HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Փարաքարում ավագանու նիստերը չեն կայանում քվորումի բացակայության պատճառով

Իսկ նախարար Գնել Սանոսյանը հավատացած է, որ տեղական ինքնակառավարումը կայացել է

Փարաքար համայնքում 2023թ․–ի ընթացքում 16 անգամ ավագանու նիստ է հրավիրվել, որի կեսը չի կայացել` քվորում չլինելու պատճառով։ Համայնքապետարանի աշխատակազմը պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակել, որ կայացած յոթ նիստից երկուսը համացանցով չի հեռարձակվել՝ տեխնիկական խնդիրների պատճառով: Նոյեմբերի 24–ին նշանակված նիստը նույնպես չհեռարձակվեց։

Գուցե ազնիվ չէ աշխատակազմի՝ նիստերը տեխնիկական պատճառներով չհեռարձակելու բացատրությանը թերահավատորեն վերաբերվելը։ Սակայն, քանի որ Փարաքարում ավագանին ողջ տարին քվորում ապահովելու խնդիր է ունեցել, ավելի հակված ենք մտածելու, որ չհեռարձակելու պատճառը քվորումի բացակայությունը թաքցնելն է։ Տեխնիկական խնդիր առաջանալու դեպքերում, օրինակ, դատավորը հետաձգում է նիստը, քանի որ դատական նիստը ձայնագրառելն օրենքի պարտադիր պահանջ է։ 

Տեղական ինքնակառավարման մասին (ՏԻՄ) օրենքի 62 հոդվածի համաձայն՝ ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ:

Փարաքարում այս տարվա փետրվար և մարտ ամիսներին նշանակված նիստերը կայացել են։ Այնուհետև՝ մարտից մինչև հունիս, ամիսը 4 նիստ է հրավիրվել, որից մեկը՝ հերթական, երեքը՝ արտահերթ, բայց դրանք չեն կայացել քվորում չլինելու պատճառով։ Այսինքն՝ 2023թ․ մարտի 2–ից մինչև հունիսի 6–ը՝ երեք ամիս, ավագանու նիստեր տեղի չեն ունեցել։ Հունիսի 6–ին նշանակված նիստը, ըստ աշխատակազմի, տեղի է ունեցել, բայց չի հեռաձարկվել։ 

Սեպտեմբերին սկսվել է նոր նստաշրջանը, և սեպտեմբերի 12-ին նշանակված առաջին նիստը դարձյալ չի կայացել քվորում չապահովելու պատճառով։ Համայնքապետարանի աշխատակազմը հայտարարել է, որ սեպտեմբերի 29–ին հրավիրված արտահերթ նիստը կայացել է, բայց չի հեռաձարկվել տեխնիկական խնդիրների պատճառով։ Դրանից հետո ևս երեք արտահերթ նիստ է հրավիրվել՝ հոկտեմբերի  6-ին, հոկտեմբերի  12-ին, հոկտեմբերի  18-ին, որոնք նույնպես քվորում չլինելու պատճառով չեն կայացել։ 

2023թ․ 11 ամիսներին նշանակվել է ընդամենը 6 հերթական նիստ, և հրավիրվել է 10 արտահերթ նիստ։ Սակայն, համայնքի ղեկավարին այդպես էլ չի հաջողվել մինչև տարվերջ ավագանու որոշումով հաստատել համայնքապետարանի կանոնավոր գործունեությունն ապահովող հիմնական փաստաթղթերը։ Համայնքային բյուջեի կիսամյակային հաշվետվությունն ավագանին չի հաստատել, ավելի ուշ միանգամից 9 ամիսներինն է ներկայացվել ավագանուն։

Նոյեմբերի 15-ի ավագանու նիստի օրակարգում ընդգրկել են այնպիսի հարցեր, որոնք տարեսկզբին պետք է ընդունած լինեին։ Oրինակ` համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները, հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոններ սահմանելը և այլն։ Այս տարվա հունիս ամսին է ավագանին հաստատել «Հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը», «Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը» և այլ փաստաթղթեր, որոնք երկու տարի առաջ` իր լիազորությունները ստանձնելուց անմիջապես հետո, առաջին նիստերում ավագանին պետք է հաստատեր։

Փարաքար համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը կատարելապես ձախողվել է հենց առաջին օրից, երբ 2021թ․ դեկտեմբերի 5–ի ավագանու ընտրություններին մասնակցած երեք քաղաքական ուժերից ամենաշատ ձայներ ստացած «Ապրելու երկիր» կուսակցությանը չհաջողվեց իշխանություն ձևավորել։ «Ապրելու երկիր»–ը ավագանու կազմում 10 մանդատ է ստացել, բայց արտառոցն այն է, որ համայնքի ղեկավար ընտրվեց ամենաքիչ ձայներ ստացած Դավիթ Մինասյանը, որի գլխավորած «Դավիթ Մինասյան» դաշինքը ավագանու կազմում 5 մանդատ ունի։ Նրանց հաջողվեց միավորվել 6 մանդատ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ և մեկ ձայնի առավելությամբ ստանձնել համայնքի ղեկավարումը։ 

Ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը մեկ տարի շարունակ դատական ճանապարհով ձգտում էր հասնել նրան, որ Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեն և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակվեն։ 2022թ․–ի ընթացքում «Ապրելու երկիր» խմբակցությունն ընդդեմ Կառավարության չորս հայց է ներկայացրել վարչական դատարան, բայց հաջողության  չի հասել։ Դատարանը մերժեց բոլոր հայցերը, իսկ խմբակցությունը շարունակում է բոյկոտել ավագանու նիստերը։

Փարաքարում ավագանին 21 հոգանոց կազմ ունի։ Միավորված երկու քաղաքական ուժերը ավագանու նիստերին քվորում ապահովելու համար մշտապես 11 հոգով պետք է ներկա գտնվեն, ինչն այս տարի նրանց չի հաջողվում։ Մեկ տարի առաջ ավագանին որոշում է ընդունել ավագանու մշտական գործող երեք հանձնաժողով ստեղծելու մասին, բայց հանձնաժողովներն այդպես էլ չեն ձևավորվել։

Ահա այս իրողության պատկերին, որը միայն Փարաքարում չէ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը  նոյեմբերի 10–ին տեղի ունեցած ՏԻՄ 27–ամյակի հանդիսավոր նիստի ժամանակ հայտարարում է․ «Հետադարձ հայացք նետելով տեղական ինքնակառավարման 27-ամյա ընթացքին՝ կարելի է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգը ձևավորվել և կայացել է»։

Այս նախադասությունը ես տարբեր պաշտոնյաներից լսում եմ առնվազն 15 տարի։ Նախկինում համաձայնում էի «ձևավորվել» մտքի հետ և անհամաձայնություն ունեի «կայանալու» մասով։ Հիմա միանշանակ կարող եմ պնդել, որ համակարգը ո՛չ ձևավորվել է, ո՛չ էլ կայացել։

«Վարչատարածքային բարեփոխումներին զուգահեռ մենք իրականացրել ենք ևս մի շատ կարևոր, համակարգային նշանակություն ունեցող քայլ՝ ներդրել ենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համամասնական ընտրակարգ․․․ Վերոնշյալ անցման արդյունքում համայնքները կունենան քաղաքականապես ակտիվ ավագանի, վերջինս կկրի քաղաքական պատասխանատվություն, ինչը կարևոր նախադրյալ է տեղական մակարդակում ժողովրդավարության շարունակական խորացման համար»,– ասաց ՏԿԵ նախարարը: 

Վարչատարածքային բարեփոխումների՝ այսինքն համայնքները նախկին շրջաններով միավորելու վերաբերյալ վերջերս եվրոպացի փորձագետներից մեկը ներկայացրեց իր հետազոտության արդյունքները։ Վրաստանին նմանակելով՝ Հայաստանում միանգամից մեծ թվով բնակավայրեր միավորելու մասին իր բացասական վերաբերմունքը նա շատ մեղմ արտահայտեց՝ «հազիվ թե դրանք բովանդակությամբ լցված լինեն»։ 

Ինչ վերաբերում է ավագանու քաղաքականապես ակտիվ լինելուն և պատասխանատվություն ստանձնելուն՝ բազմաթիվ համայնքների օրինակով մեր հրապարակումներում ցույց ենք տվել, որ ընտրվելուց մեկ տարի անց քվորում ապահովելը լրջագույն խնդիր է դարձել նրանց համար։ Փարաքարը դրանցից միայն մեկն է։

Համամասնական ընտրակարգը կառավարման նոր մոդել է, որը բազմաթիվ պահանջներ է ներկայացնում տեղական ինքնակառավարման մարմինները կազմավորելու համար։ Իսկ նախարարը ոչինչ չի արել անգամ կառուցակարգերը ստեղծելու առումով։ Հակառակ դեպքում քննարկելու անսպառ նյութ կունենային, և տեղական ինքնակառավարման 27–ամյակի միջոցառումը չէր ավարտվի մեկ ժամանոց հանդիսավոր նիստով։ 

Համամասնական ընտրակարգը պահանջում է՝ ավագանու ընտրացուցակներում կանանց ընդգրկվածություն, միավորված բնակավայրերի կեսից ավելին պետք է ներկայացված լինեն ավագանու կազմում, ավագանու մշտական հանձնաժողովների գործունեություն, խմբակցությունների գործունեություն, ավագանու նիստերի ուղիղ հեռարձակում և այլն։ Չենք խոսում աշխատակազմի ունակությունները զարգացնելու և բազում այլ թերացումների մասին։

Երբ դրանք դեռևս իրականություն չեն դարձել, չափազանց հավակնոտ է հնչում ձևավորված ու կայացած տեղական ինքնակառավարման համակարգի մասին հայտարարությունը։ Մնացյալը, ինչի մասին խոսում էր նախարարը, անցյալում իրականացված քաղաքականության արդյունք է, այն ժամանակների, երբ տեղական ինքնակառավարման օրը նշվում էր եռօրյա հավաք–քննարկումներով։

Գլխավոր լուսանկարում՝ Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանը/Փարաքար համայնքի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter