
Ասադը պատմել է, թե ինչպես է փախել Սիրիայից
Սիրիայի նախագահի պաշտոնը թողած Բաշար Ասադը հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով Ռուսաստան իր փախուստի հանգամանքները: Նա հայտարարել է, թե ավելի վաղ չէր կարող անդրադառնալ այս հարցին, այդ թվում՝ «անվտանգության նկատառումներով կապի ամբողջական անջատման» պատճառով։
Նամակի ելքային տվյալներում նշվում է, որ այն գրվել է 2024 թվականի դեկտեմբերի 16-ին, Մոսկվայում։
Ասադի անունից հրապարակված հայտարարության մեջ, որը տարածել է նրա գրասենյակը, մասնավորապես նշվում է, որ Ասադի «Սիրիայից հեռանալն ի սկզբանե պլանավորված չէր և տեղի չի ունեցել մարտերի վերջին ժամերին, ինչպես պնդում էին ոմանք»: Նախկին նախագահի խոսքով՝ նա Դամասկոսում մնացել է «մինչև կիրակի՝ դեկտեմբերի 8-ի սկիզբը»:
«Երբ ահաբեկչական ուժերը ներթափանցեցին Դամասկոս, մեր ռուս դաշնակիցների հետ խորհրդակցությունից հետո ես տեղափոխվեցի Լաթաքիա՝ մարտական գործողությունները վերահսկելու համար»,- հայտարարել է Ասադը։
Նրա խոսքով՝ երբ ժամանել է ռուսական «Հմեյմիմ» ավիաբազա, «պարզ դարձավ, որ մեր զորքերն ամբողջությամբ հետ են քաշվել մարտական բոլոր կարգերից, և որ բանակի վերջին դիրքերն ընկել են»: Ընդ որում, Ասադը գրում է, որ ռուսական այդ ավիաբազան ենթարկվել է անօդաչուների հարձակման։ Նախկին նախագահը պնդում է, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հենց Մոսկվան է խնդրել «Հմեյմիմ» բազայի հրամանատարությանը դեկտեմբերի 8-ի երեկոյան կազմակերպել իր անհապաղ տարհանումը Սիրիայից:
«Այս իրադարձությունների ժամանակ ես երբեք չեմ մտածել հրաժարական տալու կամ ապաստան փնտրելու մասին, և ոչ մի անձ կամ կուսակցություն դա ինձ չի առաջարկել: Միակ ելքը եղել է ահաբեկչական հարձակման դեմ պայքարը շարունակելը»,- պնդում է Ասադը՝ ընդգծելով, որ առաջին իսկ օրվանից հրաժարվել է իր անձնական շահերից ու չի դադարեցրել պայքարը։
«Երբ պետությունն ընկնում է ահաբեկիչների ձեռքը, ցանկացած պաշտոն իմաստազրկվում է, ինչն անիմաստ է դարձնում նաև դրա գործունեությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ նախկինի պես զգում է իր պատկանելությունն ու խորը կապը Սիրիայի հետ ու հույս ունի, որ այդ երկիրը «կրկին ազատ ու անկախ կդառնա»:
Ավելի վաղ «Reuters» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Բաշար Ասադը ոչ ոքի, այդ թվում մերձավոր շրջապատին, նախապես չէր տեղեկացրել երկիրը լքելու պլանների մասին: Գործակալության տվյալներով՝ դեկտեմբերի 7-ին (ընդդիմադիր զինյալների՝ Դամասկոս մտնելուց մեկ օր առաջ) Ասադը պաշտպանության նախարարությունում հանդիպել էր ռազմական ղեկավարության հետ: Նա վստահեցրել էր, որ ռուսական ռազմական օգնությունը շուտով կժամանի։ Ընդ որում, ըստ Reuters-ի աղբյուրների, դեռ մի քանի օր առաջ Ասադին «պարզ հասկացրել էին», որ Ռուսաստանը ռազմական ոչ մի օգնություն չի ցուցաբերի:
Reuters-ի երեք աղբյուրների տվյալներով՝ ի սկզբանե Ասադը ցանկացել է թաքնվել Արաբական Միացյալ Էմիրություններում, սակայն այդ երկրի իշխանությունները վախեցել են միջազգային արձագանքից ու մերժել նրան: Այդուհանդերձ Մոսկվան, չնայած ռազմական միջամտության մերժմանը, «պատրաստ չէր մենակ թողնել Ասադին»։ Նրա երեխաներն ու կինը ավելի շուտ էին մեկնել Մոսկվա։
Լուսանկարը՝ SANA գործակալության
Մեկնաբանել