Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար է դարձել Մուհամմեդ ալ-Բաշիրը
Մուհամմեդ ալ-Բաշիրը հայտարարել է, որ նշանակվել է Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար։ Այդ մասին հայտնում է Al Arabiya հեռուստաընկերությունը։ Նա այդ պաշտոնը կզբաղեցնի մինչև 2025 թվականի մարտի 1-ը։
Ալ-Բաշիրը 2024 թվականի հունվարից ղեկավարում էր «Սիրիայի փրկության կառավարությունը», որը ձևավորվել էր Իդլիբում՝ իսլամիստական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» կոալիցիայի կողմից։ Նրան համարում են խմբավորման առաջնորդ Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանիի (իսկական անունը՝ Ահմեդ ալ-Շարաա) մերձավոր դաշնակիցը։
Al Jazeera հեռուստաալիքը դեռ դեկտեմբերի 9-ին հայտնել էր, որ Մուհամմեդ ալ-Բաշիրը կձևավորի Սիրիայի ժամանակավոր կառավարությունը։ Այդ հայտարարությունից հետո, Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի իշխանության օրոք երկրի վարչապետ Մուհամմեդ Գազի ալ-Ջալալին նշել էր, որ պատրաստ է իշխանությունը փոխանցել Իդլիբում հիմնված «Սիրիայի փրկության կառավարությանը»։
Հիշեցնենք, որ Սիրիայում դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ քաղաքական մեծ փոփոխություն։ 24 տարի իշխանության ղեկին գտնվող Բաշար Ասադի վարչակարգը փլուզվեց։ Սիրիական զինված խմբավորումների արագ առաջխաղացման հետևանքով Դամասկոսը և երկրի մյուս խոշոր քաղաքները անցան ապստամբների վերահսկողության տակ։ Ասադն ընտանիքի հետ լքել է Սիրիան՝ տեղափոխվելով Ռուսաստան, որտեղ նախագահ Վլադիմիր Պուտինը նրանց ապաստան է տրամադրել։
Լուսանկարը՝ Սիրիայի փրկության կառավարության տելեգրամյան ալիքից
Մեկնաբանել