HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

13 խումբ պաշտոնյա հայտարարագիր ներկայացնողների ցանկում չկա

Խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարները և ևս 12 խումբ պաշտոնյաներ դուրս են մնացել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց շրջանակից։ Նրանք, հետևաբար նաև վերջիններիս ընտանիքի անդամները, ընդգրկված չեն գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման պարտականություն ունեցող անձանց ցանկում։ Միայն Երևան քաղաքի դեպքում է, որ վարչական ղեկավարները հայտարարագրեր են ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

«Հանրային ծառայության մասին» օրենքով հստակ ամրագրված է այն պաշտոնների ցանկը, որը զբաղեցրած անձը պարտավոր է ներկայացնել հայտարարագիր: Համայնքների վարչական ղեկավարներն այդ ցանկում չկան:

Վարչական ղեկավարը բնակավայրի տարածքում գործում է համայնքի ղեկավարի անունից։ Նա առաջարկություն է ներկայացնում համայնքի ղեկավարին՝ բնակավայրում գտնվող համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու, ինչպես նաև բնակավայրում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող գույքը օտարելու կամ օգտագործման տրամադրելու վերաբերյալ։ Բացի այդ, վարչական ղեկավարը հետևում է բնակավայրի տարածքում մատուցվող հանրային ծառայությունների իրականացմանը, անցկացնում է բնակավայրին վերաբերող հարցերի հանրային լսումներ կամ քննարկումներ և այդ մասին տեղեկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին։ Ստացվում է՝ վարչական ղեկավարը որոշակի ազդեցություն ունի համայնքի ղեկավարի որոշումների վրա, որով էլ մեծանում է կոռուպցիոն ռիսկը։

Օրինակ՝ 2024թ. հեկտեմբերի 17-ին աճուրդով օտարվել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող Արտիմետ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 3.4221 հա հողատարածք: Աճուրդում հաղթել է նույն գյուղի վարչական ղեկավար Հենրիկ Միրզախանյանի 27-ամյա որդին՝ Մեսրոպ Միրզախանյանը:

Արաքսի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Ավետիք Սենիքերիմյաննն ասաց, որ հողատարածքը վաճառվել է աճուրդային երկու քայլով՝ 4 մլն 950 հազ. դրամով: Մասնակիցները երկուսն են եղել՝ Մեսրոպ Միրզախանյանը և Արտակ Մուրադյանը:

«Հետքը» գրել էր, որ, օրինակ՝ Արմավիրի մարզի խոշորացված համայնքներում նշանակված վարչական ղեկավարների մի մասը այդ գյուղերի համայնքապետերն են եղել և անցել են քրեական գործերով, որոնք վերաբերել են յուրացումներին, փաստաթղթեր կեղծելուն, կաշառքի միջնորդ դառնալուն և նմանատիպ այլ արարքներին: Այժմ էլ կան վարչական ղեկավարներ, համայնքի ղեկավարի տեղակալ, ովքեր մեղադրվում են յուրացման կամ պաշտոնական անփութության մեջ: Այս անձինք, շարունակելով զբաղեցնել համայնքային պաշտոն, հաշվետու չեն իրենց եկամուտներով ու գույքով:

«Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված է, որ պետական ծառայությունն ընդգրկում է Փրկարար ծառայությունը, ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը, Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայությունը, արտաքին հետախուզության, էկոպարեկային ծառայությունները։ Իսկ հանրային վարչական և հայեցողական պաշտոն է համարվում համայնքի ղեկավարի խորհրդականի, համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարի, օգնականի, տեղակալի օգնականի, Գյումրու և Վանաձորի գլխավոր ճարտարապետների, վերջիններիս օգնականների, բազմաբնակավայր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարի, համայնքների ավագանու խմբակցությունների փորձագետների պաշտոնները, համայնքային ծառայությունը (բացառությամբ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների)։

Նշված խումբ պաշտոնյաներն ընդգրկված չեն գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման պարտականություն ունեցող անձանց ցանկում։

Պարզ լինելու համար նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները քաղծառայողներ չեն, և դուրս են մնացել հայտարարատու անձանց շրջանակից: Օրինակ՝ եթե քաղծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք հայտարարատու են, ինչպիսիք են՝ նախարարության վարչության պետերը, գլխավոր քարտուղարները, նրանց տեղակալները, ապա Հակակոռուպցիոն կոմիտեում համարժեք պաշտոն զբաղեցնողները ցանկից դուրս են մնացել: Թեև իրենց գործառույթներով բավականին ռիսկային պաշտոններ են՝ օրենքը նրանց համար հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չի նախատեսել:

Պարեկային, էկոպարեկային ծառայություններում աշխատողները ևս դուրս են մնացել հայտարարատուների ցանկից:

Հայտարարագրման էությունն այն է, որ պետական, հանրային և ռիսկային համարվող պաշտոն զբաղեցնողները հաշվետու լինեն, գործեն թափանցիկ, ինչը կոռուպցիան կանխարգելելու նպատակ է հետապնդում: Սակայն, ստացվում է, որ նույն ռիսկայնությունն ունեցող մի խումբ պաշտոնյաներ ներկայացնում են հայտարարագրեր, մեկ այլ գերատեսչության համարժեք պաշտոնյաները՝ ոչ: Սա տրամաբանությունից դուրս է:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Տիգրան Ծատուրյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հայտարարատու պաշտոնյաների ցանկը հստակ սահմանված է օրենքով և ստացվում է, որ օրենսդիրը վարչական ղեկավարներին և մեր մատնանշած վերը նշված պաշտոնյաներին չի դիտարկել այնքան ռիսկային, որ ներառի հայտարարագիր ներկայացնողների ցանկում:

«Իսկ, թե իրականության մեջ որքանով են ռիսկային՝ պետք է ուսումնասիրել, ռիսկային գործոնները վեր հանել: Հակակոռուպցիոն ռազմավարության մեջ առանձին կետ կա, որով նախատեսում է օրենսդրական փոփոխությունների միջոցով հայտարարատու անձանց թիվն ընդլայնել: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ադ գործողության շրջանակում համակատարող մարմին է, մեր վարչությունն իրականացնում է ուսումնասիրություն: Վեր ենք հանել այն պաշտոնները, որոնք ներառված չեն ցանկում, բայց հավասարազոր պաշտոնյաները հատարարատու են, դա վեր է հանվել մեր կողմից»,- ասում է Տիգրան Ծատուրյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետն ասում է, որ իրենց ուսումնասիրությունը նախնական է, վեր են հանել, թե որ պաշտոններն են դուրս մնացել հայտարարատուների շրջանակից և դրանց ռիսկայնությունը հավելյալ գնահատելուց հետո նոր հնարավոր է եզրակացնել՝ արդյոք կա անհրաժեշտություն այդ պաշտոնները հայտարարատու դարձնել: Այս հարցում հանձնաժողովը դեռ որոշում չունի:

Գլխավոր նկարը՝ Նարե Պետրոսյանի,
օգտագործվել է արհեստական բանականություն (Midjourney)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter