
Ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի գործունեություն իրականացնող 1056 կայք փակման եզրին է
Օտարերկրյա կազմակերպիչների 1056 կայք, որոնք կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի գործունեություն են ծավալում, Հայաստանում չունեն համապատասխան լիցենզիա։ Ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը դիտարկում և քննարկում է դրանց արգելափակման հարցը:
2024թ. հոկտեմբերի 10-ից ուժի մեջ են մտել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքների փոփոխությունները, որոնց համաձայն oտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կայքերը ենթակա են արգելափակման: Այդ գործառույթը վերապահված է ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներին։
Այդ նպատակով, վարչապետի որոշմամբ, 2024թ. օգոստոսին ստեղծել է լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի արգելափակման ենթակա կայքերը բացահայտող միջգերատեսչական հանձնաժողով: Վերջինիս նախագահը Ֆինանսների նախագահի տեղակալն է: Իսկ նշված կայքերի հասանելիության արգելափակման դեպքերը, կայքերի արգելափակման կարգը, ժամկետները և դրանք բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների տրման կարգը Կառավարության որոշմամբ ընդունվել է հոկտեմբերի 24-ին և 2 օր անց ուժի մեջ մտել:
Օրեր առաջ՝ նոյեմբերի 29-ին, միջգերատեսչական հանձնաժողովը նիստ է հրավիրել: Քննարկվել է նշված կազմակերպիչների կայքերի ցանկերի նախագծերը և որոշվել է, որ դրանք ենթակա են վերանայման: Դրանից հետո անհրաժեշտ է ներկայացնել քննարկման հանձնաժողովի հաջորդ հերթական նիստում, որտեղ էլ կորոշվի՝ արգելափակելու հարցը:
Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Արաիկ Եսայանը «Հետքին» հայտնել է, որ նշված կարգավորումների ընդունումը միջազգային պահանջ չէ, չնայած որ նման կարգավորումներ գործում են նաև այլ երկրներում: Ըստ պաշտոնյայի՝ անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շահումով, այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի գործունեությունը լիցենզավորման ենթակա է: Մինչդեռ օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանում լիցենզիա չունեցող կազմակերպությունները ՀՀ տարածքում գործունեությունն իրականացնում են չվճարելով պետական տուրքերի և հարկային պարտավորությունների գումարները՝ անարգել գովազդներ անելով:
«Տվյալ պարագայում գործ ունենք նաև հաճախորդների շահերի պաշտպանվածության բացակայության խնդրի հետ, քանի որ ի տարբերություն ՀՀ-ում լիցենզավորված կազմակերպիչների՝ չկան հստակ երաշխիքներ և վերահսկողական մեխանիզմներ, որ հաճախորդների իրավունքները չեն ոնտահարվի ՀՀ-ում չլիցենզավորված և համանման գործունեություն իրականացնող օտարերկրյա ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու դեպքում: Արդյունքում ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատորի) վրա կատարվող խաղադրույքները դուրս են գալիս պետական վերահսկողությունից և փաստացի վերածվում են ստվերային գործունեության»,- ասում է Արաիկ Եսայանը։
Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի դիտարկմամբ՝ օտարերկրյա չլիցենզավորված ընկերությունների կողմից ՀՀ-ում անարգել գործողություն իրականացնելուն հակազդելու նպատակով է սահմանվել, որ գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով խաղացողին որևէ շահումով խաղի կամ վիճակախաղի մասնակցելու հնարավորության ստեղծող կազմակերպությունների կայքերը ենթակա են արգելափակման:
Հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա ընդունված որոշումները և հաստատված ցանկերը հրապարակվում են Ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում և հրապարակային հայտարարությունների՝ www.azdarar.am կայքում:
Մեկնաբանել