«Կիկոյի հետ առաջ ու հետ». Զահրատի պոեզիան գծանկարներում
Կիկօ կամուրջին վրայ է
Շոգենաւը տիւթ կʼընէ կʼերթայ
Կիկօ բազրիքին յենած կը նայի
Ամէն շոգենաւ գալուն Կիկօ կʼուրախանայ
Կամուրջին վրայ է Կիկօ
Քիթը վեր վեր կը քաշէ
Մարդիկ կու գան — մարդիկ կʼերթան
Կիկօ կամուրջին վրայ է
Շոգենաւը տիւթ կʼընէ կʼերթայ
Զահրատ, Մեծ Քաղաք ժողովածուից, 1960թ.
Զահրատի մտապատկեր կերպարները դարձել են նաև տեսանելի գծանկարներ։ Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, «ՀայԱրտ» կենտրոնում բացվեց «Զահրատ 100. Կիկոյի հետառաջ ու հետ» ցուցահանդեսը։ Այն գրավիչ ճամփորդություն է. նկարիչ Լևոն Գյուլխասյանի գծագրած Զահրատի կերպարներից մինչև բանաստեղծի արխիվային նյութեր, լուսանկարներ։
Այս տարի պոլսահայ բանաստեղծ Զահրատի 100-ամյակն է, ցուցահանդեսի գաղափարի հեղինակ, բանաստեղծ, լրագրող Տիգրան Պասկևիչյանի խոսքով՝ այս ցուցադրությունը Զահրատին ընթերցողի հետ մոտեցնելու ևս մի առիթ է։
«Ես գնահատականներ տալ չեմ սիրում, բայց իմ կարծիքով, ամենամեծ բանաստեղծներից մեկն է Զահրատը։ 100–ամյակի առթիվ Զահրատին փորձեցինք իր կերպարների, իր միջավայրի գծանկարներով ներկայացնել։ Այս գործը անելու համար դիմեցինք մեր լավ ընկերոջը՝ գծանկարիչ, բազմաթիվ քոմիքսների գրքերի հեղինակ Լեւոն Գյուլխասյանին։ Կարծում եմ՝ կհավանեք»,- ցուցահանդեսի բացման խոսքում ասաց Տիգրան Պասկևիչյանը և խոսքը փոխանցեց գրող, գրականության եւ արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Գալստյանին:
«Հոբելյանը հնարավորություն է, որ բոլորս վերստին անդրադառնանք արեւմտահայերեն նորարար բանաստեղծությանը, որի ամենավառ ներկայացուցիչը հենց Զահրատն է։ Նրա մասին խոսելիս պետք է անդրադառնալ նախ եւ առաջ այն միջավայրին, որտեղ ինքը կայացավ, առաջին հերթին Պոլիսն է։ Երկրորդ, թե ինչպես նա մուտք գործեց հայաստանյան իրականություն, ինչպես արժեւորվեց եւ երրորդ՝ Զարհատը՝ որպես աշխարհի բանաստեղծ, որ անհայտ չէ, բայց շատ կարեւոր է, որ մենք այսօր տեր կանգնենք, հանրահռչակենք, որովհետեւ Զահրատը մերն է»,- ասաց Գոհար Գալստյանը։ Ցուցահանդեսին ներկա էր նաև Պոլսի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։ Այդ թերթում են առաջին անգամ տպագրվել Զահրատի բանաստեղծությունները։
«Զահրատը, բացի մեծ բանաստեղծից, այն առաքինի անձնավորությունն էր, ով երախտագիտության բացառիկ ընկալում ուներ։ Արդեն հայտնի բանաստեղծ Զահրատը իր յուրաքանչյուր հրատարակված նոր գիրքը անձամբ էր բերում մեր թերթի խմբագրություն՝ որպես հարգանք այն հանգամանքի, որ իր առաջին բանաստեղծությունն այստեղ է հրապարակվել։ Ես այդ ժամանակ երիտասարդ լրագրող էի, բայց լավ հիշում եմ մեր խմբագրությունում տրամադրությունը, մթնոլորտը ինչպես էր փոխվում իր այցերի ժամանակ»: Արա Գոչունյանը պատմեց նաև Ստամբուլում բանաստեղծի այս հոբելյանական տարում հայ համայնքի ջանքերով անցկացվող միջոցառումների մասին և շնորհակալություն հայտնեց Երևանում ցուցահանդեսի կազմակերպիչներին։
Զահրատը ծնվել է 1924թ.-ին Կոստանդնուպոլսում, իսկական անունն է Զարեհ Յալտըզճյան։ Աշխատել է պոլսահայ թերթերում։ Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Մեծ քաղաքը», լույս է տեսել 1960թ.-ին: Հաճախ իր բանաստեղծություններում Զահրատն անդրադառնում է մեծ քաղաքի և փոքր մարդու՝ Կիկոյի թեմային: Զահրատի բանաստեղծությունները պարզ, անմիջական զրույց են ընթերցողի հետ։ Դրանք մտերմացնում են կարդացողին թե՛ բանաստեղծի, թե՛ արևմտահայերենի հետ։ Զահրատը չի փիլիսոփայում, բայց տրամադրում է ընթերցողին փիլիսոփայելու։
Կիկոյի միտքը ման կու գայ քաղաքէ քաղաք
-Կիկօ աշխարհի մասին կը խորհի –
Կիկոյի միտքը կը սաւառնի մոլորակէ մոլորակ
-Կիկօ կը մտածէ արեգակնային դրութեան վրայ –
Կիկոյի միտքը կը ճախրէ աստղէ աստղ
-Կիկօ տիեզերք մը կ՚ երեւակայէ
Լոյսէն ալ արագ
-Կիկոյի միտքը կ՚ ուզէ սլանալ աւելի անդին
-Կը մոլորի – չի կրնար
Ձրի ճամփորդելն այսքան
Զահրատ, Մեծ Քաղաք ժողովածուից, 1960թ.
Հարցին, թե ով է Կիկոն, Զահրատն ասել է.
«Կիկոն իմ միջի, Ձեր միջի, յուրաքանչյուրի միջի մարդն է: Նրանք մեր գաղտնի Կիկոներն են: Արտասովոր ոչինչ: Մենք ունենք երազանքներ, որ չեն իրականանում, եւ մենք մեզ զրկված ենք զգում: Կիկոն նախեւառաջ մեր զրկված «ես»-ն է: Կիկոն տիպ է, որ ուզում է աշխարհի հույսն ավելացնել, աշխարհին նայում է ոչ թե դառնությամբ, այլ քաղցրությամբ: Եվ Կիկոն միշտ կա ու լինելու է»: Զահրատ, Անահիտ Ադամյանի հարցազրույցից, Երևան, 1997թ.,Տպագրվել է «Ազգ»-ում։
ԿԻԿՕ ՄԵՌԱՒ
Բացօթեայ շատ պառկեցաւ
Թող քիչ մըն ալ հողին տակ քնանայ
Հանգիստ իր կօշիկներուն
«Զահրատ 100. Կիկոյի հետառաջ ու հետ» ցուցահանդեսը ՀայԱրտ կենտրոնում բաց կլինի մինչև դեկտեմբերի 13-ը։
Մեկնաբանել