ստիպված կլինի աստիճանաբար դուրս բերել իր զորքերը լիբանանյան տարածքներից:

Ջո Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն իր զորքերը չի տեղակայի Լիբանանի հարավում: Փոխարենը, ըստ նրա, Միացյալ Նահանգները Ֆրանսիայի և այլ երկրների հետ միասին «անհրաժեշտ օգնություն կտրամադրի» հակամարտության կողմերին:

Իր ելույթում ԱՄՆ նախագահը նշել է, որ Գազայի հատվածի բնակիչները, ինչպես և Լիբանանի բնակչությունը, «արժանի են անվտանգ և բարգավաճ ապագայի», ինչպես նաև ռազմական գործողությունների դադարեցմանը:

«Առաջիկա օրերին ԱՄՆ-ն Թուրքիայի, Եգիպտոսի, Կատարի, Իսրայելի և մյուս երկրների հետ միասին հերթական փորձն է ձեռնարկելու Գազայում հրադադարի հասնելու ուղղությամբ»,- հայտարարել է ԱՄՆ առաջնորդը։

Նա նաև ՀԱՄԱՍ-ին կոչ է արել ազատ արձակել պատանդներին, որոնց շարժման անդամները գերեվարել էին 2023 թվականի հոկտեմբերին՝ Իսրայելի վրա հարձակման ժամանակ։ 

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի անդամների հարձակումից և Գազայի հատվածում իսրայելական պատասխան գործողության մեկնարկից հետո, Հեզբոլահը պարբերաբար հրթիռակոծում էր Իսրայելի տարածքը։ Ի պատասխան՝ իսրայելական ուժերը սկսեցին հարվածներ հասցրել լիբանանյան այս խմբավորման հետ կապված օբյեկտներին։ 

Հոկտեմբերի սկզբին Իսրայելը հայտարարել էր Լիբանանում «սահմանափակ ռազմագործողության» մեկնարկի մասին: Իսրայելի պաշտպանության բանակը ռազմական գործողության նպատակ էր հայտարարել Հեզբոլահի ենթակառուցվածքների ոչնչացումը։ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութն ամենօրյա ռեժիմով հրթիռակոծվում էր իսրայելական ուժերի կողմից։

Լուսանկարը՝ Jalaa Marey/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter