HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իմպիչմենտի քվեարկությունից առաջ Հարավային Կորեայի նախագահը ներողություն է խնդրել

Երկրում ռազմական դրություն մտցնելու հետ կապված ձախողումից հետո Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն իր առաջին հրապարակային ելույթում հայտարարել է, որ այդ որոշումը կայացրել է «հուսահատությունից դրդված»: Նա հայտարարել է, որ «իր պաշտոնավարման հարցը» թողնում է «Ժողովրդի ուժը» կուսակցության հայեցողությանը: Դրանից անմիջապես հետո կուսակցության առաջնորդ Հան Դոն Հունը հայտարարել է, որ Հարավային Կորեայի նախագահի վաղաժամկետ հրաժարականն անխուսափելի է։ 

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի ուղերձը հնչել է խորհրդարանում քվեարկությունից ընդամենը մի քանի ժամ առաջ, որը կարող էր հանգեցնել նրա իմպիչմենտին:

Մոտ 2 րոպե տևած հեռուստատեսային ելույթում նա ներողություն է խնդրել այս շաբաթվա սկզբին ռազմական դրություն մտցնելու իր որոշման համար ու խոնարհվել: «Այս որոշումը կայացվել է հուսահատությունից դրդված։ Դա մարդկանց անհանգստություն և անհարմարություն է պատճառել: Ես շատ ցավում եմ և հայցում եմ ձեր ներողամտությունը»,- ասել է Կորեայի Հանրապետության առաջնորդը: Նա հավելել է, որ երկրորդ անգամ ռազմական դրություն չի հայտարարի, ինչպես դրանից վախենում էին իր որոշ ընդդիմախոսներ:

Յուն Սոկ Յոլը նաև հայտարարել է, որ «իր պաշտոնավարման հարցը» թողնում է իր կուսակցության հայեցողությանը: Նա չի պարզաբանել, թե կոնկրետ ինչ է դա նշանակում։ Նա նաև չի հայտարարել հրաժարական տալու պատրաստակամության մասին ու չի հիշատակել խորհրդարանում կայանալիք իմպիչմենտի քվեարկության մասին:

Ժողովրդին ուղղված այս ուղերձը Յուն Սոկ Յոլի առաջին հրապարակային ելույթն էր այն բանից հետո, երբ նա սկզբում հայտարարեց, իսկ ընդամենը վեց ժամ անց վերացրեց Հարավային Կորեայում հայտարարված ռազմական դրությունը, քանի որ խորհրդարանը դեմ քվեարկեց դրա մասին հրամանագրին: Դրանից հետո ընդդիմության պատգամավորները, որոնք խորհրդարանում մեծամասնություն ունեն, նախագահին իմպիչմենտի ենթարկելու օրինագիծ ներկայացրեցին։ Արդյունքում Հարավային Կորեայի ոստիկանությունը հետաքննություն սկսեց գործող նախագահի դեմ՝ պետական հեղաշրջում կազմակերպելու կասկածանքով:

Յուն Սոկ Յոլի՝ ժողովրդին ուղղված ուղերձից անմիջապես հետո նախագահական «Ժողովրդի ուժը» կուսակցության առաջնորդ Հան Դոն Հունը հայտարարել է, որ Հարավային Կորեայի առաջնորդի վաղաժամ հրաժարականն անխուսափելի է, քանի որ նա այլևս ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները:

Ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լի Չժե Մյոնը նախագահ Յոլի ելույթն անվանել է «շատ հիասթափեցնող»: Նրա խոսքով՝ նախագահի ելույթը «չի համապատասխանել հանրության սպասումներին ու միայն ավելի է խաբել նրանց»:

«Հարավային Կորեայի համար այժմ ամենամեծ վտանգը նախագահի՝ իշխանության ղեկին գտնվելն է։ Այլ ճանապարհ չկա, քան հրաժարականի կամ իմպիչմենտի միջոցով Յոլի կառավարման շուտափույթ դադարեցումը»,- ասել է Լին։ 

Փաստացի ստացվում է, որ նախագահական կուսակցությունը կփորձի թույլ չտալ, որ Յուն Սուկ Յոլին իմպիչմենտի ենթարկեն։ Կուսակցությունն ուզում է, որ նախագահն ինքը հրաժարական տա։

Լուսանկարը՝ The Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter