HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Հակոբ Ասլանյանը մեկ ամսով դադարեցնում է համագործակցությունը ՔՊ-ի հետ

Հովիկ Աղազարյանի հետ կապված սկանդալի ֆոնին այսօր հայտնի դարձավ, որ Հակոբ Ասլանյանը դադարեցնում է համագործակցությունը «Քաղաքացիական պայմանագրի» հետ։ «Factor TV»-ին տված հարցազրույցում Ասլանյանը հայտնել է, որ մեկ ամսով դադարեցնում է համագործակցությունը ՔՊ-ի հետ, գուցե դուրս գա խմբակցությունից, սակայն մանդատը վայր չի դնի։

Պատգամավորը հայտնեց, որ մանրամասն ծանոթացել է Հովիկ Աղազարյանի նամակագրություններին։ «Սիրելի հայրենակիցներ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այնտեղ չգտա որեւէ բան, որի համար ես կամաչեի իմ ընկերոջ փոխարեն»,- ասել է Ասլանյանը:

Հակոբ Ասլանյանը նաև հայտնեց, որ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ին, հանդիպում է տեղի ունեցել իր, բարձրաստիճան մի պաշտոնյայի, իրավապահ համակարգի ներկայացուցչի, Հովիկ Աղազարյանի և նրա երեք որդիների միջև։ Հանդիպման ընթացքում Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ իր որդիներին հնարավորություն տան ծանոթանալ այն նյութերին, որոնք ներկայացվել են ՔՊ խմբակցությանը: Եվ եթե ինքը չկարողանա բավարար բացատրություն տալ, ապա վայր կդնի պատգամավորի մանդատը:

«Աղազարյանի որդիներից մեկն ասաց, որ իրենց, ըստ էության, ծանոթ են հեռախոսի պարունակությունը եւ որեւէ հիմք չունեն դիմել իրենց հորը՝ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու խնդրանքով»,- հայտնել է Ասլանյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ մերժում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքը և վայր չի դնի պատգամավորական մանդատը։ Աղազարյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը սկսեցին պտտվել նոյեմբերի 18-ից, երբ հայտնի դարձավ, որ Կառավարության մի շարք անդամներ ազատման դիմումներ են գրել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ Կառավարության մի շարք անդամների խնդրել է աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել։ Ավելի ուշ՝ նոյեմբերի 22-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը ասաց, որ Հովիկ Աղազարյանին նույնպես խնդրել է հեռանալ և վայր դնել մանդատը։

Աղազարյանը, սակայն, մերժեց վարչապետ Փաշինյանի խնդրանքը։ Դրանից հետո դեկտեմբերի 3-ին ՔՊ վարչության որոշմամբ հեռացվեց կուսակցությունից։ Որպես հեռացման պատճառ ՔՊ-ականները նշում էին կուսակցության նիստերից պետական գաղտնիք պարունակող տվյալների արտահոսք կազմակերպելը։

Արգիշտի Քյարամյանի հետ կապված միջադեպի գործով նոյեմբերի 21-ին Աղազարյանին հրավիրել էին Հակակոռուպցիոն կոմիտե և առգրավել հեռախոսը։ Ավել ուշ Աղազարյանի հեռախոսի պարունակությունը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի սեղանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter