HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նվազող բնակչությամբ Գառնահովիտում նոր դպրոց է կառուցվում․ ինչպես կփոխվի կյանքը գյուղում

Գառնահովիտում բնակվող Լուսինեն և Սոֆին գյուղի դպրոցում սովորող 12 աշակերտներից են։ Քանի որ գյուղում դպրոցական տարիքի երեխաները քիչ են, ռեսուրսները՝ սահմանափակ, մեկ դասարանում սովորում են տարբեր տարիքի երեխաներ։ 

Գառնահովիտն Արագածոտնի մազի Թալին խոշորացված համայնքի կազմում է։  Համայնքի վարչական շրջանի ղեկավար Եղիշե Գրիգորյանի խոսքով՝ գյուղում ներկայում 43 ընտանիք է ապրում։

«Տարիների ընթացքում գյուղի բնակչության թիվն աստիճանաբար պակասել է։ Դեռևս 20 տարի առաջ այստեղ մոտ 120 ընտանիք է բնակվել։ Հիմա աշխատանք չկա այստեղ։ Գյուղի երիտասարդներն աշխատում են Երևանում, Աշտարակում և այն քաղաքներում, որտեղ հնարավորություն են ունեցել աշխատանք գտնել։ Նրանց մի մասը բնակություն է հաստատել այդ քաղաքներում ու դուրս եկել մեր գյուղից»,- ասում է վարչական շրջանի ղեկավարը։ 

Գառնահովիտում բնակչության հիմնականում անասնապահությամբ է զբաղվում։ Հողագործությամբ քչերն են զբաղվում։ Մշակում են հիմնականում տնամերձ հողատարածքները, այն էլ՝ ոչ բոլորը։ Ջրովի վարելահողեր չկան: Գյուղում ոռոգելի ջուր չկա, մշակաբույսերը անձրևի հույսին են։ Պակասել է նաև խմելու ջուրը։

Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ Գառնահովիտ գյուղն ունի ընդամենը 14 հա ոռոգելի հողատարածք, որն ամբողջությամբ ընդգրկում է տնամերձ հողերը։ Բնակավայրի անջրդի հողերից 1347 հեկտարը գյուղատնտեսական նշանակություն ունի (որից 906 հա-ն արոտավայր է, 380-ը՝ վարելահող, մնացածն այլ հողատեսքեր են)։ Իրականում մշակվող վարելահողերի թիվն ավելի փոքր է։ Գյուղում մոտ 20 հա հատուկ պահպանվող տարածք կա (ամրոցներ և այլ պատմական կառույցներ)։

Հասարակական տրանսպորտը Գառնահովիտ չի հասնում։ Բնակիչները կամ սեփական ավտոմեքենաներով են տեղաշարժվում, կամ տաքսիներով։ Հասարակական տրանսպորտը մայրաքաղաքից մինչև Թալին է հասնում։

«Գյուղում գրեթե բոլոր ընտանիքներում ավտոմեքենա կա։ Իմաստ էլ չկա, որ հասարակական տրանսպորտ լինի։ Տրանսպորտը գալիս-գնում էր, ոչ ոք չէր օգտվում։ Եթե պետք է լինում, նաև իրար օգնում են գյուղացիները, տեղափոխումը կազմակերպում։ Ժամանակին ուսանողական ավտոբուս էր աշխատում, առավոտյան ուսանողներին տեղափոխում էր, բայց վերջին տարիներին այդքան ուսանող չկա, որ ավտոբուսն աշխատի։ Ուսանողները ժամանակին լավ սովորեցին, գործ գտան մայրաքաղաքում և գյուղից դուրս եկան»,- կեսկատակ նշում է Եղիշե Գրիգորյանը։

Գյուղի կամրջի տակով նախկինում առու է հոսել, այժմ չորացած է։ 

Նոր դպրոցը՝ գյուղի կյանքը փոքր-ինչ աշխուժացնելու խթան

Գառնահովիտում մոդուլային նոր դպրոց է կառուցվում։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այն նախատեսված է 150 աշակերտի համար։ Հարևան բնակավայրերից ևս (Զովասար, Ոսկեթաս, Կարմրաշեն և այլն) աշակերտներ են հաճախելու այս դպրոց։ Նոր դպրոցում նաև նախակրթարան կլինի, որը կծառայի մանկապարտեզի տարիքի երեխաներին։ Նպատակը գյուղի կյանքն աշխուժացնելն է։ 

