
Փարաքարում համայնքի ղեկավարի թեկնածու չառաջադրեցին․ նախկին պայմանավորվածություններն այլևս չեն գործում
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանին արտահերթ նիստում համայնքի ղեկավար պետք է ընտրեր։ Ավագանին հաստատեց արտահերթ նիստի օրակարգը, սակայն ավագանու կազմում ընդգրկված երեք խմբակցություններից ոչ մեկը համայնքի ղեկավարի թեկնածու չառաջադրեց։
Հիշեցնենք, որ Փարաքար համայնքի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը նոյեմբերի 18-ին հրաժարական էր ներկայացրել, և ավագանին որոշում էր ընդունել դեկտեմբերի 11-ին արհերթ նիստ հրավիրել՝ համայնքի ղեկավար ընտրելու համար։ Համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու որոշմանը դեմ էր քվեարկել «Ապրելու երկիր» խմբակցությունը։
Փարաքար համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորումն, ըստ էության, խնդրահարույց էր ընտրությունների օրից սկսած։ 2021թ․ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմնի ընտրության ժամանակ Փարաքարում մանդատ էր ստացել երեք կուսակցություն և մեկ դաշինք՝ «Ապրելու երկիր»՝ 10 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 6 մանդատ և «Դավիթ Մինասյան» դաշինքը («Արդարություն» և «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը)։
Այս դաշինքն իր հերթին միատարր չէր և ստացած 5 մանդատից 3-ը տրվել էր «Քաղաքացու որոշում» կուսակցությանը։ Մեկը՝ դաշինքը գլխավորած անկուսակցական Դավիթ Մինասյանին և նախկինում «Հայաստանի հանրապետական կուսակցության» անդամ, «Հայաստանի համայնքների միություն» հ/կ նախագահ Էմին Երիցյանին (նա Դաշինքում ընդգրկվել էր որպես անկուսակցական)։
Իշխող կուսակցությանը համակիր այս դաշինքը միավորվեց ՔՊ կուսակցության հետ և ստանձնեց համայնքի կառավարումը։ Միասին հուշագիր ստորագրեցին, որ համայնքի ղեկավար են ընտրում դաշինքի առաջնորդ Դավիթ Մինասյանին, որը 2,5 տարի հետո համայնքի կառավարումը պետք է փոխանցի ՔՊ-ի թեկնածուին։ 2024թ․ մայիսի 31-ին հրավիրված ավագանու արտահերթ նիստում Դավիթ Մինասյանը կառավարումը փոխանցեց ՔՊ-ի ավագանու ընտրացուցակն առաջնորդած Լյուդվիգ Գյուլնազարյանին։
Վերջինս պաշտոնավարեց մոտ վեց ամիս և հայտնվելով քրեական մի սկանդալում` հարկադրված եղավ նոյեմբերի 18-ին հրաժարական ներկայացնել։
2021թ․ դեկտեմբերի 5–ին Փարաքարում ավագանու ընտրություններին մասնակցած երեք քաղաքական ուժերից ամենաշատ ձայներ ստացած «Ապրելու երկիր» կուսակցությանն այդպես էլ չհաջողվեց իշխանությունն ստանձնել։ Խմբակցությունը ընտրություններից հետո մեկ տարի շարունակ դատական ճանապարհով ձգտում էր հասնել նրան, որ Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեն, և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակվեն։ 2022թ․–ի ընթացքում «Ապրելու երկիր» խմբակցությունն ընդդեմ Կառավարության չորս հայց է ներկայացրել վարչական դատարան և հաջողության չի հասել։ Դատարանը մերժեց բոլոր հայցերը, իսկ խմբակցությունը չէր մասնակցում ավագանու նիստերին։
Նոյեմբերի 29-ին «Ապրելու երկիր» խմբակցությունը դեմ քվեարկեց համայնքի ղեկավար ընտրելու որոշմանը, իսկ այսօր համայնքի ղեկավարի թեկնածու չառաջադրեց։ Այսօրվա նիստում համայնքի ղեկավարի թեկնածու չառաջադրելը փաստում է, որ նախկինում միավորված երկու խմբակցությունների դաշինքը նույնպես չի գործում։ Նրանք չեն կարողացել համաձայնության գալ և բավարար ձայներ ապահովել համայնքի նոր ղեկավար ընտրելու համար։ Մասնավորապես, Էմին Երիցյանն այլևս չի անդամակցում «Դավիթ Մինասյան» դաշինքին, փոփոխություններ են տեղի ունեցել նաև մյուս երկու կուսակցությունների ավագանու անդամների կազմում։
Մեկնաբանել