ԱԱՀ դաշտ կտեղափոխվեն հաշվապահական, իրավաբանական ծառայություներ և ֆինանսական խորհրդատվություն մատուցողները
2025 թվականի հուլիսի 1-ից շրջանառության հարկի դաշտից ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) դաշտ կտեղափոխվեն հաշվապահական, իրավաբանական ծառայություններ և ֆինանսական խորհրդատվություն մատուցողները։ Մնացած ընկերությունները, որոնք աշխատում են մասնագիտական ծառայությունների մատուցման ոլորտում, հնարավորություն կունենան աշխատել շրջանառության հարկի դաշտում։
Այդպիսով, մի շարք մասնագիտական ծառայություններ շրջանառության հարկի դաշտից հանելու և ԱԱՀ-ի դաշտ տեղափոխելու նախագծում փոփոխություններ են կատարվել։
Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։
Ավելի վաղ ներկայացված և բավականին լայն արձագանքի արժանացած նախագծի համաձայն՝ մասնագիտական գործունեություն իրականացնող մի շարք ոլորտների տնտեսվարողների զրկվում են շրջանառության հարկի դաշտում աշխատելու հանարավորությունից, որը ենթադրում է հարկային շատ ավելի թեթև բեռ, քանի հարկման ընդհանուր դաշտում՝ ԱԱՀ-ով աշխատելը։
Խոսքը վերաբերում է հետևյալ տնտեսական գործունեության տեսակներին.`
- Շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն
- Անշարժ գույքի հետ գործառնություններ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով
- Իրավաբանական և հաշվապահական գործունեությունը, գլխամասային գրասենյակների գործունեություն, կառավարման հարցերով խորհրդատվական ծառայությունները, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումները և վերլուծությունները, գովազդային գործունեությունը և շուկայի իրավիճակի հետազոտությունը, մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն
- Ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեությունը, աշխատուժով ապահովման այլ գործունեություն
- Առողջապահություն
Բացառությամբ հաշվապահական, իրավաբանական ծառայություններ և ֆինանսական խորհրդատվություն մատուցողների՝ մյուս ոլորտների տնտեսվարողները կշարունակեն աշխատել շրջանառության հարկի դաշտում։
«Իրենց համար կփոխվի միայն մեկ բան։ Եթե այդ ընկերությունները ծառայություն մատուցեն ԱԱՀ դաշտում աշխատող ընկերություններին, ապա դիմացի կողմը չի կարողանա այդ ձեռքբերումները ծախսագրել։ Սա հնարավոր չարաշահումները կանխելու նպատակով է»,- ասաց Թունյանը։
Փոփոխությունների արդեն նոր փոփոխված փաթեթը, ըստ Թունյանի, կվերաբերի ոչ թե 13 հազար տնտեսվարողների, ինչպես կանխատեսվում էր մինչև վերջին փոփոխությունները, այլ՝ մի քանի անգամ ավելի քիչ։
«Հաշվի առնելով թե՛ լսումների արդյունքները, թե՛ քննարկումների ժամանակ հնչած կարծիքներն ու մտահոգությունները, որոշել ենք նախագծում փոփոխություններ կատարել։ Իհարկե, այդ մտահագություններն առանջին ընթերցման նախագծում դեռ չկան, որովհետև տեխնիկապես չէինք հասցնի դրանք մինչև հանձնաժողովի նիստը լրամշակել»,- նիստին նշեց Բաբկեն Թունյանը։
Ավելի վաղ փաստաբաններին ևս արգելվել է աշխատել շրջանառության հարկի դաշտում, որի դեմ բողոքի մեծ ալիք են բարձրացրել փաստաբանները։
Ֆինանսների նախարարությունից «Հետք»-ի հետ զրույցում հայտարարեցին, որ այսօր հայտարարված փոփոխությունները փաստաբաններին չեն վերաբերում. նրանք 2025-ի հունվարի 1-ից տեղափոխվում են ԱԱՀ դաշտ։
Հայաստանում գործում է հարկման երեք համակարգ։
Առաջինը միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ ռեժիմն է, որի պայմաններում բիզնեսը հարկեր չի վճարում, միայն աշխատավարձային հարկեր։
Հաջորդը շրջանառության հարկի համակարգն է, որի պարագայում վճարվում է շրջանառության հարկ (դրույքաչափը՝ հիմնականում 5%) և բիզնեսն ազատվում է ԱԱՀ-ից (20%) ու շահութահարկից (18%)։
Իսկ հարկման ընդհանուր համակարգում ընկերությունները վճարում են ԱԱՀ և շահութահարկ։
Մեկնաբանել