Հալեպահայ լրագրող. «Սիրիայի նոր կառավարությունը հետաքրքրված է ՀՀ-ի հետ կապերը պահելով»
Նախորդ ուրբաթ՝ դեկտեմբերի 6-ին, հալեպահայ լրագրող, բլոգեր, թարգմանիչ Հովիկ Շեհիրյանը մոտ 43 ժամում Հալեպից Դամակոս է հասել, ճանապարհի մի մասը՝ մեքենայով, մի մասը՝ ոտքով: «Հետքի» հետ զրույցում Հովիկը պատմում է, որ Հալեպից դուրս գալու պատճառը թրքախոս անձի կողմից հեռախոսով սպառնալիք ստանալն է եղել: Նա ընդգծում է՝ դա ո՛չ խմբային, ո՛չ համայնքային սպառնալիք էր:
«Սիրիական մեդիայում ընդդիմադիրները ներկայացվում էին որպես ահաբեկչական կողմ: Մեր զարմանքն այն էր, որ երբ նրանք Հալեպ մուտք գործեցին, չմոտեցան ազգային փոքրամասնություններին, մանավանդ՝ հայ համայնքին»,- ասում է Հովիկ Շեհիրյանը:
Նրա փոխանցմամբ՝ իրենք տեղեկություններ ունեին, որ դեռ 2011-2012 թթ. ընդդիմադիրների կողմից առեւանգված հայեր կան, սակայն հավելում է, որ նրանց ընտանիքները վերջերս իրեն հայտնել են, թե առեւանգված հայերը գտնվում են Սիրիայի բանտերում, որոնք դեռ անհասանելի են: Բանտերում, ըստ մեր զրուցակցի, մոտ 100 հազար մարդ կա, որոնց մի մասը լրագրողներ են, քաղաքական բանտարկյալներ: «Կան մարդիկ, որոնք անարդար են այդտեղ: Պատկերները ցավալի են, սարսափելի են՝ հակառակ այն քարոզչության, որ կար նախկին իշխանության ժամանակ»,- նշում է հալեպահայ բլոգերը:
«Հետքի» զրուցակիցն ասում է, որ երկրում անորոշ վիճակ է. «Սա նոր բան է սիրիացիների համար: Մարտահրավերները շատ են: Դամասկոսը հեռու է դաշնակից երկրներից, կենսական նյութերի, սարքերի Դամասկոս մուտք գործելը փոքր-ինչ դժվար է, քան Հալեպի դեպքում: Դամասկոսում գնաճը բավականին բարձր է, նյութերը քիչ են: Խանութներ կան բաց, բայց գնաճը մեծ է, մթերքն էլ՝ քիչ: Դամասկոսի շատ շրջաններում ջուրը գնում են»:
Օգնության՝ աշխատանքի ընդունելու նպատակով Հովիկ Շեհիրյանը դիմել էր Դամասկոսում գտնվող ՀՀ դեսպանատուն, սակայն այնտեղից նրան պատասխանել են, որ ներկայում զբաղված են Հալեպով: Հովիկն ասում է՝ Հալեպից բավականին թվով հայեր են դուրս եկել, եւ դեսպանատան կողմից նրանց աջակցելու նախաձեռնություն չի եղել:
Այս հոդվածը պատրաստելու ընթացքում տեղեկացանք, որ Հովիկը վերադառնում է Հալեպ. մեզ հետ զրույցի ժամանակ նա ճանապարհին էր: Ըստ հալեպահայ լրագրողի՝ պաշտոնական մեդիայում աշխատող լրագրողներին երաշխիք են տվել, որ կարող են վերադառնալ ու շարունակել աշխատանքը (Հովիկն աշխատում էր Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունում): Նրա պատմելով՝ ինքը հիմա ցանկանում է վերադառնալ Հալեպ, որոշ պատրաստություն տեսնել, ապա հետ գնալ Դամասկոս, քանի որ նաեւ միջազգային լրատվամիջոցում աշխատանքի առաջարկ է ստացել:
«Հետքի» զրուցակիցն ասում է, որ հիմա Սիրիայի տարբեր շրջաններում ճանապարհները բաց են, ու նոր իշխանությունները ցանկություն ունեն հանգիստ թողնել ազգային փոքրամասնություններին, ինչպես նաեւ նախկին իշխանության պաշտոնյաներին, որոնք որեւէ «պատերազմական կամ քրեական ծրագրի» չեն մասնակցել: Այդ շարքում են նաեւ լրագրողները:
Ըստ Հովիկ Շեհիրյանի՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը, Օմանը, Իտալիան վերսկսել են իրենց դիվանագիտական գործունեությունը Դամասկոսում:
«Հատուկ աղբյուրներից լուր ստացա, որ Սիրիայի նոր կառավարությունը հետաքրքրված է Հայաստանի Հանրապետության հետ կապերը պահելով, եւ այս առումով կապ են հաստատել մի քանի հայ մտավորականների հետ, որպեսզի նրանք կարողանան սատարել երկու երկրների իշխանությունների կապերի ամրապնդմանը»,- ասում է հալեպահայ լրագրողը:
Հալեպ քաղաքի շրջանները, մեր զրուցակցի ներկայացմամբ, ներկայում գրեթե ապահով են, ու հայ համայնքը շարունակում է իր բնականոն գործունեությունը, իսկ դեկտեմբերի 16-ին վերաբացվելու են դպրոցներն ու համալսարանը: Միեւնույն ժամանակ փակ են օդանավակայանները, եւ, ըստ մեր զրուցակցի, հավանական չէ, որ չվերթերը վերսկսվեն առաջիկա օրերին, չնայած մասնավոր թռիչքներ գուցե լինեն: Այս առումով Հ. Շեհիրյանը հավելում է, որ դեկտեմբերի 14-ին դեպի Երեւան նախատեսված թռիչքը չեղարկվել է:
«Հետքը» փորձել է կապ հաստատել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան են մնացել:
Իր հերթին ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտարարել է, որ ԱԳՆ-ն հետեւում է Սիրիայում զարգացումներին: Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը եւ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն աշխատանքն այս պահին շարունակում են Բեյրութից: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում եւ Բեյրութում ՀՀ դեսպանատանը գործում են թեժ գծեր, կարելի է նամակներ ուղարկել նաեւ վերջինիս էլեկտրոնային փոստին:
«Վերջին չորս օրվա ընթացքում դեսպանության թեժ գծին ստացված զանգերի ընթացքում տրվող հարցերը վերաբերում են անհրաժեշտ փաստաթղթերի, գլխավորապես՝ ՀՀ մուտքի վիզաների ձեւակերպմանն ու տրամադրմանը: Նշյալ բոլոր դեպքերում ՀՀ դեսպանության կողմից ցուցաբերվում է անհրաժեշտ աջակցություն, այդ թվում՝ Սիրիայից ժամանած հայերին վիզան անվճար տրամադրելու միջոցով: Հետագա զարգացումներով պայմանավորված նոր որոշումների վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ»,- հայտնել է Բադալյանը:
Լուսանկարը՝ Hussein Malla/AP
Մեկնաբանել