HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կամավոր ատեստավորված ուսուցիչները փոխե՞լ են կրթության որակը․ նախարարությունը հետազոտություն կանցկացնի

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հետազոտություն է նախաձեռնելու այն դպրոցներում, որտեղ մեծաթիվ են կամավոր ատեստավորված ուսուցիչները: Նպատակն է պարզել, թե կամավոր ատեստավորումն ինչպես է ազդում երեխաների կրթության որակի վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Հետքը» նախարարից հետաքրքրվել է, թե արդյոք կամավոր ատեստավորված ուսուցիչների գնահատում արվում է, եւ ինչ փոփոխություն է բերում ատեստավորումը ուսուցման պլանում կամ գործընթացում: Ըստ Ժ. Անդրեասյանի՝ ուսուցիչների դասավանդման պլանները չպետք է փոխվեն կամավոր ատեստավորումից հետո, որովհետեւ հաստատված առարկայական ծրագիր եւ չափորոշիչ կա, հետեւաբար, առարկայի դասավանդումն իրականացվում է դրանց շրջանակներում, ինչից հետեւում է, որ կապ չունի ուսուցչի ատեստավորված լինելը:

Սակայն, ըստ նախարարի, կամավոր ատեստավորումը որակի փոփոխություն պետք է բերի, որի ստուգումը բազմաշերտ գործընթաց է: Նա նշում է, որ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը անուղղակի վերլուծություն է կատարել այս թեմայով՝ հիմնվելով հասանելի տվյալների վրա: Վերլուծությունն առաջիկայում պատրաստվում են քննարկել, որից հետո այն հասանելի կդառնա նաեւ հանրությանը:

Փորձաքննվո՞ւմ են կամավոր ատեստավորման թեստերը

«Հետքը» Ժաննա Անդրեասյանից նաեւ հետաքրքրվել է, թե արդյոք փորձաքննվում են կամավոր ատեստավորման թեստերը, եւ որքան որակյալ են դրանք:

Նախարարն ասում է, որ մեզանում ուսուցիչների համար առաջադրանք գրելու փորձառություն եւ համապատասխան ռեսուրս, ըստ էության, նոր է ձեւավորվում, քանի որ գործընթացը նախադեպ չի ունեցել: Անդրեասյանի փոխանցմամբ՝ ուսուցիչների պարագան պետք է տարբերվի սովորողների համար թեստ կազմելուց: Այդ իմաստով, ըստ նրա, ատեստավորման գործընթացի յուրաքանչյուր տարին ԿԳՄՍ նախարարության համար եւս եղել է փորձարկման հնարավորություն, որպեսզի տեսնեն, թե ուսուցիչներին ներկայացված առաջադրանքներն ինչպես են աշխատում: Այս տարի դրանց ձեւաչափը փոխել են՝ թղթայինից անցնել են էլեկտրոնային տարբերակի, իսկ 2025-ին ծրագրում են ունենալ առաջադրանքների շտեմարան: Այն, ըստ նախարարի, հնարավորություն է տալու կարգավորել մի շարք հարցեր, ինչպիսիք են, օրինակ, թեստերի բարդության համաչափությունը, որոշ առաջադրանքների ձեւակերպումները, առարկայից առարկա ի հայտ եկող խնդիրները եւ այլն:

«Ինչ վերաբերում է նրան, թե ովքեր են անում այդ աշխատանքը, դրանք նախ տվյալ առարկայի մասնագետներն են, եւ, իհարկե, թեստաբաններն են նայում: Պետք է ասեմ, որ թեստաբանության տեսանկյունից մենք բավականին սահմանափակ ռեսուրս ունենք, եւ այն մասնագետները, որոնք կարող են որակյալ թեստ կազմել, մեզանում քիչ են: Մենք հիմա աշխատում ենք, որ այդ մարդկանց թիվը մեծացնենք: Դա մի օրում չի լինի, այդ մարդիկ պետք է ճանապարհ անցնեն, սովորեն, որպեսզի կարողանան որակյալ թեստաբան դառնան, բայց, բնականաբար, ամեն տարի կամավոր ատեստավորման գործընթացից հետո մենք մանրամասն վերլուծում ենք: Այս տարի, օրինակ, աշխարհագրությունը, ֆիզկուլտուրան շատ պրոբլեմատիկ են, եւ պատրաստվում ենք ավելի մանրամասն դիտարկել բովանդակային խնդիրները»,- ասում է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի ու լրագրողների հանդիպումը կայացել է վերջիններիս համար ԿԳՄՍՆ-ի ու ՅՈւՆԻՍԵՖ-ի կազմակերպած վերապատրաստման դասընթացի ժամանակ, որի ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter