Նոբելյան մրցանակակիրները կոչ են անում ԱՄՆ Սենատին առողջապահության նախարարի պաշտոնում չհաստատել Ռոբերտ Քենեդի կրտսերի թեկնածությունը
Քիմիայի, տնտեսագիտության, բժշկության և ֆիզիկայի ոլորտներում նոբելյան մրցանակակիր 77 գիտնականներ դիմել են ԱՄՆ Սենատին՝ կոչ անելով մերժել առողջապահության նախարարի պաշտոնում Ռոբերտ Քենեդի կրտսերի թեկնածությունը: Նրանց բաց նամակը հրապարակել է The New York Times-ը։
Գիտնականները նշում են, որ Քենեդի կրտսերը, որին այդ պաշտոնում առաջադրել է ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, չունի համապատասխան փորձառություն կամ որակավորում բժշկության, գիտության կամ կառավարման ոլորտներում։
Նամակում ընդգծվում է, որ Քենեդին հայտնի է որպես պատվաստումների ակտիվ հակառակորդ, բացասաբար է արտահայտվել խմելու ջրի ֆտորացման մեթոդների մասին և ՁԻԱՀ-ի և այլ հիվանդությունների բուժման հետ կապված տարածում է դավադրության տեսություններ։
Նամակի հեղինակները պնդում են, որ Քենեդիի նշանակումը սպառնալիք է ԱՄՆ առողջապահական համակարգի համար և կարող է խարխլել երկրի դիրքերը գիտական հետազոտությունների ոլորտում, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր մակարդակներում։
Ռոբերտ Քենեդի կրտսերը՝ ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի զարմիկը, 2023 թվականի հոկտեմբերին հայտարարել էր, որ մասնակցելու է ԱՄՆ նախագահական ընտրություններին որպես անկախ թեկնածու։ Սակայն 2024 թվականի օգոստոսին նա դադարեցրեց իր նախընտրական քարոզարշավը և իր աջակցությունը հայտնեց Դոնալդ Թրամփին։
Թրամփն իր հաղթանակից հետո Քենեդիին առաջադրեց առողջապահության նախարարի պաշտոնում՝ հայտարարելով, որ նա կարող է «ավարտել քրոնիկ հիվանդությունների համաճարակը և Ամերիկան դարձնել նորից մեծ ու առողջ»: Սակայն նրա թեկնածությունը դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից, որտեղ արդեն իսկ նկատվում է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների դիմադրությունը։
Լուսանկարը՝ Chip Somodevilla/Getty Images
Մեկնաբանել