Ընտանեկան բռնության գործով ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ խոշտանգման արգելքի խախտման համար: Ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի գործով ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է վճարել 26 000 եվրո փոխհատուցում, որից 24 000 եվրոն՝ ոչ նյութական վնասի, իսկ 2000 եվրոն՝ դատական ծախսերի համար:
«Հետքը» դեռևս 2013թ. անդրադարձել էր այս պատմությանը: Հասմիկ Խաչատրյանը Գավառում հայտնի «բախտագուշակ» Վարսիկի հարսն էր: Վերջինիս որդին՝ Ս. Հակոբյանը, պարբերաբար բռնության է ենթարկել կնոջը՝ Հասմիկին: Երիտասարդ կնոջը պատճառվել էին մարմնական վնասվածքներ՝ ուղեղի ցնցում, քթի կոտրվածք, գլխի տրավմա, թմբկաթաղանթի պատռվածք և կոշտ, բութ առարկայի հետևանքով առաջացած ձախ ձեռքի և ազդրի հեմատոմա:
2013թ. հուլիսին Հ. Խաչատրյանի հաղորդման հիման վրա, երկու միջադեպերի առնչությամբ քրեական գործ է հարուցվել՝ Ս. Հակոբյանին մեղադրելով այն բանի համար, որ խոշտանգել է իրենից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի (նախկին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ): Այս հոդվածով նախատեսվում էր 3-7 տարվա ազատազրկում:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննութուն: Բացի թարմ վնասվածքներից, կնոջ գլխի, ձախ դաստակի և սրունքի վրա հայտնաբերվել էին բազմաթիվ սպիեր, որոնք առաջացել էին նախկինում նրա նկատմամբ բռնությունների հետևանքով:
Նախաքննության ընթացքում Հ. Խաչատրյանը նույնիսկ ընդհատել էր առերես հարցաքննությունն ամուսնու հետ, քանի որ ամբողջ ընթացքում վիրավորել և սպառնացել էր կնոջը։ Դրանից հետո նրանց դստեր դպրոցի մոտ ամուսինը դարձյալ հայհոյել ու վիրավորել էր Հասմիկին, սական իրավապահներն այդ դրվագով հրաժարվել էին քրեական գործ հարուցել:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասութան դատարանը Հասմիկի ամուսնու արարքը վերաորակել էր՝ արձանագրելով, որ չի եղել կախվածության իրավիճակ և նշանակել 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում (նախկին Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մաս): Սակայն, կիրառելով համաներման մասին որոշումը, Ս. Հակոբանն ազատվել էր պատժից:
Չէր բավարարվել նաև Հ. Խաչատրյանի քաղաքացիական հայցը՝ իր տառապանքների համար փոխհատուցման պահանջով: Դատական ակտը բողոքարկվել էր վերաքննիչ դատարան, սակայն մնացել էր անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունելը մերժել էր:
ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ դեպքի պահին Հայաստանի ներպետական օրենսդրությունը չի տարբերակել ընտանեկան համատեքստում տեղի ունեցող բռնությունը և ոչ ընտանեկան բռնություն հասկացությունը: Ընտանեկան բռնությունն առանձին հանցագործություն չի հանդիսացել, ոչ էլ հատուկ քրեականացվել է որպես հանցագործության ծանրացուցիչ տարր: Հետևաբար, որևէ տարբերակում չի դրվել ընտանեկան բռնության և անձի նկատմամբ բռնության այլ ձևերի միջև, և այն քննարկվել է անձի առողջությանը վնաս պատճառելու կամ հարակից այլ դրույթներով։ Իսկ քրեական դատավարությանը մասնակցող անձանց համար հասանելի ընդհանուր պաշտպանական միջոցները ակնհայտորեն ոչ համարժեք կամ համեմատելի են եղել ընտանեկան բռնության համատեքստում անհրաժեշտ պաշտպանական միջոցներին:
ՄԻԵԴ-ը նշել է, որ այն ժամանակ գործող օրենսդրական դաշտը չի համապատասխանել պետության ստանձնած պարտավորությանը` ստեղծելու և արդյունավետորեն կիրառելու ընտանեկան բռնության բոլոր ձևերը պատժող և զոհերի համար բավարար երաշխիքներ ապահովող համակարգ: Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ օրենսդրություն ընդունվել է միայն 2017թ.-ին:
ՄԻԵԴ-ն արձանագրել է նաև, որ նախաքննության և դատավարության ընթացքում մի շարք դեպքերում բռնության ենթարկված կինը իշխանություններին հայտնել է նախկին ամուսնու սպառնալիքների, բռնության այլ դրևորումների մասին և խնդրել է պաշտպանել նրանից: Նույնը պահանջել է նաև առաջին ատյանի դատարանում ցուցմունք տալիս: Դատավարության ընթացքում առնվազն երեք անգամ նա խնդրել է Ս. Հակոբյանին կալանքի տակ պահել՝ նկատի ունենալով քրեական վարույթի ընթացքում նրա ոչ պատշաճ վարքագիծը, ներառյալ այն, որ նա շարունակել է ծեծել, հետապնդել և սպառնալ իրեն։ Սակայն, պատշաճ քայլեր չեն ձեռնարկվել:
Եվրոպական դատարանը պնդել է նաև, որ քրեական դատավարության տարբեր փուլերում իշխանությունները մնացել են բացարձակապես պասիվ և չեն ձեռնարկել որևէ պաշտպանիչ միջոց դիմողի նկատմամբ բռնության հետագա դեպքերը կանխելու համար։ Ավելին, իշխանությունները չեն կատարել իրենց պարտավորությունը՝ միջոցներ ձեռնարկելու պաշտպանելու դիմումատուին քրեական դատավարության ընթացքում հետագա բռնություններից: Հետևանքը եղել է այն, որ կինը զրկվել է բռնությունից արդյունավետ պաշտպանվելու հնարավորությունից: Ավելին՝ ընթացակարգերը հնարավորություն են տվել խոշտանգում իրականացնողին պատիժը չկրել:
Մեկնաբանել