
ՌԴ ԱԳՆ հուսով է, որ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը
Ռուսական կողմը հուսով է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:
«Բոլորը հրավիրված են, և այսօր, այնուամենայնիվ, դեկտեմբերի 16-ն է, իսկ այն միջոցառումները, որոնց մասին դուք հարցրիք, մի փոքր ավելի ուշ կլինեն: Հուսով ենք, որ բոլոր նրանք, ում հրավիրել ենք, կգան Սանկտ Պետերբուրգ։ ... Այդ թվում՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը։ Մենք հույս ունենք, իսկ թե ինչ կստացվի այնտեղ՝ կտեսնենք»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։
Ավելի վաղ նման հույս էր հայտնել նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սանկտ Պետերբուրգում պարոն Փաշինյանին սպասում են։ Նախագահը նրան հրավիրել է և, իհարկե, ակնկալում է նրա ներկայությունը՝ մյուս գործընկերների հետ միասին»,- նշել էր Պեսկովը։
Նա հավելել էր, որ չնայած գագաթնաժողովը ոչ պաշտոնական բնույթ է կրում, այն կունենա բավականին բովանդակալից օրակարգ։
Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներին մասնակցում է 2018 թվականից։ Վերջին տարիներին ձևավորվել է ավանդույթ՝ այս գագաթնաժողովները դեկտեմբերի վերջին անցկացնել Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում։ Այս հանդիպումների ժամանակ, որպես կանոն, հաստատված օրակարգ չի լինում, և ԱՊՀ երկրների առաջնորդները ոչ պաշտոնական միջավայրում քննարկում են իրենց հետաքրքրող հարցերը։
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության
Մեկնաբանել