Թբիլիսում հատուկ ուժայինները ջրցան մեքենաներով ցրել են բողոքի ակցիան
Վրաստանի մայրաքաղաքում հատուկջոկատայինները վերջին երեք օրվա ընթացքում առաջին անգամ նախորդ գիշեր սկսել են ցրել Ռուսթավելի պողոտայում հավաքված ցուցարարներին՝ օգտագործելով ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Այդ մասին հայտնում է Грузия Online պորտալը։ Վերջինս նշում է, որ ցույցի ցրման պատճառ է դարձել ցուցարարների կողմից պիրոտեխնիկայի կիրառումը։
Տելեգրամյան Paper Kartuli-ն էլ գրում է, որ ոստիկանության կողմից ցույցը ցրելուց երկուսուկես ժամ անց Ռուսթավելի պողոտայում, որտեղ գտնվում է Վրաստանի խորհրդարանը, ակցիայի մասնակիցներից գրեթե մարդ չէր մնացել։
Տելեգրամյան այս ալիքը փոխանցում է, որ որոշ ցուցարարներ գնացել են Կուր գետի ափ, որտեղ էլ ծեծկռտուք է տեղի ունեցել ցուցարարների և անհայտ անձանց միջև, որոնք դուրս են եկել մեքենաներից և «հայտնել իրենց դժգոհությունը»։
Lies and cynicism!
— Salome Zourabichvili (@Zourabichvili_S) December 6, 2024
If “violence has stopped” in the streets, what is the purpose of tonight’s brutal raid? Abducting a child from their mother? Taking revenge on women? pic.twitter.com/UhL1yLpDyA
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքերը, ով հայտարարել է, որ Թբիլիսիի փողոցներում բռնությունները դադարել են: «Սուտ և ցինիզմ: Եթե «փողոցներում բռնությունները դադարել են», ապա որն է այսօրվա դաժան ցրման իմաստը: Երեխաների առևանգում մայրերի՞ց. կանանց նկատմամբ վրե՞ժ»,- գրել է նա։
Հարևան Վրաստանում արդեն մի քանի օր է, ինչ ծայրահեղ լարված է։ Տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են գալիս մայրաքաղաք Թբիլիսիի և Վրաստանի մյուս քաղաքների փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելու իշխանության ղեկին գտնվող «Վրացական երազանք» կուսակցության վարած քաղաքականության դեմ։ Այս բողոքի ակցիաների հիմնական պատճառը վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ մի քանի օր առաջ արած հայտարարությունն է այն մասին, որ Վրաստանը մինչև 2028 թվականը դադարեցնում է Եվրամիության հետ անդամակցության շուրջ բանակցությունները, ինչպես նաև համատեղ բոլոր ծրագրերը, այդ թվում` ԵՄ դրամաշնորհները։
Լուսանկարը՝ The Associated Press գործակալության
Մեկնաբանել