Դպրոցը կառուցվում է «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակում։ Ընդհանուր արժեքը գնահատվել է 696 մլն դրամ։ Պատվիրատուն Կառավարությունն է՝ հանձին Քաղաքաշինության կոմիտեի։

Աշխատանքների ավարտը, սակայն, ուշանում է նախանշված ժամկետից։ Ըստ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կայքում հրապարակված լուրի՝ դեռևս 2023 թվականի ապրիլի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գառնահովիտ, հետևել դպրոցի կառուցման  աշխատանքների ընթացքին։ Հայտարարվում էր, որ կառուցման աշխատանքները մեկնարկել են 2020 թվականին, իսկ ավարտը նախատեսվում է 2023-ին։

Քաղաքաշինության կոմիտեի և դպրոցը կառուցող «Գրիգորյանշին» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի ու համաձայնագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ շինարարական ընկերության մեղքով է դպրոցի շահագործումն ուշանում։ Քաղաքաշինության կոմիտեն տույժեր և տուգանքներ է սահմանել, որը ընդունել է շինարարը, և եկել են համաձայնության, որ շինարարությունն ավարտին կհասցվի 2025 թվականի հունիսի 30-ին։

Համայնքի բյուջեն բավականին սահմանափակ է։ Թալին խոշորացված համայնքի տարեկան բյուջեի ծախսերը 2023 թվականին մոտ 2.7 մլրդ դրամ են եղել։ Համայնքապետարանից ստացված տվյալները վկայում են, որ նշված տարում բյուջեի եկամուտներն ու ծախսերը գրեթե հավասար են եղել։

2024 թվականի առաջին ինն ամիսներին (հունվար-սեպտեմբեր) համայնքի բյուջեն ավելի շատ եկամուտներ է գրանցել, քան ծախսեր։ Մասնավորապես, եկամուտները կազմել են 2.2 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 1.5 մլրդ դրամ։

Գառնահովիտը զրկված է կարևոր ենթակառուցվածքներից

Խոշորացումից հետո Թալին համայնքը ներառում է 33 բնակավայր, այդ թվում՝ Թալին քաղաքը։  

Ըստ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների՝ 2023 թվականին Արագածոտնի մարզում աղքատության մակարդակը 9.8% է։ Համեմատության համար՝ Շիրակում, որտեղ աղքատության մակարդակն ամենաբարձրն է, աղքատ է բնակչության 43.1% է։

Արագածոտնի համեմատաբար ցածր ցուցանիշը, սակայն, դեռևս չի նշանակում, որ մարզի բոլոր բնակավայրերում է նույն պատկերը։ Դա ընդամենը միջին թիվ է։ Նույն մարզի Աշտարակ քաղաքն անհամեմատ ավելի մոտ է մայրաքաղաքին և ավելի բարվոք սոցիալ-տնտեսական կյանք ունի։

Կյանքի կենսամակարդակի մասին են վկայում նաև բնակավայրերում առողջապահական կենտրոնների, գազի, ջրի, էլեկտրաէներգիայի առկայությունը, առևտրի կենտրոնների տեղակայումը և բազմաթիվ այլ չափորոշիչներ։

Գառնահովիտի բնակիչները բնական գազ չունեն։ Գյուղ այցելության ժամանակ նկատեցինք ճանապարհի եզրին գազիֆիկացման աշխատանքներ իրականացնող շինարարական խմբի։ Ըստ վարչական ղեկավարի՝ մոտ ապագայում գյուղն ամբողջությամբ կգազիֆիկացվի։

«Նախատեսվում է աշխատանքներն ավարտել եկող տարի՝ 2025 թվականին»,- նշում է նա։

Գյուղում չի գործում բուժկետը, քանի որ բուժքույր չկա: Գառնահովիտում մշակութային խմբակներ ևս չկան:

Առևտրի համար կա փոքրիկ խանութ-կրպակ։ Ավելի մեծ գնումների համար հասնում հարևան բնակավայրեր։

Տարիներ առաջ բարեկարգվել և կահավորվել է գյուղի 7-րդ դարի եկեղեցին։ Այժմ նորոգվում է տանիքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter